168.am-ը գրում է․

«Ընդհանուր առմամբ, իհարկե, մարդն է շրջակա միջավայրի ամենամեծ վնասատուն»,- 168.am-ի հետ զրույցում է ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի արդյունքում շրջակա միջավայրի բարելավմանը:

Այս օրերին համաշխարհային լրատվամիջոցներն ու համացանցը պարբերաբար տեղեկացնում են, որ Վենետիկում, կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի արդյունքում, մաքրվել է քաղաքի ջրանցքների ջուրը, և ջրերում երևում են ձկները, Իտալիայի մի քանի խոշոր քաղաքներում կրճատվել է ազոտի օքսիդի քանակը, երկրի տնտեսական պասիվությամբ պայմանավորված՝ զգալիորեն նվազել է օդի աղտոտվածության մակարդակը Չինաստանում:

Բնապահպանը հիշեցնում է տնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցվածության մասին. «Գիտենք, որ Չինաստանը տնտեսության զարգացածությամբ առաջին տեղերում է. զարգացման համար չեն խնայել ոչինչ, արել են ամեն ինչ՝ ուշադրություն չդարձնելով շրջապատի փոփոխությունների վրա: Այսօր ունենք փաստ, որ Չինաստանի օդը բարձր աղտոտվածություն ունի հենց այդ տնտեսական առաջընթացի պատճառով: Սա չի վերաբերում միայն Չինաստանին. այս խնդիրն ունեն շատ այլ երկրներ»:

Ս. Ադամյանը հավելում է, որ առանց շրջակա միջավայրի պաշտպանության՝ անհնար է ունենալ զարգացած տնտեսություն. «Հենց շրջակա միջավայրից էլ մարդը վերցնում է իր տնտեսական օգուտները: Այո, այս իրավիճակում, երբ շատ երկրներում մարդիկ ինքնամեկուսանում են, ժամանակավորապես փակվում են արտադրություններ, և դրա հետևանքով շրջակա միջավայրում ավելի բարենպաստ իրավիճակ ենք տեսնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել