168.am-ը գրում է․

168.am-ը մարտի 10-ին «Հայաստանը տեղեկատվական դաշտում շարժվում է կարծրատիպերով» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նախկին բարձրաստիճան զինվորականներից մեկը մտահոգություն էր հայտնել, թե «յոթ փակի տակ» ենք պահում մեր զինանոցում եղած հզոր միջոցները և դրանք կամ դրանց հնարավորությունները պատշաճ մակարդակով չենք ներկայացնում` ի գիտություն Ադրբեջանի և ի պատասխան սպառազինության ադրբեջանական հրապարակային ցուցադրումների:

Այս կապակցությամբ փորձեցինք ստանալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պարզաբանումը, թե որքանով են համաձայն նշված դիտարկման հետ, ինչին ի պատասխան՝ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրեց, որ մշտապես գնահատում են աշխարհում, մասնավորապես՝ հարավկովկասյան տարածաշրջանում ռազմական-ռազմավարական, ռազմաքաղաքական իրավիճակը, ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված առկա մարտահրավերները, սպառնալիքները, և իրավիճակի զարգացումներին համահունչ՝ ձեռնարկում համապատասխան միջոցներ` առավել բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը:

«ՀՀ զինված ուժերի կողմից մի շարք երկրների հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում իրականացվում են նոր ծրագրեր և առկա ՍՌՏ-ի արդիականացման աշխատանքներ, ինչպես նաև մշտապես ձեռք են բերվում նոր զինատեսակներ, որոնց մի մասը ներկայացվել է հանրությանը (տես՝ mil.am պաշտոնական կայքում «ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագիրը»), սակայն առկա են նաև հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ»,- ընդգծեց Սամվել Ասատրյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել