Բերնար Անրի Լևիի ու Ալեքսանդր Դուգինի դեբատներն էի նայում: Մեկը համարվում է լիբերալ դեմոկրատիայի փարոս, մյուսը` նացիոնալ սոցիալիզմի: Բուն դեբատը լիովին արտացոլում էր այդ երկու գաղափարների բովանդակային դիսկուրսը․ մի կողմից ամպագոռգոռ, մանիպուլյատիվ հայտարարություններ անող ու իր սանրվածքին օրը մի 40 րոպե տրամադրող տիպիկ քարոզիչ էր, մյուս կողմից՝ ուղղափառ տերտերի տեսքով ու ներքինով մի փիլիսոփա: Եվ ինչպես քաղաքական դաշտում, այդպես էլ դեբատի հարթակում այդ երկու ճամբարների երկխոսությունն անիմաստ էր, դիտողը ոչ մի օգուտ դրանից չի քաղի: Ամեն անգամ, երբ Դուգինը փորձում էր խոսել անթոլոգիայի ու անթրոպոլոգիայի մասին, Լևին իր տեսակին բնորոշ կերպով դիմացինին պիտակավորում էր` հակասեմիթ, ագրեսոր, տոտալիտարիստ և այլն: Լևիի բազմաթիվ անհիմն պնդումներից մեկը հենասյունային էր: Նա պնդում էր, որ արևմուտքը հիմնովին ժողովրդավար է, որ այնտեղ որոշում կայացնողը ժողովուրդն է, որ ժողովուրդն ունի ինֆորմացիա ստանալու բազմաթիվ բաց աղբյուրներ, և որ, օրինակ, Սիրիայում ոչ թե քաղաքացիական պատերազմ է, այլ պետության պատերազմն իր ժողովրդի դեմ:

Դուգինն էլ, քանի որ ամեն դեպքում շոու-բիզնեսից հեռու մարդ է, չկարողացավ մարդավարի պատասխանել էդ լիբերալիզմի փարոս համարվող քարոզչին: Իսկ պատասխանը շատ պարզ էր ու ակնհայտ, նույնիսկ Հայաստանի օրինակով: Հիմա տեղեկատվության տարածման հիմնական հարթակ է հանդիսանում Ֆեյսբուքը, մինչդեռ, օրինակ, մեր հարևան երկրի Հեղափոխության պահապանների կորպուսի անունը տալիս կամ դրա սպանված առաջնորդի նկարը պոստելիս օգտատերը կարող է արգելափակվել, ինչպես, օրինակ, վերջերս արգելափակվեց Նարեկ Մալյանը: Սա Ֆեյսբուքը պայմանավորում է նրանով, որ վերոհիշյալ կորպուսն ԱՄՆ կառավարության կողմից համարվում է ահաբեկչական կառույց, իսկ, օրինակ, Յուգոսլավիայից մինչև Լիբիա միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած կառույցները նրանք ահաբեկչական չեն համարում: Այսինքն՝ Լևին պնդում է, որ Ֆեյսբուքը, CNN-ը, BBC-ն անկախ լրատվամիջոցներ են, որոնք պետությունից անկախ խմբագրական քաղաքականություն են վարում: Սա է արևմուտքի հակափաստարկը: Փաստարկ, որը լավագույն դեպքում կարող է ծիծաղ առաջացնել: «Անկախ» և «անաչառ» լրատվականները տեղեկացնում են ազատատենչ հանրությանը, որը իր հերթին ընտրում է ղեկավարներին: Թե ինչու են, այնուամենայնիվ, այդ «երջանիկ» մարդիկ դադարում բազմանալ ու ազգովի սուզվում դեպրեսիայի և այլ հոգեկան հիվանդությունների մեջ, քարոզիչները դեռ չեն ուզում բացատրեն:

Կապիտալիզմը և դա պահպանելու համար ստեղծված դեմոկրատիան երբեք չեն եղել արդյունավետ, առավել ևս՝ ճիշտ կամ արդար: Ավելին՝ այն գոյատևել է հենց կեղծիքի ու դրա պրոպագանդայի շնորհիվ: Կորոնավիրուսը դեռ ահագին բան կփոխի աշխարհում, բայց էս մի փաստն արդեն ապացուցված է:

Հ.Գ. Երբ մեզ հերթական անգամ «ահաբեկչության» կասկածանքով բերման էին ենթարկում, տվյալ դեպքում՝ Գորիսի ոստիկանություն, ինձ հետ «միլպետի հետ փիլիսոփայական զրույց» ռուբրիկայի շրջանակներում Գորիսի ոստիկանապետի հետ մեկտեղ զրուցեց նաև Սյունիքի փոխոստիկանապետը: Հետաքրքիր մարդ էր, կիրթ և շնորհքով, շատ դրական տպավորություն թողեց: Նա ինձ մի հարց տվեց, ասաց՝ ինչո՞ւ եք բոլորդ հենց սևը ընտրել՝ ենթադրելով, որ դա դժվար Սուպեր Մամայի հայտնի բլթոցի արդյունք լինի: Իրեն ասացի, որ մերը սևը չէ, այլ սևն ու սպիտակը հավասարապես, և որ դա խորհրդանշում է այն, որ թեև բազմաթիվ հարցերում դիալեկտիկան հույժ կարևոր է, կան, այնուամենայնիվ, ակնհայտ ու անհերքելի ճշմարտություն հանդիսացող դոգմաներ, և որ այդ մասով աշխարհն իրոք սև և սպիտակ է: Ասացի, որ կա 4 բան, որ երբեք չի կարելի հանդուրժել՝ հիմարությունը, գռեհկությունը, վախկոտությունը և կեղծիքը:

Դուգինի դեբատը Լևիի հետ անիմաստ էր, չկա որևէ իմաստ բանակցելու, զրուցելու, երկխոսելու, անգամ հանդուրժելու բացահայտ սուտասանին, դրանց պետք է միայն ոչնչացնել՝ հուսալով, որ չես սխալվի, ու հասկանալով, որ սխալիդ համար կդատվես, բայց չվախենալով դրանից, որովհետև եթե դու դա չանես, դա կանի գառան մորթի հագած հակառակորդդ: Հետո իմացա, որ մարզի փոխոստիկանապետին մի քանի ամիս անց հեռացրել են աշխատանքից:

Հ.Հ.Գ. Եթե հանկարծ Դուգինին սկսեք հետևել, նկատի ունեցեք, որ նա վառ արտահայտված պրո-թուրքական և մասնավորապես պրո-ադրբեջանական գործիչ է, ինչը վկայում է նրա կարճատես աշխարհաքաղաքական, տնտեսական ու ռազմական հայացքների մասին, բայց մնացած առումներով հզոր տիպ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել