Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բարձր մակարդակ, բայց վիրուսից մահացությունը մնում է ցածր, այդ իսկ պատճառով երկրում համաճարակի հետ կապված իրավիճակը համարվում է անոմալ: Այս մասին հաղորդում է Financial Times- ը:

Լրատվամիջոցը նշում է, որ COVID-19-ը «հարվածել է Գերմանիային ամբողջ ուժով», վարակի տարածումը արագանում է:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ հինգշաբթի, մարտի 19-ին, Գերմանիայում վարակվածների թիվը կազմել է 13,979 մարդ: Այսպիսով, Գերմանիան ընդգրկվել է վարակակիրների թվով առաջին հնգյակում (Չինաստանից, Իտալիայից, Իրանից և Իսպանիայից հետո):

Այնուամենայնիվ, երկրում վիրուսից մահացել է ընդամնենը 42 մարդ: Օրինակ՝ Ֆրանսիայում 9.058 մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 243-ը մահացել է, Իսպանիայում 803-ը մահացել է 17,395 վարակվածներից:

Մասնագետները անոմալիան վերագրում են այն փաստին, որ Գերմանիայում կորոնավիրուսի բռնկումը համեմատաբար վաղ փուլում է, իսկ վարակվածների տարիքը ավելի երիտասարդ է, քան այլ երկրներում: Բացի այդ, երկրում հսկայական քանակությամբ թեստեր են անցկացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել