Tert.am-ը գրում է.

Պետական գաղտնիքը բացահայտելու իրավունքը պատկանում է կառավարությանը և վարչապետին, և եթե որոշվել է, որ պետք է հրապարակվեն պետական պահուստների և պաշարների՝ առկա պարենամթերքի և վառելիքի քանակական տվյալները, ուրեմն ազգային անվտանգությանը որևէ սպառնալիք չկա, մղումը խուճապ չառաջացնելն է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը:

«Միշտ չէ, որ պետք է վստահել այլ երկրների պաշտոնական ցուցանիշներին: Ես կասկածում եմ 83 միլիոնանոց Թուրքիայում այդքան ցածր թվերին: Մենք չենք ուշացել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ավելին՝ որևէ երկրում նման ծավալի աշխատանք չի արվել: Այսօր մեր բժիշկներն օպերատիվ-հետախուզական աշխատանք են կատարում»,- ասել է իշխանական պատգամավորը:

Ըստ Գևորգյանի՝զանգվածային հավաքներն ու քարոզարշավը դադարեցնելու որոշում է կայացվել ճիշտ այն պահին, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված անձինք շփվել են որոշակի շրջանակների հետ. «Մենք չենք ասել, որ ճգնաժամը մեզ կշրջանցի, և գիտակցում ենք, թե ինչպես այն կազդի մեզ վրա: Աշխարհում որևէ այլ տեղ մեր քայլերի ուղղությամբ չեն գնացել: ԱՄՆ-ում որոշել են յուրաքանչյուրին հազարական դոլար տալ, դրանից ավելի վատ որոշում դժվար է պատկերացնել»:

Իմքայլական պատգամավորի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակը երկու բաղադրիչ ունեցող աննախադեպ ճգնաժամ է, երբ մի կողմից նվազում է տնտեսական ակտիվությունը մարդկանց սահմանափակ տեղաշարժի պատճառով, մյուս կողմից՝ նավթի գնանկում է, որից տուժում է ՌԴ-ն, հետևաբար՝ նաև մենք. «Մեր տնտեսության վրա կլինի զգալի ազդեցություն, բայց մեզ կհաջողվի դա հասցնել նվազագույնի, ավելին՝ ճգնաժամից հետո մենք դուրս կգանք տնտեսության որակապես այլ մակարդակի: Կլինեն հարկային մուտքերի թերակատարումներ: Սա համաշխարհային, խորը և կայծակնային ճգնաժամ է: Բայց որքան կայծակնային էր անկումը, հնարավոր է՝ նույն կերպ էլ վերականգնումը լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել