Tert.am-ը գրում է.

Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովի խոսքով՝ նավթային շուկայում առաջացած գնանկումն ունի երեք պատճառ՝ տարբեր երկրների կողմից նավթի արդյունահանման ավելացումը, աշխարհում կորոնավիրուսի տարածումը և Սաուդյան Արաբիայի վարած քաղաքականությունը: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սխալ են բոլոր վերլուծություններն առ այն, որ Ռուսաստանը նավթային պատերազմի մեջ է:

«Ոչ մի պատերազմ չկա: Ռուսաստանը ոչ մեկի հետ չի պատերազմում: Ռուսաստանը որոշեց պահել ՕՊԵԿ +-ի պայմանավորվածությունը, նավթի գինը չավելացնել, դրա հետ մեկտեղ չկրճատել արդյունահանումը, իսկ Սաուդյան Արաբիան որոշեց դրան կտրուկ արձագանքել՝ հայտարարելով, որ իջեցնում է գները և զբաղեցնում է այն շուկաները, որտեղ ինքը չկա: Սաուդյան Արաբիան խախտեց ՕՊԵԿ պայմանագիրը»,- ասաց նա՝ նկատելով, որ նավթային շուկայում գնանկումը տրամաբանական էր և բխում էր շուկայի օրենքներից։

Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակն ու շուկայի տրամաբանությունը հուշում է, որ իրավիճակը կշարունակվի նույն հունով ընթանալ՝ գազի գինը կընկնի: Դրան, ըստ նրա, պատճառ կդառնա նաև կորոնավիրուսի տարածումը, որը, կարծես թե, երկար է տևելու: Նա կանխատեսեց, որ նավթի գինը ավելի ուշ կլինի 40 դոլարի սահմաններում:

«Այս իրավիճակում, իհարկե, Ռուսաստանը տուժում է»,- նշեց նա՝ նկատելով, որ նավթից եկած եկամուտները մեծ տեղ են զբաղեցնում երկրի բյուջեում, բայց առավել շատ տուժում է Սաուդյան Արաբիան, քանի որ այնտեղի բյուջեում նավթից ստացած եկամուտները շատ ավելի շատ են:

Դիտարկմանը, թե ապրիլի 1-ին ավարտվում է ՕՊԵԿ+-ի պայմանագիրը, իր կարծիքով, Ռուսաստանը ինչ կանի, Սերգեյ Մարկովը պատասխանեց՝ կշարունակի նավթը վաճառել իր սահմանած գներով: Նա նկատեց, այս իրավիճակում էլ Ռուսաստանը շարունակելու է տուժել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել