Tert.am-ը գրում է.

Արտակարգ դրությամբ պայմանավորված` մինչև վարակը գործող տնտեսական մեխանիզմների փոփոխություն նախատեսված չէ, և, ընդհանրապես, արտակարգ դրության ամբողջական փաթեթի մեջ, բացի այն, որ մամուլը սրանից հետո կվերահսկվի, ուրիշ բան նախատեսված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց՝ ասվել է, որ ստեղծվում է պարետատուն, պարետն էլ որոշումներ է կայացնում, ինչպես նպատակահարմար է գտնում, այնպես էլ կայացնում է:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե տնտեսվարողներին օգնություն կցուցաբերվի, նա ասաց, որ տնտեսվարողներին ապագա հարկերի հաշվին կարելի է օգնություն ցույց տալ, հիմա վարչապետ Փաշինյանը հայտարարում է՝ փաթեթներ ստեղծել, տնտեսվարողներին օգնելու մասին: «Ես վստահ չեմ, որ տնտեսվարողներին պետք է օգնել, ես հասկանում եմ՝ տարօրինակ  է սա ընդունել, բայց պետք է զգուշացնեմ վարչապետին. ոչ ոք չգիտի, թե ինչքան է խորանալու այս վարակը և վաղը, հնարավոր է, աշխատավարձ չկարողանա վճարել: Այսինքն՝ խնդիրն այսպիսին է՝ օգնել սպառողի՞ն, թե՞ օգնել արտադրողին: Ըստ իս՝ երկուսին էլ պետք է, բայց ավելի շատ պետք է սպառողին օգնել, որովհետև մարդիկ չաշխատելու հետևանքով վաղն աշխատավարձ չեն ստանալու, պետք է սպառողին օգնել, որ այն ապրանքները, որոնք արտադրողն արտադրում է, սպառողները շարունակեն սպառել: Քանի որ նման դիսկուրսիա հասարակությունում չկա, վարչապետը ձեռքերը լվացել է և դեղատներ է այցելում, փոխվարչապետը խնդիր ունի կողմնորոշվելու՝ ինչն է ճիշտ, ինչը ճիշտ չէ, ասեմ՝ այսօր կարելի է կիրառել Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Սինգապուրի փորձը»,- ասաց նա:

Բագրատյանը նշեց, որ այս երկրներում կարողացել են զսպել վարակի տարածումը և այդ երկրների փորձի ուսումնասիրությունից եզրակացրել է, որ աշխատել է կարանտինի մեխանիզմը՝ ուղեկցված արտակարգ միջոցառումներով: «Հայաստանում այդպիսի բան չկա, արտակարգ դրություն ենք հայտարարել, անունը կա, համանուն չկա, այսինքն՝ կարանտին չի կիրառվում: Այն, ինչ Էջմիածնում արեցին, դա կարանտին չէ՝ պետք էր այնպիսի կարանտին, ինչպիսին Ուհանում էր: Փաստ է, որ լիբերալ աշխարհը, լիբերալ Եվրոպան սա չի հասկանում և չի կարողանում պայքարել սրա դեմ, նույնիսկ ԱՄՆ-ն է խառնվել իրար: Ես գտնում եմ, որ չորս երկիր կա, որոնք դա կարողանում են անել և դրանց փորձը ցույց է տալիս, որ կարանտինի մեխանիզմն ավելի ուժեղ է, ավելի ազդեցիկ, քան ինչ-որ արտակարգ վիճակներ հայտարարելը»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել