Pastinfo.am-ը գրում է․

«Կառավարության նախատեսած հակաճգնաժամային միջոցառումները անհրաժեշտ են , բայց ոչ բավարար այս իրավիճակը շտկելու համար, քանի որ տնտեսության հիմքում ընկած խնդիրներն այս ճգնաժամի ժամանակ ավելի սրվեցին ու ավելի ակնհայտ դարձան»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՝ անդրադառնալով պանդեմիայի մառաջացրած բացասական տնտեսական հետեւանքներին եւ դրանց հաղթահարմանն ուղղված կառավարության գործողություններին։

Ըստ մասնագետի, Հայաստանը տնտեսությունը վերակառուցելու խնդիր ունի, քանի որ այն կախված է հանքահումքային արտադրանքից: «Դա անելու համար պետք է երկարաժամկետ պատրաստվել, թիմ ունենալ: Այս կառավարությունն այս մեկ ամսվա կամ մի քանի ամիսների ընթացքում չի կարողանալու տնտեսության հիմնական խնդիրները լուծել հարկային ու դրամավարկային քաղաքականության մասով»,-ասաց տնտեսագետը:

Ըստ Պարսյանի, նախորդ տարի իրականացված հարկային քաղաքականության արդյունքում, օրինակ, այսօր մենք ունենք շատ թանկ սպիրտ, մինչդեռ այն այս իրավիճակում անհրաժեշտ է դարձել: «Կառավարության այն կանխավարկածը , որ սպիրտը երկրորդական նշանակության ապրանք է եւ մարդիկ այն կարող են չսպառել, կյանքը ցույց տվեց, որ ճիշտ չէր: Կառավարության քայլերը հատվածական են, կառավարությունը ճիշտ քայլեր էլ է կատարում, բայց մյուս քայլով չեզոքացնում է դրա արդյունքը: Օրինակ, մի կողմից ավելացնում է նվազագույն աշխատավարձը, մյուս կողմից՝ համահարթեցման գնում»,-նշում է Սուրեն Պարսյանը:

Ըստ տնտեսագետի, կառավարությունը այսօր գնում է հին մեթդներով խնդիրները կարգավորելու ճանապարհով.«Մարդիկ , որոնք հիմա տնտեսական քաղաքականությամբ են զբաղվում, այս 15-20 տարի է՝ նույն բանը ասում են, նույն բանը անում են, բայց երկիրը չի զարգանում: Վարչապետը պետք է հասկանա դա ու փոխի իր տնտեսական թիմը, եթե ուզում է հաջողության հասնել»:

Սուրեն Պարսյանի խոսքով, կառավարության նիստին, փաստորեն կառավարությունն ասաց՝ քանի որ չենք կաորողանում պատասխանատվությունն ստանձնել, ուստի նախընտրում ենք բանկերին տալ փողը: «Բայց, եթե պետությունը չի ստանձնում պատասխանատվություն, չունի այդ պոտենցիալը, էլ ինչի՞ մասին է խոսքը»,-զարմանում է մեր զրուցակիցը:
Անդրադառնալով համաճարակով պայմանավորված իրավիճակի հետեւանքով մանր ու միջին բիզնեսի խնդիրներին, Սուրեն Պարսյանն ասաց որ առանձին ոլորտներ այսօր լրջագույն խնդիրներ ունեն: Տուրիզմի ոլորտն, օրինակ, 1-1.5 ամիս է՝ ֆինանսական խնդիրներ ունի եւ ըստ ամենայնի, այդ բացասական միտումը մինչեւ հուլիս շարունակվելու է: «Բազմաթիվ տուրիստականներ արդեն աշխատատեղեր են կրճատում, փակվում են, նույնն է նաեւ հանրային սննդի ոլորտում»,-նշում է նա:

Սուրեն Պարսյանը օրինակ, կառավարությանը հորդորում է ապակենտրոնացնել Երեւանի կենտրոնից հանրային սննդի օբյեկտները, սուպերմարկետները: Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին հարկային արձակուրդ տալու գաղափարին, Սուրեն Պարսյանի խոսքով, այն իրականում կարող է բացասական հետեւանքների բերել:

Մեր զրուցակիցը հիշեց, որ նույն իշխանաւթյունները միլիարդավոր դրամների տուգանքներ ներեց, ինչը եւս ըստ Պարսյանի, ինչ-որ առումով հարկային արձակսուրդ էր, մինչդեռ իշխանությունը այդ գումարի կարիքը ունի: «Բյուջեն այդ պարագայում ֆինանսական խնդիր կունենա եւ կառավարությունն ինքը պիտի փորձի այլ եկամտի աղբյուրներ գտնել, մինչդեռ այս տարի կորոնավիրուսի ցուցանիշները չեմ կարծում լինեն շատ հեղափոխական, համեստ են լինելու՝ ի հաշվի ստվերի կրճատման եւ հանքահումքայի ոլորտի»:

Տնտեսագետին մտահոգում է նաեւ դրամի արժեվորման խնդիրը. «Եթե ուզում ենք մեր արտահանողներին պահել, դրամը պետք է արժեզրկել, մեր արտահանվող ապրանքները հիմա ՌԴ-ում եւ Եվրոպայում ավելի են թանկացել: Եթե կառավարույթունը չգնա դրամի արժեզրկման, մենք ռումբը կմեծացնենք՝պատրույգը երկարաձգելու առումով, այսինքն, կկարողնանանք միայն ժամանակ շահել: Եթե արտադրողը ապրանքը չարտահանի , այստեղ աշխատատեղ է փակվելու»:

ՓՄՁ-ներին կառավարության աջակցության սխեմայից, ըստ Պարսյանի շատ քչերն են կարողանալու օգտվել, որովհետեւ խոսք է գնում միջին ու խոշոր նախագծերի մասին, ինչը անհասկանալի է, քանի որ այս պահին նաեւ վնասը գնահատված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել