«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ, ի վերջո, որոշեց հետաձգել պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը: Կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչեւ այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչեւ մայիսի 31-ը: Իհարկե, երկարաձգման պատճառ կարող է լինել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, սակայն նկատենք, որ պաշտոնյաները պետք է հայտարարագիր ներկայացնեին էլեկտրոնային տարբերակով, այսինքն՝ ըստ էության, մարդկային շփում չէր լինելու: Միեւնույն ժամանակ նկատենք, որ ժամկետների առումով մտահոգություններ եղել են հենց առաջին օրվանից, հատկապես՝ դատական համակարգի ներկայացուցիչների կողմից:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շան գլուխն իրականում այլ տեղ է թաքնված: Բանն այն է, որ մարտի 4-ին Սահմանադրական դատարանը քննության էր ընդունել «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը: Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սպասում է ՍԴ որոշմանը, որպեսզի հասկանա՝ պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագրման փոփոխություններ անի, թե ոչ: Ասել է թե՝ կախված են ՍԴ որոշումից: Նկատենք, որ վերը նշված օրենքով իշխանությունները ցանկանում էին ամրագրել, որ կարող են նաեւ ստանալ պաշտոնյաների վերաբերյալ բանկային եւ վարկային գաղտնիք համարվող տեղեկություններ, սակայն ՀՀ նախագահը, կարծես թե, այնքան էլ համակարծիք չէ, որ սա խախտում չէ: Եվ, ահա, հարցն այժմ ՍԴ-ի դաշտում է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել