168.am-ը գրում է․

Հարցազրույց բժիշկ-նյարդաբան, Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտ Սարգիս Աբրահամյանի հետ

– Կորոնավիրուսի վերաբերյալ բժիշկները տարբեր կարծիքներ են հայտնում․ մի մասն ասում է, որ գրիպից ավելի շատ մարդ է մահանում, և պետք չէ այս վիրուսից խուճապի մատնվել, մյուս մասն էլ նշում  է, թե իրականում սա շատ վտանգավոր վիրուս է, որի դեմ դեռևս պատվաստանյութ չկա՝ ի տարբերություն գրիպի։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:

– Իհարկե, կորոնավիրուսի նոր ենթատեսակը՝ SARS-CoV-2-ը, և գրիպի վիրուսը ունեն մի շարք նմանություններ, սակայն, դրա հետ մեկտեղ՝ ունեն բավականին տարբերություններ։ Միանշանակ, կարելի է ասել, որ գործ ունենք վիրուսի նոր ենթատեսակի հետ և հենց միայն այդ փաստը մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար։ Նոր վիրուսն ընդամենը մի քանի ամիս է շրջանառության մեջ, և բավականին դժվար է համեմատել գրիպի վիրուսի հետ, որը մարդկությանը հայտնի է տասնամյակներ, բավականին լավ ուսումնասիրված է, առկա են դեղորայքներ և հետագա տարածումը կանխարգելող պատվաստանյութ։

Այն տվյալները, որոնք այսօր առկա են կորոնավիրուսի վերաբերյալ, բավականին մտահոգիչ են։ Մասնավորապես, եթե համեմատում ենք կորոնավիրուսը գրիպի վիրուսի հետ, կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի վարակելիության տոկոսն ավելի բարձր է, ինչպես նաև բարձր են հիվանդության ծանր ընթացքի դեպքերը՝ գրիպի վիրուսի համեմատ։ Կորոնավիրուսի պարագայում գաղտնի շրջանն ավելի երկար է, այդ ժամանակահատվածում վարակակիր անձը կարող է չունենալ որևէ գանգատ և տարածել վիրուսը։ Համադրելով այս պահին առկա տվյալները՝ կորոնավիրուսը գրիպի վիրուսից ավելի վտանգավոր է, այդ իսկ պատճառով՝ աշխարհի շատ երկրներ ձեռնարկում են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև՝ շատ երկրների առողջապահական համակակարգեր արդեն իսկ անցում են կատարել և գործում են՝ ըստ պանդեմիաների ժամանակ առաջարկվող գործողությունների պլանի։

 Ինչպե՞ս է արտահայտվում կորոնավիրուսը, ի՞նչ սիմպտոմների դեպքում դիմել բժշկի։

– Հիվանդության ընթացքը մեծապես տարբերվում է՝ սկսած ասիմպտոմատիկ ընթացքից, այսինքն՝ վարակված անձը մինչև թոքային անբավարարություն ունենալը կարող է որևէ գանգատ չունենալ։ Կորոնավիրուսի հիմնական սիմպտոմներն են՝ չոր հազ, շնչառության հետ կապված այլ ախտանիշներ, որոնք կարող են ուղեկցվել ջերմության բարձրացմամբ կամ առանց դրա։ Որոշ դեպքերում վարակը կարող է ուղեկցվել սրտխառնոցով և փորլուծությամբ։ Իհարկե, գանգատները բավականին նման են այլ շնչառական հարուցիչների կամ մրսածության հետևանքով առաջացող ախտանիշներին, այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ չէ յուրաքանչյուր ջերմության բարձրացման կամ հազի դեպքում դիմել բժշկի։ Բժշկի դիմել անհրաժեշտ է այն անձանց, ովքեր վերադարձել են արտերկրից և ունեն վերոհիշյալ գանգատները, կամ այն անձանց, ովքեր սերտ շփում են ունեցել վարակակիրների հետ։

– Իրականում այս վիրուսն ինչո՞վ է վտանգավոր, և հատկապես ո՞ր խմբի համար։

– Վիրուսը կարող է ախտահարել ցանկացած տարիքային խմբի, սակայն երեխաների և երիտասարդների մոտ հիմնականում ընթանում է բավականին թեթև, առանց որևէ բարդությունների։ Բարդությունների և մահացության հավանականությունը բարձր է ավելի մեծ տարիքային խմբերում և այն անձանց շրջանում, որոնց մոտ առկա են ուղեկցվող քրոնիկական հիվանդություններ։ Ինչպես արդեն նշեցի՝ կորոնավիրուսի վարակելիության և հիվանդության ծանր ընթացքով ընթանալու տոկոսը բավականին բարձր է, քան գրիպի վիրուսի դեպքում։

Առաջացող բարդությունը թոքաբորբն է և դրա հետևանքով առաջացող շնչառական անբավարարությունը։ Այդ ժամանակ կարող է առաջանալ անհրաժեշտություն՝ վարակակիր անձին միացնելու արհեստական շնչառական ապարատին։ Հետևաբար՝ կորոնավիրուսի վտանգավորությունը կայանում է նրանում, որ կարող են լինել բավականին մեծ թվով վարակակիրներ, որոնց անհրաժեշտ լինի միացնել արհեստական շնչառական ապարատին։

– Դուք այս պահին Ձեր մասնագիտական գործունեությունը ծավալում եք Գերմանիայում։ Ի՞նչ վիճակ է այդտեղ՝ պետության պայքարի և հասարակության պատրաստվածության առումով։

– Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ՝ Գերմանիայում, ստեղծվել է մի նոր իրավիճակ և ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցառումները՝ կանխարգելելու վիրուսի հետագա տարածումը։ Մեկ ամիս առաջ դժվար էր էր պատկերացնել, որ աշխարհը կարող էր այսպես շրջադարձային վերափոխվել։ Գերմիանիայում կյանքը կարծես կանգ է առել, մարդկանց հորդորում են տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, նվազեցնել սոցիալական շփումները, փակ են կրթական հաստատությունները, ինչպես նաև՝ ժամանցային բոլոր վայրերը։ Այս միջոցառումները նպատակ են հետապնդում հնարավորինս դանդաղեցնել վիրուսի տարածումը, այդպիսով ժամանակ շահել, մինչև կստեղծվի համապատասխան դեղորայք կամ պատվաստանյութ։ Հասարակության մոտ չկա որևէ տագնապ, սակայն բոլորը բավականին խիստ պահպանում են պետական մարմինների կողմից տրված հրահանգները։

– Հայաստանում վերջին օրերին վիրուսով վարակվածների և մեկուսացվողների թիվն ավելանում է, ինչն անհանգստություն է առաջացնում հասարակության շրջանում։ Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կատարվող աշխատանքը, որքանո՞վ էր Հայաստանը պատրաստ այս վիրուսին։

– Հայաստանի իշխանություններն այս պահին իրականացնում են հնարավոր բոլոր միջոցառումները՝ կանխարգելելու կորոնավիրուսի հետագա տարածումը։ Հիվանդների աճող ցուցանիշը և մեկուսացվողների թիվն անհրաժեշտ է դիտարկել՝ որպես  առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքի ցուցանիշ։ Հիվանդների թվի աճող ցուցանիշը չպետք է խուճապի առիթ հանդիսանա, այլ հակառակը՝ ապահովության, քանի որ առողջապահական համակարգը կարողանում է արդյունավետ գործել։

Առողջապահական համաշխարհային կազմակերպությունն արդեն իսկ հայտարարել է պանդեմիա, ինչը նշանակում է, որ տվյալ խնդիրը համընդհանուր է և անդրադառնալու է ցանկացած երկրի։ Անկախ մեր ցանկությունից և ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներից, վիրուսը, անկասկած, հայտնվելու էր նաև Հայաստանում։ Այս պահին արվում է բավականին արդյունավետ աշխատանք՝ վիրուսի տարածումը կանխարգելեու համար։ Միայն կառավարության կողմից իրականացվող միջոցառումները բավական չեն։ Իրավիճակը բավականին լուրջ է, հասարակությունը պետք է գիտակցի պահի կարևորությունը և դառնա իրականացվող միջոցառումների հիմնական մասնակիցը։ Հույս ունեմ, որ տվյալ համաճարակն ամբողջովին կվերափոխի նաև հասարակության վերաբերմունքը մեր բժիշկների նկատմամբ, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ տարիներ շարունակ և ամենատարբեր ժամանակներում ցույց են տվել իրենց անձնուրաց ծառայությունը մեր ժողովրդին։

– Կարծիքներ կան, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած վախն ավելի վտանգավոր է, քան հենց ինքը՝ վիրուսը։ Կասե՞ք՝ ի՞նչ անել նման դեպքերում, ինչպե՞ս խուճապի չմատնվել։

– Իհարկե, հասկանալի է, խոսքն առողջության, մեր հարազատների կյանքի մասին է, սակայն խուճապը տվյալ իրավիճակում կարող է միայն վնասել։ Այս ամենը մարտահրավեր է երկրներին և ժողովուրդներին։ Կորոնավիրուսի հետևանքով ավելի քիչ վնաս են կրելու այն երկրները, որոնք ունեն բավականին արագ ինքնակազմակերպվելու և համակարգված գործելու ունակություն։ Եթե փակ սահմաններ ունենալը շատ երկրների համար արտակարգ իրավիճակ է, մեր պետությունը գրեթե փակ սահմաններով կարողացել և կարողանում է պահել իր գոյությունը։ Այս ամենը չի նշանակում, որ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակին լուրջ չվերաբերվել։ Խոսքը մարդկային կյանքերի մասին է, և մեզ համար կարևոր է ցանկացած հայ մարդու կյանքը։ Հետևաբար՝ անհրաժեշտ է հետևել պետական մարմինների հրահանգներին և ժամանակավորապես սահմանափակել սոցիալական շփումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել