168.am-ը գրում է․

Կառավարության մարտի 19-ի նիստում «Գործունեության ծառայության ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու և կից նախագծերի փաթեթը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ասաց, որ այսօր կոնյակ և կոնյակի սպիրտ արտադրողները արտադրության հենց առաջին տարվանից պարտավոր են վճարել տարեկան պետական տուրք՝ 10 միլիոն դրամ, որի փոխարեն՝ նախագծով առաջարկվում է սահմանել 50.000 դրամ:

«Եթե նոր արտադրող է, ապա երեք տարի և ավելի պահանջվում է, որ գինուց մինչև կոնյակի արտադրության հասնի: Կոնյակ արտադրելու համար նախապատրաստական շրջանում առնվազն 30 միլիոն դրամ է վճարվում, մինչև այդ արտադրված կոնյակը հասնի իրացնելու տարվան: Առաջարկում ենք այդ կարգավորումը փոխել և սահմանել, որ այդ արտադրության, բայց ոչ իրացման առաջին տարիների ընթացքում տուրքի գումարը կազմի ոչ թե 10 միլիոն դրամ, այլ 50.000 դրամ:

Այս փոփոխությամբ այն արտադրողները, որոնք նոր են որոշում կոնյակի արտադրությամբ զբաղվել, առաջին 30 միլիոն դրամը վճարելու փոխարեն՝ կվճարեն ընդամենը 150 հազար դրամ»,- ասաց Խաչատրյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեմ արտահայտվեց նախագծին՝ նշելով․ «Այն դեպքում, երբ 10 մլն դրամը վճարվում է տարեսկզբին, դա հնեցված կոնյակի համար դառնում է ինքնարժեքի տարր, իսկ երբ հետո է վճարվում, դառնում է իրացման ծախս, տրամաբանությունն այն է, որ բարձր տուրք սահմանելու իմաստը, որ պատրաստված մարդը մտնի ոլորտ, որ 10 միլիոնը մտնի արտադրանքի ինքնարժեքի մեջ, որ էժան կոնյակ չլինի»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ նկատելով․

«Կներեք, եթե կոնյակի որակը լավն է, ինչո՞ւ չլինեն էժան կոնյակներ: Մենք ասում ենք` էժան կոնյակ չլինի ոչ թե այն պատճառով, որ էժան է, այլ այն պատճառով, որ կոնյակը կոնյակ չի»:

Հարցի շուրջ քննարկումների արդյունքում որոշվեց նախագիծը հետ ուղարկել կոմիտե՝ ևս մեկ քննարկման:

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով՝ Էկոնոմիկայի նախարարը հարցը շատ ճիշտ ներկայացրել է, քանի որ գինեգործների հետ նախապես հանդիպել, քննարկել է։

«Նրանք, ովքեր ոլորտից այնքան էլ բան չեն հասկանում, քար գցեցին մի գործի վրա, որի համար երկար էինք պատրաստվել։ Սա 10 տարուց ավելի է՝ քննարկվում էր, սակայն չէր ընդունվում նախորդ իշխանությունների ժամանակ։ Այն մոնոպոլ օլիգարխիկ նորմատիվ էր։

Խնդիրն այն է, որ դեռևս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որոշվեց, որ տուրքը պետք է բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրման համար 15 մլն դրամ լինի։ Մի քանի օլիգարխ պատգամավորներ կային, ովքեր ցանկացան, որ մոնոպոլիա լինի, ու միայն իրենք արտադրեն։ Մենք սկսեցինք պայքարել սրա դեմ։ Սկզբից կարողացանք գինու պետտուրքն իջեցնել 15 մլն-ից՝ 25.000 դրամ, հետո նվազեցվեց նաև մրգային օղիների գինը։ Մի 10 տարի էլ չարչարվեցինք, որ նվազեցվի կոնյակի սպիրտի համար սահմանված տուրքի չափը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավագ Հարությունյանը։

Նրա փոխանցմամբ՝ երկար տարիներ իրենք պայքարել են, ու ամեն անգամ իրենց ասել են, որ դաշտը մեծերի համար է։

«Իրականում կեղծում էին մեծերը, փոքրերն այդքան ռիսկ ու հովանավոր չունեին, որ դա անեին։ Ստացվում էր, որ անիմաստ փակում էին դաշտը մնացած բոլոր արտադրողների համար։ Սա անարդար էր, որի դեմ պայքարում էինք։ Մի քանի անգամ հանդիպել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշել ենք, որ նոր նախագիծը կապ չունի կեղծարարության հետ, այն արդարություն է պահանջում։ Քիչ արտադրողը քիչ թող վճարի, շատ արտադրողը՝ շատ։ Բացի այդ՝ տուրքը վճարում ես ոչ թե նրա համար, որ հենց հիմա պետք է արտադրես, այլ օրենքն ասում է, որ երեք տարի պետք է անցնի, ապա նոր կարողանաս վաճառել։

Այսինքն, 3 տարի շարունակ տուրք ես վճարում, որ 4-րդ տարում կարողանաս վաճառել։ Հեղափոխությունից հետո սա նույնիսկ չքննարկվող հարց պետք է լիներ։ Սուս ու փուս պետք է վերացնեին նորմատիվը, այնինչ, քար գցեցին մեր ամբողջ աշխատանքի վրա։ Փոքր արտադրողները չեն կարողանում շատ խաղող գնել, որպեսզի կարողանան դիվերսիֆիկացնել իրենց արտադրանքը, այսինքն, կոնյակի սպիրտ արտադրել։ Ի դեպ, սա չի նշանակում, որ կոնյակ պետք է արտադրեն, դրա համար մեծ ծախսեր են պետք։

Այսինքն, կարող են սպիրտ արտադրել և դա վաճառել մեծերին։ Գյուղացիներից քիչ խաղող են գնում։ Գինեգործական արտադրության ժամանակ մենք ունենում ենք երկու տեսակի արտադրանք․որակյալ, որը գինի են սարքում, մյուսն էլ՝ մի քիչ անորակ արտադրանք, որն ամոթ է գինի սարքել ու պետք է սպիրտ թորվի։ Փոքր արտադրողներն իրենց անորակ գինին թափում էին կամ գաղտնի սպիրտ էին թորում ու գաղտնի վաճառում էին մեծերին, որպեսզի կորուստ չունենան»,- մանրամասնեց Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Ավագ Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ գաղտնի է կատարվում, ընդամենը պետք է օրինականացվեր, ինչը կհանգեցներ որակի բարձրացմանը, հարկեր վճարելուն։

«Վրաստանում, Ֆրանսիայում ցանկացած մարդ կարողանում է գինի արտադրել։ 1998թ․Հայաստանի ամենածաղկուն շրջանում օլիգարխիան ընդունեց սա, ու անընդհատ հարվածում էին փոքրերի գլխին։ Հիմա պետք է թույլ տալ մարդուն, որ սպիրտը հնացնի, դարձնի կոնյակի սպիրտ»,- հավելեց Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել