Panorama.am-ը գրում է.

Նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի «Ես եմ․ Փյունիկ»  նախագծի հերոսուհիները քաղցկեղը վերապրած կանայք են։ Նա ստեղծում է հենց այդ կանանց դիմանկաները՝ այդպես ևս մեկ անգամ փորձելով ցույց տալ, որ քաղցկեղը դեռ դատավճիռ չէ, նաև՝ փորձել է իր այս շարքով կոտրել գեղեկցության մասին եղած կարծատիպերը։ Նախագիծն ամբողջությամբ կառուցված է փաստերի ու իրական պատմությունների վրա։

Panorama.am-ը զրուցել է նկարչուհու հետ։

Panorama.am-Մարիամ, կպատմեք, թե ի՞նչ նախագիծ է, ինչո՞ւ որոշեցիք նման նախագիծ սկսել։

Մ. Մուղդուսյան- Մեկ տարուց մի քիչ ավելի աշխատում եմ նախագծի վրա։ Անդրադարձել եմ, որովհետև անձնական է եղել մոտիվացիան. վահանաձև գեղձի քաղցկեղ եմ ունեցել 2018 թվականին։ Վիրահատության նախորդ օրը սկսեցի մտածել առհասարակ քաղցկեղից հետո մնացած սպիների մասին։ Իմ պարագայում վզին մի փոքր սպի էր մնալու։ Այդ ժամանակ սկսեցի մտածել այն կանանց մասին, որոնք կրծքի վիրահատության են ենթարկվում։

Կուրծքը կանացիության խորհրդանիշն է գեղանկարչության մեջ, բավականին բարդ է պատկերացրել կուրծք չունեցող կնոջը գեղանկարում։ Մեդիան այստեղ իր նշանակությունն ունի։ Այս նախագծի շրջանակում հասկացա, որ այս կանայք շարունակում են մնալ գեղեցիկ,  շարունակում են լինել կին։

Panorama.am-Ովքե՞ր են կտավների հերոսները։ Իրե՞նք են հենց ձեր բնորդները, եթե այո, արդյո՞ք հեշտ են համաձայնվում դառնալ բնորդներ։

Մ. Մուղդուսյան-Նախագծի ընթացքում գտնում, հանդիպում եմ կանանց հետ, ովքեր ունեն կամ ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ։ Կանայք կան, որոնց կուրծքը հեռացված չէ, կան կանայք, որոնց մեկ կամ երկու կուրծքն է հեռացված։ Նախ սկսում ենք երկու կանանցով զրույցը։  Գիտեք, մեր հայ կանայք շատ ամաչկոտ են։ Մի քիչ զգուշանալով եմ  ասում, որ ուզում եմ մերկ նկարել։ Բայց ծրագրի համար ոչ թե ֆոտոն, այլ հենց  գեղանկարչությունն եմ ընտրել, որովհետև սա թույլ է տալիս չնույնականացնել, եթե կերպարը կտրուկ դեմ է նույնականացվի, դիմանկարն իրեն շատ նման չլինի, փորձում եմ շատ-շատ նման չանել։
Եթե կտրուկ դեմ են լինում մերկ նստելուն, չենք նստում մերկ, բայց հիմնականում համաձայնվում են, որովհետև երկուսս էլ կին ենք, զրուցում ենք։ Երբ մարդ իրեն այդ միջավայրում լավ է զգում, նոր սկսում է  վստահել, հետևաբար նաև իր մարմինը, վերքներն է  ցույց տալիս, որոնք երբեմն շատ թարմ են լինում։

Հերոսներս հիմնականում 40-50-ից բարձր տարիքի կանայք են, թեև ավելի երիտասարդներն էլ կան։

Panorama.am- Նախագիծն ամբողջությամբ կառուցված է փաստերի ու իրական պատմությունների վրա։ Ինչպե՞ս եք գտնում այդ պատմությունները։

Մ.Մուղդուսյան- Նախագծի սկզբում գնացի հիվանդանոցներ, որտեղ բուժում են անցնում կամ վիրահատվում են կրծքի քաղցկեղ ունեցող կանայք։ Հույս ունեի, որ ինձ կօգնեն գտնել կանանց, ովքեր կհամաձայնվեն նկարվել։ Ի սկզբանե մտադիր էի նստել հիվանդանոցի նախասրահում ու ծանոթանալ նրանց հետ, ինչը և արել եմ։  Հետո հասկացա, որ իմ շրջապատում էլ հնարավոր է գտնել առնվանզ յոթ կնոջ։
Հրացազրույց տվեցի, որից հետո որոշ կանայք սկսեցին իրենք ինձ դիմել։ Առաջին տիկնոջը, որ նկարել եմ, ՕԲ-ին՝ անվան սկզբնատառերը, ապշած էի արտաքինից նուրբ, փխրուն կնոջ համարձակությունից։ Ինքս էլ անակնկալի եկա, բոլորովին չէր երևում, որ վիրահատված է։ Շրջվեց ու ասաց՝ ահա նկարիր ինձ, նկարիր իմ պատմությունը։ Նրանով տրվեց մեկնարկը։ 
Ինչ-որ առումով սա նաև դոկումենտալ է, ֆոտոներ եմ անում,  դրանք հետո օգնում են ինձ նկարն ավարտին հասցնել, եթե իմ հերոսները դժվարանում են երկար կանգնելուց կամ նստելուց, որովհետև իմ բնորդները, ինչպես նշեցի, հենց իրական կանայք են։
Նաև ձայնագրում եմ մեր խոսակցությունները։ Ցուցադրման ընթացքում նախատեսում եմ նաև ձայնային որոշ ինստալյացիաներ։ Կտեսնենք՝ ինչպես կլինի ընթացքը։ Մարդկային պատմություններ են և այս գեղանկարչական աշխատանքների կողքին անպայման լինելու են այդ պատմությունները։

Panorama.am-Արդյո՞ք դժվար չէ նման թեմայի անդրադառնալը։

Մ.Մուղդուսյան –Իրականում շատ բարդ է, չեմ կարող բացատրել։ Սկզբնական փուլում իմ արածն ինձ մի քիչ մազոխիզմ էր հիշեցնում, որովհետև ես ինքս շատ մեծ ֆոբիա ունեմ առհասարակ քաղցկեղից։ Սա նաև, ըստ էության, ինձ օգնող ծրագիր է, որի ընթացքում փորձում եմ ինքս հաղթահարել իմ վախեր։ Երբեմն չի ստացվում, որովհետև շատ հայելային ցավեր կարող եմ ինքս ունենալ։ Դրա համար նախագիծը նախատեսվածից երկար է տևում։ Երբ որ տաս հոգուն էլ նկարած լինեմ, երևի մեկուկես  տարի կտևի նախատեսված մեկ տարվա փոխարեն։
Երբեմն սեանսներից հետո կարող են ինձ մոտ հաջորդել ցավեր, գնացել եմ սոնոգրաֆիայի, մամոգրաֆիայի, խուճապի ալիքներ եմ ունենում, երբ մարդիկ պատմում են հիվանդության սկիզբը, ինչ նախանշաններ են ունեցել, ընկնում եմ ընկերներիս, հարազատներիս հետևից, թե գնացեք ու ստուգվեք։ Երբեմն ինձ մոտն դա հասնում է  ծայրահեղության։ Բայց երևի սա այն գինն է, եթե որոշել ես որևէ նախագիծ անել։ Մտքովս անցել է կիսատ թողնելը, բայց չեմ թողնել, արդար չէր լինի նախագծի մյուս մասնակիցների, նաև ինքս ինձ նկատմամբ։

Panorama.am- Ինչպիսի՞ն են լինում բնորդների արձագանքները, երբ իրենց տեսնում են կտավի վրա։

Մ.Մուղդուսյան- Արձագանքները տարբեր են, հիմնականում հավանում են։ Հերոսներից արդեն երկուսն ասացին, որ սեանսի ավարտից հետո իրենք իրենց նորից գեղեցիկ ու ուժեղ զգացին, հաշտություն՝ իրենք իրենց մարմնի հետ։ Հուզիչ պահ էր, նաև ոգևորող։ Հետաքրքրական է, որ գեղանկարում քիչ են անդրադառնում այս թեմային։ Հիմա հասկանում եմ, թե ինչու, որովհետև բավականին ծանր է։ Խոսքը չի գնում մեկ կամ մտացածին կտավի մասին, գործ ունես իրական պատմությունների հետ,  երբեմն արտաքինից երևացող քաղցկեղը պետք է փակես ծաղիկներով կամ փյունիկով։
Նախագծում ներառել եմ նաև հաջող օրինակներ, երբ ժամանակին են դիմել բժշկի, նախնական վիճակում ու կարողացել են պահպանել կուրծքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել