Այս համաճարակը բացի բիոլոգիական, սանիտարական ու համաճարակաբանական այլ հիմքերից նաև գաղափարախոսական պատճառներ ունի։

Մի մոգական բառ կա, որը պայմանական «արևմտյան» արժեհամակարգում գլխավոր կուռքերից է - օպտիմալացում։

Հնչում է շատ սիրուն․ «եկեք, հանրային միջոցների ծախսերն օպտիմալացնենք» ու մասնավորապես պահենք այնքան հիվանդանոց և բժիշկ, որքան սովորաբար պահանջվում է։ Այդպես շատ օպտիմալ է․ հիվանդներն անհրաժեշտ որակով սպասարկվում են նվազագույն ծախսերով։

Խնդիրն այն է, որ այս համակարգն աշխատունակ է լինում, քանի դեռ ամեն ինչ ընթանում է սովորական հունով։ Բայց կյանքը միշտ չի, որ հիասքանչ է։ Ժամանակ առ ժամանակ պատահում են բնական աղետներ, պատերազմներ ու համաճարակներ, որոնց ժամանակ հիվանդների քանակը մի քանի անգամ սկսում է գերազանցել սովորական պայմաններում եղած քանակը։ Իսկ առողջապահական համակարգն օպտիմալացված է և պարզապես ի վիճակի չի լինում այդքան մարդկանց սպասարկել - չկան ոչ լրացուցիչ հիվանդանոցներ, ոչ ավել բժիշկներ ու սարքավորումներ։

Որոշ քանակով «ավել» բժիշկ, սարքավորում ու դաշտային հիվանդանոցներ սովորաբար ունենում են բանակն ու ԱԻՆ-ը - օպտիմիզատորները միշտ չի, որ հաջողացնում են իրենց գաղափարախոսությունը փաթաթել գլխավոր շտաբի պլանների վզին, բայց ամեն դեպքում դա էլ կաթիլ ծովում։

Սովորական պայմաններում օպտիմիզատորները սովորաբար պանիկյորների այսպիսի մտահոգություններին պատասխանում են, որ դե անհրաժեշտության դեպքում կդիմեն միջազգային հանրության օգնությանը։ Ու հենց այդտեղ թատերաբեմ է գալիս COVID-19-ը և պարզվում է, որ ավել բժիշկ առանձնապես ոչ ոք չունի - самим надо։

Ինչու եմ սա գրում, որովհետև այս օպտիմալացնելու գաղափարախոսությունը գերիշխող էր նաև մեզանում։ Դեռ նախորդ իշխանություններն էին սրանով տառապում, բայց նոր իշխանություններն Արսեն Թորոսյանի գլխավորությամբ մեջ ջանասիրությամբ կպան այդ գործին։ Փակվեցին հիվանդանոցներ, օրինակ՝ տուբերկուլյոզայինը։ Մյուսները փակման ու միավորման գործընթացում էին․ օրինակ Վանաձորի ինֆեկցիոնը միացնում էին հիվանդանոցին, թե բա - հավայ դատարկ կոյկեք են դրած։ Իսկ անհրաժեշտության դեպքում սանավիացիայի ուղղաթիռը կա ու կա։

Ինչ է սա նշանակում։ Առողջապահական համակարգը չպիտի լինի օպտիմալացված ընթացիկ խնդիրների համար։ Այն պիտի թերբեռնված աշխատի ու պիտի ունենա զգալի մոբիլիզացիոն ներուժ։ Այո, դա թանկ հաճույք է, բայց դա չանելու գինն ավելի թանկ է։

Ի դեպ, այդ օպտիմլացման մոլուցքը միայն առողջապահության համակարգում չի, որ կա։ Կրթության ոլորտում էլ կա, պետական կառավարման համակարգում էլ, ոստիկանությունում էլ։ Ասածն, իհարկե, չի նշանակում, թե փողերը պիտի ափրցփր ծախսել։ Ոչ, ուղղակի պիտի ճիշտ հաշվարկել և ըստ կարևորության՝ մոբիլիզացիոն պոտենցիալի տեղ թողնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել