Pastinfo.am-ը գրում է․

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը կայուն է, կարողանում է խոսել: Նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Չէր կարողանում շարժել ձախ ոտքը և ձեռքը, բայց այժմ սկսել է աննշան շարժել: Մեր բժշկական կենտրոնի հոգեբաններն ամեն օր աշխատում են նրա հետ: Երբ երեխան արթուն է, հոգեբանները նրա կողքին են: Այս պահին դա պարտադիր բուժման մի մասն է»,-ասաց Գևորգ Դերձյանը:

Վերջինս հավելեց` տեսակցություններն այժմ արգելված են, բայց երեխայով հետաքրքրվողները շատ են:

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանի հետ` հասկանալու երեխայի խնամակալությամբ հետաքրքրվողներ կա՞ն, թե ոչ: Հանձնաժողովի նախագահը, սակայն, ասաց, որ դեռևս նորություն չկա. «Ամեն ինչ ինչպես կար, նույն վիճակում է, դեռ քննարկում չենք անում: Այդ հարցը քննարկել դեռ պետք էլ չէ: Դրան պետք է անդրադառնանք միայն այն դեպքում, երբ երեխան արդեն նորմալ վիճակում կգտնվի»,-նշեց Էդուարդ Բաղրամյանը:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր` Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը դիմում է ստացել Երևանի բնակիչ Հասմիկ Մինասյանից, ով պատրաստակամություն է հայտնել ստանձնել երեխայի խնամակալությունը: Հանձնաժողովի նախագահը նշել էր, որ հարցի քննարկումը ժամանակավորապես կասեցվել է, սակայն ժամանակի ընթացքում կհետաքրքրվեն խնամակալ դառնալու պատրաստակամություն հայտնած անձով: Նշենք, որ աղջիկն ունի նաև եղբայր, ում 18 տարին լրանալու է սեպտեմբերին: Էդուարդ Բաղրամյանը հույս էր հայտնել, որ գուցե աղջկա եղբայրը չափահաս դառնալուն պես ստանձնի քրոջ խնամակալությունը. «Միգուցե հետը խոսենք ու համաձայնվի 18-ից հետո խնամակալ լինել: Կարող է նաև ինքն ասի, որ մինչև սեպտեմբեր յոլա տարեք կամ նշանակեք ժամանակավոր մեկին, ով կզբաղվի մինչև իր 18-ը լրանա»,-ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր Էդուարդ Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։ Մեղադրյալը, որը Գյումրի քաղաքի 28-ամյա բնակիչ է, կալանավորվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել