Ավարտական քննությունների և 2019-2020 ուսումնական տարվա հետաձգումը կախված կլինի ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված արտակարգ դրության արդյունքում հեռավար ուսուցման անցնելու ընթացքից։

Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ուսումնական տարվա երկարաձգումը, ինչպես նաև ավարտական քննությունների հետաձգումը կարող է կախված լինել հեռավար ուսուցումից։ Պետք է հասկանանք, թե մեր ուսուցիչներն ու դպրոցներն ինչ ծավալով դրանք կիրականացնեն։ Եթե տեսնենք, որ այն ամբողջական է, ըստ այդմ՝ կկարողանանք եզրակացություններ անել և ասել՝ արդյոք լրացուցիչ դասերի կամ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կլինի՞, թե՞ ոչ։ Պետք է կարողանանք այնպես անել, որ դասապրոցեսն այնպես ապահովվի, որպեսզի հետաձգումներ չլինեն»,- նշեց Հարությունյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ը: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել