Վրաստանում այսօր արտակարգ դրություն կհայտարարեն: Արտակարգ դրությունը կսահմանվի մինչեւ ապրիլի 21-ը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արդեն համապատասխան խնդրանքով դիմել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ակնկալվում է, որ նախագահը մոտակա ժամերին կհայտարարի երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին: Այսօր Վրաստանի խորհրդարանը արտակարգ նիստ կանցկացնի, որի ժամանակ էլ կհաստատվի փաստաթուղթը:

Մարտի 21-ի դրությամբ Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի: Մեկ պացիենտ է ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցից:

Մարտի 18-ից Վրաստանը 2 շաբաթով փակել էր երկրի սահմանները բոլոր օտարերկրացիների համար:

Այսօրվանից Վրաստանը դադարեցրել է բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը:

Կառավարության որոշմամբ կարանտինային գոտում պարտավոր են 2 շաբաթ անցկացնել երկիր ժամանած բոլոր անձինք:

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի կառավարությունը երկրի ներսում խիստ սահմանափակումներ է մտցրել: Մարտի սկզբից փակվել են կրթական բոլոր հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի, սպորտային եւ այլ զանգվածային միջոցառումներ: Պետական գերատեսչություններն աշխատում են հեռավար ռեժիմով: Եկեղեցիները ախտահանվում են, չեղարկվել են պատարագները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել