Pastinfo.am-ը գրում է․

Արտակարգ դրության մասին որոշման ԶԼՄ-ներին վերաբերող դրույթում անհրաժեշտ են որոշակի պարզաբանումներ, որոնք հնարավորություն կտան լրատվամիջոցներին և կատարել իրենց պարտքը, և միևնույն ժամանակ գործել արտակարգ դրությամբ նախատեսված պայմանների շրջանակներում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա կարծիքով հնարավոր չէ ամբողջությամբ նկարագրել, թե ինչ է խուճապը, և ինչն է խուճապ առաջացնում, սակայն կարելի է ավելի պարզ և հստակ կարգավորումներ առաջարկել, թե ինչ է կարելի անել և ինչ մեխանիզմներով. «Անհրաժեշտ է, որ ցանկացած տեղեկատվություն տարածելիս լրատվամիջոցները միևնույն ժամանակ ներկայացնեն նաև այդ նորության վերաբերյալ պարետատան ներկայացուցչի մեկնաբանությունը»,-նշեց Բորիս Նավասարդյանը: Վերջինս գտնում է` բացի այդ լրագրողները պետք է խուսափեն հղումներ տալ այն աղբյուրներին, որոնց անունը չի նշվում: Այսինքն՝ որևէ անորոշ աղբյուր չպետք է մեջբերվի: Եթե որևէ մեկը լրատվամիջոցների խողովակով ինչ-որ ինֆորմացիա է տարածում, ապա այդ անձի կամ կառույցի անունն անպայման պետք է նշվի:
Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ սրանք այն երկու մինիմալ պահանջներն են, որոնք պետք է լինեն և կօգնեն լրատվամիջոցներին ավելի հստակ պատկերացնել իրենց անելիքը:

Անդրադառնալով միջազգային լուրերի և տվյալների թարգմանությունների սահմանափակմանը` Բորիս Նավասարդյանը նկատեց` դա որոշման ամենաանորոշ հատվածն է. «Պարզ է, որ Հայաստանում գործող պաշտոնական կառույցները չեն տիրապետում ամբողջ ինֆորմացիային, թե ինչ է կատարվում աշխարհում: Լավագույն դեպքում նրանք ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, բայց դա բավարար չէ, որպեսզի ներկայացվի իրավիճակն այն երկրներում, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանի հանրությանը: Այս առումով իմ առաջարկած մեխանիզմները լուծում են նաև այս հարցը: Եթե Հայաստանի որևէ լրատվամիջոց արտերկրյա որևէ աղբյուրից ուզում է ինֆորմացիա տարածել, ապա միևնույն ժամանակ պետք է ներկայացնի նաև պաշտոնական մեկնաբանությունը, ինչն այդ հարցի լուծումը կլինի»,-հավելեց Բորիս Նավասարդյանը:

Վերջինս նշում է` որոշման մեջ հավասարեցված են ազատ տիրույթում բոլոր տեղեկություն տարածողները, հետևապես որոշումը վերաբերում է բոլորին, նաև սոցիալական ցանցերի օգտատերերին: Հնարավոր է պատասխանատվության աստիճանը տարբեր լինի, սակայն, Բորիս Նավասարդյանի խոսքով, բոլորին է վերաբերում:

Երևանի մամուլի ակումբի նախագահը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման ընդունումից հետո լրատվամիջոցների գործունեությունում արդեն իսկ նկատել է խախտումներ. «Եթե վերցնենք որոշման ֆորմալ մոտեցումը, ապա խախտումներ նկատել եմ: Այսինքն` տարբեր անձանց վրա հղում անելով` տարածվել է ինֆորմացիա, որը տեսականորեն կարող է խուճապ առաջացնել և չի համապատասխանում պաշտոնական տվյալներին»,-նշեց Բորիս Նավասարդյանը` հավելելով, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ պաշտոնական մեկնաբանություն լինի որոշման այն կետերի հետ կապված, որոնք տեղեկատվության տարածմանն են վերաբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել