168.am-ը գրում է․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևած և Ռուսաստանից Հայաստան տեղափոխված գործարար եղբայրները կանգնել են փաստի առջև. Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում 200.000 դոլարի ներդրում են արել, 210 գլուխ գերմանական ցեղատեսակի ոչխար գնել՝ ոչխարաբուծությունը զարգացնելու համար, բայց կենդանիներին կերակրելու հարցում կանգնել են լրջագույն խնդրի առաջ:

Պարզվում է՝ այս ցեղատեսակի ոչխարներին անհրաժեշտ սպիտակուցներով հարուստ կերն ապահովելու համար գործարարներին պետք է 150 հեկտար հողի վրա կորնգան ցանել, բայց արի ու տես՝ գյուղում ազատ հող չկա:

Ժամանակին Վարսերի գյուղապետ Հուսիկ Սեդրակյանը պահեստային հողատարածքները տվել է գյուղացիներին և հիմա դրանք ետ վերցնել չի կարողնում:

Մասնավոր ներդրողները որոշել են խնդրի մասին նամակով տեղյակ պահել վարչապետ Փաշինյանին, սակայն նամակը վերահասցեավորվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որտեղից՝ ետ՝ դեպի մարզպետարան, որտեղ, սակայն, այդ հարցը քննարկվել ու լուծում չի գտել: Սրան զուգահեռ՝ Վարսերում գյուղացիների միջև միջանձնային լարվածությունը հասնում է գագաթնակետին, գյուղացուց հողը վերցնելու ու ներդրողին տալու մասին խոսակցություններին ի պատասխան՝ հնչում են արդեն բռնության կոչեր:

Խնդրի վերաբերյալ 168.am-ը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ:

Վերջինս նշեց, որ ցանկացած ոք՝ լինի ներդրող թե ոչ, գյուղում հողակտոր կարող է ձեռք բերել՝ անցնելով նախապես սահմանված ընթացակարգը:

«Հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան ենք գործել, ժամանակին այդ գյուղի հողերը տրվել են վարձակալության, վարձակալական պայմանագրերը կնքված են եղել համայնքապետարանի հետ, հողի հարկերը համայնքապետարանին վճարվել են, սակայն որպեսզի լրացուցիչ գումարներ չվճարեն՝ պայմանագրերը նոտարական գրանցում չեն անցել: Հիմա, երբ հայտնվել է հողակտոր գնել կամ վարձակալել ցանկացող, մենք որոշել ենք հայտարարել մրցույթ, որի արդյունքում էլ մարդիկ կկարողանան ձեռք բերել հողակտորներ: Մեկ անգամ այդ հողակտորների մրցույթը չեղարկվել է, որովհետև հողերի չափագրումների հետ կապված խնդիրներ կային, որոնք արդեն վերացվել են: Մի քանի օրից կրկին կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում մարդիկ կկարողանան հողակտոր ձեռք բերել»,- ասաց Սանոսյանը:

Մարզպետը վստահեցնում է՝ հայտարարված մրցույթն անցնելու է մարզպետարանի վերահսկողության ներքո՝ օրենքի տառին համապատասխան:

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, Գեղարքունիքի մարզում խոշոր ներդրում անել ցանկացողներին չհաջողվի հողակտոր ձեռք բերել, որպես մարզպետ՝ ինչո՞վ է պատրաստ աջակցել ներդրողին, Սանոսյանը պատասխանեց.

«Պատրաստակամ եմ իրենց հետ դիտարկել մարզի այլ համայնքներում բնակիչների հետ համագործակցությամբ կամ մրցութային կարգով այլ հողակտրոներ ձեռք բերելու հարցը: Ցանկացած գործարարի, որը եկել է մեր մարզ և ուզում է ներդրում անել, ես պատրաստ եմ գլխիս դրած ման տալ, բայց երբ գյուղացիների միջև հողակտորների ձեռքբերման հարցով առաջանում են վեճեր, ինձ այլ բան չի մնում, քան հարցը լուծել միայն օրենքով և մրցույթով»: Մարզպետը խորհուրդ տվեց սպասել մրցույթի անցկացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել