168.am-ը գրում է․

Անկախ նրանից, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, Երևանի ավագանու հերթական նիստը վաղը կկայանա: Քաղաքապետի այս որոշումը, նիստի օրակարգի հետ միասին, դրված է Քաղաքապետարանի կայքում: 168.am-ը կապ հաստատեց ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների հետ՝ պարզելու՝ մասնակցելո՞ւ են նրանք  վաղվա նիստին, թե՞ ոչ:  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Ես ներկա գտնվելու եմ, գործընկերներիցս մեկը՝ Թեհմինա Վարդանյանը, ևս ասել է, որ գալու է: Մասնակցությունը անձնական, անհատական որոշման վրա է, որովհետև վտանգն անհատական է»:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նիստին ներկա չի լինելու: Մեզ հետ զրույցում նա ասաց.

«Ի տարբերություն «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս՝ այս բացակայությունը կլինի այս և նախորդ գումարման ավագանու նիստերից առաջին բացակաս»:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ հստակ չի որոշել՝ ինքը գնալո՞ւ է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է իրենց խմբակցության ներկայացվածությանը վաղվա նիստին, ասաց.

«Մեր խմբակցությունից կլինեն մարդիկ, որոնք ներկա կլինեն: Խրոնիկ հիվանդություններ ունեցողներ կան, որոնք, բնականաբար, ներկա չեն լինի: Ես անհանգստություն ունեմ՝ նիստի անցկացման և  անվտանգության պայմանների բավարար չափով ապահովված չլինելու հետ կապված: Մտահոգությունս այն է, որ չնայած աթոռները բերել-շարել են Քաղաքապետարանի առաջին հարկի նախասրահում, մարդիկ,միևնույն է, իրար կողք կողքի նստած են լինելու, մեկ մետրի խնդիրը պահպանված չէ, բայց կա համայնքային աշխատանքի պատասխանատվություն»։

Երևանի ավագանին այս պահին 63 անդամ ունի: Դավիթ Խաժակյանը պնդում է՝  այդքան մարդու նիստի հրավիրման պարագայում հնարավոր չէ պահպանել անվտանգությունը.

«Չի կարող այդքան մարդ մի տեղում գտնվի, ու դա համարվի բավարար պայման, համարվի անվտանգ, բայց քանի որ նման որոշում կայացվել է արդեն…ես չեմ կարող նույնիսկ ասել, որ  երկրում արտակարգ դրություն է հայտարարված, քանի որ տեսնում ենք, որ նույնիսկ արտակարգ դրությունն է անլրջացել: Միջոցները, որոնք պետք է կիրառվեին, կիսատ-պռատ են իրականացվում: Եթե կայացվել է նման որոշում, որ նիստը պետք է կայանա, ապա  թող քաղաքային ու կենտրոնական իշխանությունները մտածեն»:

Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ առաջարկել է նիստն օնլայն անել, սակայն օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս.

«Իրավական մասով նիստը չեղարկելու որևէ տարբերակ մենք չունենք, օնլայն տիրույթում կազմակերպելու համար՝ ևս, օրենքը թույլ չի տալիս:  Իրավական նորմերի առումով շատ աղքատիկ վիճակ է, սա երևի նախադեպ կլինի, որ օրենսդրական փոփոխություններ անենք: Ստիպված պետք է նիստը գումարվի: Բյուջեի կատարողականը պետք է հաստատվի, հակառակ դեպքում ժամկետների խնդիր կա, լուրջ իրավական խնդիրներ են առաջանում»:

Անի Խաչատրյանի կարծիքով՝ նիստի անցկացումը պարետի որոշումից էր կախված: Ավագանու անդամը, հղում անելով Արտակարգ դրության մասին օրենքին, ասաց.

«Արտակարգ դրության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ կետում ասվում է, որ արտակարգ դրության ժամանակ գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում է լինում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել