Մեր նախնիները չեն իմացել «հարմարավետություն» բառի նշանակությունը, սակայն դա հենց այն է եղել, ինչին նրանք ձգտել են: Պատմության ողջ ընթացքում մարդիկ փորձել են բարելավել իրենց կենցաղը և շարունակում են դա անել առ այսօր: Մեզ համար սովորական դարձած շատ իրեր մեր նախնիներին հասանելի չեն եղել, և այդ իրերի թվում է նաև զուգարանի թուղթը: Սակայն դրա բացակայությունն ամենևին էլ չի նշանակել, որ հնում մարդիկ չեն հետևել հիգիենայի պահպանման կանոններին. նրանք իրենց կանոններն են ունեցել:

Հազարամյակներ շարունակ մարդիկ, կախված կլիմայից, մշակույթից և սոցիալական դիրքից, որպես հիգիենիկ միջոցներ օգտագործել են տարատեսակ առարկաներ: Հույներն օգտագործել են ծովային քարախիճ, սկանդինավները՝ մորթի և այլն:

Կենտրոնական և Հարավային Ամերիկաների հնդկացիները կիրառել են եգիպտացորենի կեղևներ և տերևներ, եգիպտացիները՝ պապիրուս, իսկ ճապոնացիները՝ մետաղական բարակ փայտիկներ: Իսլամական և հինդուիստական մշակույթներում մարդիկ իրենց մաքրում էին ձախ «կեղտոտ» ձեռքով և ջրով:

Հին Հռոմ և Հունաստան

Առաջին հասարակական զուգարանները գործել են Հռոմեական կայսրությունում: Դրանք եղել են պատերով ծածկված նստատեղեր: Բնական կարիքները հոգալիս հռոմեացիները նստում էին իրար կողք, քննարկում վերջին նորությունները:

Զուգարանի թղթի փոխարեն օգտագործում էին հատուկ փայտիկներ, որոնց ծայրին սպունգ էր ամրացված: Դրանով մաքրվելուց հետո հռոմեացիները փայտիկը դնում էին աղաջրով կամ քացախով լվացված անոթի մեջ՝ լվանալու համար:

Զուգարանի գաղափարը հռոմեացիները վերցրել են հին հույներից: Հելլենների շրջանում զուգարանները համարվում էին շքեղություն, և հասարակ մարդկանց այնտեղ մուտք գործել չէր թույլատրվում: Կրետե կղզում հնէաբանները հայտնաբերել են նախատիպային կոյուղով զուգարան, որը 4 հազար տարվա պատմություն ունի: Այն կազմված էր փայտե նստատեղից և կավե տակառից: «Բնական կարիքների արդյունքները» հատուկ քարե խողովակով լցվում էին ծովի մեջ:

Հին Չինաստան

Պատմաբաններին հայտնի է, որ զուգարանի թուղթը 105 թ. հայտնագործել է չինացի կայսր Ցան Լունի ենթականերից մեկը: Հիգիենիկ նպատակներով այն զանգվածաբար սկսել են օգտագործել 589 թ.: Չինացի մտավորական Յան Չժիտույը 589 թ. հայրենակիցներին հորդորեց զուգարանում չօգտագործել իմաստունների գրած կամ նրանց անունները պարունակող թղթեր:

Հիգիենայի այս միջոցի մասին կրկին հիշեցին միայն 1391 թ.: Մին կայսերական ընտանիքի մատակարարման ծառայությունը հաշվարկել էր, որ կառավարիչների կարիքների համար տարեկան անհրաժեշտ են 70x90 չափերով 15 հազար արոմատիզացված թերթիկներ: Այն ժամանակներում թուղթը չափազանց թանկ արժեր, սակայն կայսրն ու իր ենթակաները 720 հազար թերթիկ պատվիրեցին:

Զուգարանի թղթի հայտնագործումը

Ժամանակակից զուգարանի թուղթը հայտնագործվել է զուգարանից երեք հարյուրամյակ անց: 1857 թ. ամերիկացի գործարար Ջոզեֆ Հայեթին սկսեց վաճառել «բուժիչ թուղթ»՝ ներծծված ալոեի հյութի մեջ: Այն նախատեսված էր թութքով տառապող մարդկանց համար: Մինչ այդ եվրոպացիներն ու ամերկացիները օգտագործում էին թերթեր, գովազդային թերթիկներ, մորթի, թղթե սրբիչներ և այլն:

Ջոզեֆ Հայեթիի բիզնես-գաղափարը ձախողվեց, սակայն բազմաթիվ տարիներ անց այն կրկին իրագործեցին Բրիտանիայում, որտեղ բացվեց «Սուրբ Անդրեյի թղթի գործարանը»: Հենց վերջինս էլ համարվում է հիգիենիկ զուգարանի թղթերի առաջին զանգվածային արտադրողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել