«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ՀՀ նախագահին է ներկայացնելու ՀՀ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի թեկնածուներին:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար նշանակեց Արման Սարգսյանին, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Էդուարդ Մարտիրոսյանին: Եվ վաղը կլրանա 6 ամիսը, ինչ այդ պաշտոնները ղեկավարում են պաշտոնակատարները:

«Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ ԱԱԾ տնօրեն կնշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Ասել է թե՝ ԱԱԾ տնօրենի մասով արդեն ներքին խոսակցություններ կան, որ որոշումը կայացվել է: Իսկ ի՞նչ է սպասվում ՀՀ ոստիկանապետի մասով:

Իշխանությունների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ամենայն հավանականությամբ, ոստիկանապետ կնշանակվի Արման Սարգսյանը: Նկատենք, սակայն, որ վարչապետն ամբողջությամբ օգտագործեց ժամկետները և այս ընթացքում նոր նշանակում չարեց՝ թողնելով, որպեսզի ներկայիս պաշտոնակատարներն աշխատեն, ինքնադրսևորվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից պարզել՝ արդյոք վերոնշյալ պաշտոնյաները վերանշանակվելու են վաղը: Ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ չի կարող մեկնաբանել, տեղեկություն ունենալու դեպքում այն կհրապարակվի պաշտոնապես: Մենք նաև հետաքրքրվեցինք` վաղը կլինի նշանակում, թե, արտակարգ դրությամբ պայմանավորված, այն, հնարավոր է, հետաձգվի, թեև ՀՀ օրենսդրությունը հետաձգում չի նախատեսում: Ի պատասխան՝ խոսնակը նշեց. «Իրավիճակը չի խանգարում, սակայն ինֆորմացիա չունեմ՝ կլինի նշանակում, թե ոչ»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել