168․am-ը գրում է․

Արտակարգ դրության պայմաններում, հեռակա աշխատելու հետևանքով լրագրողը Սահմանադրական դատարանում կայացած նիստի վերաբերյալ տեղեկության և իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ հարցազրույցը միաժամանակ պատրաստելու ընթացքում շփոթել է և հարցազրույցը վերագրել է Հրայր Թովմասյանին, որի համար հայցում ենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Հայրապետյանի և ընթերցողների ներողամտությունը։

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու իրավաչափության մասին 168.am-ի հարցերին պատասխանում է իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը։

Պարոն  Հայրապետյան, Կառավարության՝ 2020 թվականի մարտի 16-ին ընդունած որոշումը որքանո՞վ է իրավաչափ, արդյո՞ք այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

– Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ` Կառավարության որոշում) մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրությանը: Այսպես` Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքի բովանդակության համաձայն` Կառավարության իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին:

Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

Սահմանադրության այս պահանջը կոնկրետացնող` Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, որ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ են նաև արտակարգ իրավիճակները: Սակայն օրենքի նույն հոդվածի հաջորդող` 3-րդ մասում ամրագրվում է պահանջ առ այն, որ արտակարգ դրություն հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող  անմիջական վտանգի վերացումն առանց  դրա անհնարին է: Իսկ օրենքի 4-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման մեջ սահմանվեն արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները, ինչպես նաև դրա անհրաժեշտության հիմնավորումը:

Սահմանադրությունից և օրենքից հետևում է, որ Կառավարությունն արտակարգ դրություն կարող է հայտարարել միայն սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգ ներկայացնող արտակարգ իրավիճակների դեպքում, ընդ որում, եթե առանց արտակարգ դրություն հայտարարելու՝ հնարավոր չէ վերացնել այդ վտանգը:

– Իսկ արդյո՞ք Կառավարության որոշման մեջ ներառված են արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումները։

– Կառավարության որոշման մեջ թեև մանրամասն հիմնավորվում է բնակչության առողջությանը սպառնացող վտանգը, չի հիմնավորվում, թե ինչու է դա անմիջական վտանգ ներկայացնում սահմանադրական կարգին, առավել ևս՝ չի հիմնավորվում, թե ինչու հնարավոր չէ առանց ծայրահեղ իրավիճակների դեպքում գործադրվող միջոցների, այսինքն, առանց քաղաքացիների իրավունքների էական սահմանափակման, վերացնել այդ վտանգը: Միայն հղում է արվում Սահմանադրության 1-ին հոդվածում  ամրագրված` սոցիալական պետության սկզբունքին, որևէ կերպ չի հիմնավորվում, թե այդ սկզբունքի բազմաթիվ բաղադրիչներից որն է վտանգված, ինչու է այդ վտանգն անմիջական, և արդյոք այն հնարավոր չէ վերացնել՝ առանց ծայրահեղ միջոցների և խիստ սահմանափակումների դիմելու:

Կառավարության որոշման մեջ հղում է արվում նաև Հայաստանում ստեղծված «արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքին», ինչպես նաև «Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու, որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը», ինչը, ըստ Կառավարության, իբրև թե «պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար»:

– Բայց մի՞թե պետությունը, Կառավարությունը բոլոր պայմաններում, առանց արտակարգ դրություն հայտարարելու՝ պարտավոր չէ միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի և առողջության պաշտպանության համար։

-Հարկ է նշել, որ ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև մշտապես քաղաքացու կյանքի և առողջության, ինչպես նաև` առանց որևէ գերակայության, այլ հիմնական իրավունքների պաշտպանությունը հանրային իշխանության բոլոր մարմինների պարտականությունն է, և պարզ չէ, թե ինչու է կյանքի իրավունքը և առողջության պահպանման իրավունքը առավել, օրինակ, արժանապատվության անխախտելիության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության կամ դատական պաշտպանության իրավունքներից, և ինչ գերակայության  մասին է խոսքը, ով է որոշել կյանքի և առաողջության պահպանման գերակայությունը մյուս իրավունքների հանդեպ, ով է լիազորել Կառավարությանը Սահմանադրության 3-րդ հոդվածն այնքան նեղ մեկնաբանել, որ դրանից հետևության գալ, որ այդ հոդվածը «պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար»: Իսկ Կառավարության կողմից իր իրավասության սահմաններում մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե գերակայություն է, այն էլ` առանձին իրավունքների հետ կապված, այլ նրա առօրյա լիազորությունը, որը նա պետք է կատարի՝ անկախ արտակարգ դրությունից կամ արտակարգ իրավիճակներից` միշտ և ամենուր:

Այսպիսով, Սահմանադրության և օրենքի տեսանկյունից առանց պահանջվող իրավական նախադրյալների ապահովման և հիմնավորման Կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարում է արտակարգ դրություն:

– Կարելի՞ է ենթադրել, որ առանց պահանջվող իրավական նախադրյալների ապահովման և հիմնավորման արտակարգ դրություն հայտարարելով՝  Կառավարությունը, կորոնավիրուսի դեմ պայքարից բացի, նաև այլ նպատակներ է հետապնդում։

– Ոչ ոք չի կարող ժխտել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում հատուկ միջոցառումների կիրառման անհրաժեշտությունը, բայց մի՞թե արտակարգ դրության հայտարարումը և դրանով պայմանավորված` մարդու իրավունքների էական սահմանափակումներն իրապես անհրաժեշտ էին դրա համար: Եթե այո, ինչո՞ւ Կառավարությունն ունակ չէ սահմանադրական իրավունքի շրջանակներում պատշաճ հիմնավորել այդ անհրաժեշտությունը: Իսկ հանրության մոտ չի՞ կարող արդյոք կասկած առաջանալ, որ դա արվում է կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվության տարածումը և Կառավարության կարողությունը` դրա դեմ պայքարելու հարցում, խոսքի ազատության սահմանափակման միջոցով արգելափակելու, ինչպես նաև սահմանադրական հանրաքվեի տապալումը հետաձգելու, և հընթացս հետագայում այլ պատրվակով չեղարկելու համար:

 – Արդյո՞ք Կառավարության որոշման մեջ Սահմանադրությանը հակասող այլ դրույթներ չկան։

– Կառավարության կազմի և աշխատակազմի իրավաբաններն ունակ չեն կազմելու կարևոր որոշումներ, որոնք կհամապատասխանեն օրինականության տարրական պահանջներին:

Կառավարության որոշման մեջ թույլ են տրվել Սահմանադրության և օրենքի բազմաթիվ այլ խախտումներ:

Այսպես` որոշման մեջ նշվում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվում է պարետատուն, մինչդեռ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարետատուն կարող է ստեղծվել արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով։ Իսկ այնուհետև օրենքում սահմանվում է, որ պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը, այսինքն, սա պարետատան իրավասությունն է, այլ ոչ թե՝ գործունեության նպատակը:

Կառավարության որոշումը սահմանում է, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Սա Սահմանադրության 120-րդ հոդվածի խախտում է, որը պահանջում է, որպեսզի արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվի հենց դրան վերաբերող` հատուկ կարգով ընդունվող օրենքով։ Այսինքն, սա համապատասխան օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում  է, որը պահանջում է, որ Կառավարությունն իր որոշման մեջ ամրագրի այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն, և որևէ լիազորություն, այդ առումով, պարետատանը չի վերապահվում: Հատուկ ռեժիմ կարող է նախատեսվել բացառապես արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու համար (տես` օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը), իսկ մնացած դեպքերում սահմանափակումների ծավալը և դրանք ընդգրկող տարածքը, ներառյալ՝ առանձին տարածքներում տարբեր սահմանափակումներ կիրառելը, Կառավարության պարտականությունն է (տես` օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը), որը չի կարող վերապատվիրակվել պարետատանը կամ որևէ այլ մարմնի: Թեև օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում ամրագրված է, որ Կառավարությունը պետք է սահմանի պարետատան իրավասության շրջանակը, պարզից էլ պարզ է, որ այդ իրավասությունը միայն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարման ընդհանուր իրավասության կոնկրետացումն է։ Օրինականության սահմանադրական սկզբունքը բացառում է, որ Կառավարությունը որևէ այլ մարմնի համար սահմանի լիազորություններ, քանի որ դրանք պետք է սահմանվեն բացառապես օրենքով, կամ պարետատանը պատվիրակի իր լիազորություններից որևէ մեկը:

 Կառավարության որոշման հավելվածում սահմանվում են արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները,  իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները: Այստեղ կա՞ն հակասություններ կամ օրենսդրական անհամապատասխանություններ։

– Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ պարետի որոշմամբ է սահմանվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկը, մինչդեռ, նախ` ոչ թե պարետն է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարման համար լիազորված մարմինը, այլ պարետատունը, որը ղեկավարում է պարետը: Այսինքն, օրենքով չնախատեսված պաշտոնատար անձին լիազորություն է տրամադրվում ընդունելու կարևոր նորմատիվ ակտ: Բացի այդ` պարետատունը չէ, որ կարող է ընդունել նման նորմատիվ ակտեր, քանի որ, Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` դրա իրավասությունն ունեն բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմիններ կամ պաշտոնատար անձինք, իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր կարող են ընդունել միայն օրենքով, այլ ոչ թե այլ իրավական ակտերով, օրինակ` Կառավարության որոշմամբ, դրա համար լիազորված և Սահմանադրությամբ նախատեսված մարմինները:  Դա վերաբերում է նաև հավելվածի բազմաթիվ այլ դրույթներին, մասնավորապես` 2-րդ կետի 3-րդ ենթակետին, 7-րդ կետին, 10-րդ կետին, 17-րդ կետին, 18-րդ կետին, 19-րդ կետին, 20-րդ կետին: Բացի այդ` պարետին, այլ ոչ թե՝ պարետատանը, վերապահվում են նաև օրենքով չնախատեսված դեպքերում վարչական ակտեր ընդունելու լիազորություններ, ինչն օրինականության սահմանադրական սկզբունքի հաջորդ կոպիտ խախտումն է:

Ավելին` Կառավարության որոշման մեջ խախտվել է մարդու իրավունքների սահմանափակումներին վերաբերող այնպիսի պահանջ, ինչպիսին որոշակիության սկզբունքն է, որը` համաձայն Սահմանադրության 79-րդ հոդվածի, նախ՝ պահանջում է, որպեսզի մարդու հիմնական իրավունքների սահմանափակումները սահմանվեն միայն օրենքով, այլ ոչ թե որևէ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, ինչպիսին է Կառավարության քննարկվող որոշումը։ Նույն հոդվածը  պահանջում է  նաև, որ սահմանվեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, դրանք լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողներն ու հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Այս առանցքային սկզբունքին ակնհայտորեն հակասում են Կառավարության որոշման հավելվածում անձանց նկատմամբ «այլ սահմանափակող միջոցառումներ» կիրառելու իրավասությունը (5-րդ կետ), պարետի կողմից սահմանված «համապատասխան վայրերում» անձանց մեկուսացնելու լիազորությունը (5-րդ կետ), ընդ որում, պարզ չէ, թե որքան կարող են այդ անձինք մեկուսացվել, այսինքն, իրականում ազատությունից զրկվել այդ վայրերում, ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակող միջոցառումների իրականացումը պարետի ցուցումով «այլ»  (անհայտ) մարմինների կողմից (8-րդ կետ), ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը «պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով»  պետության կողմից օգտագործվելու հնարավորությունը (10-րդ կետ), ՔԿՀ-ներում «պարետի ցուցումով այլ գործունեությունը» սահմանափակելը կամ արգելելը (12-րդ կետի 3-րդ ենթակետ), ՊՆ զորամասերում «պարետի ցուցումով այլ գործունեությունն» արգելելը (14-րդ կետի 4-րդ ենթակետ), «պարետի ցուցումով այլ միջոցառումները» որպես հանրային որակելը (17-րդ կետի 4-րդ ենթակետ), և այլն:

– Որքանո՞վ են իրավաչափ ԶԼՄ-երին ներկայացվող սահմանափակումները։

– Առանց չափազանցության, ոչ միայն իրավաչափ չէ, այլև ողջամիտ չէ Կառավարության որոշման հավելվածի 26-րդ կետում իրավաբանական պատասխանատվության օրենքով չնախատեսված միջոց սահմանելը ԶԼՄ-ների և այլ սուբյեկտների համար, մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1823-րդ հոդվածի 8-րդ մասով վարչական պատասխանատվություն է առաջացնում միայն զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը, որի համար նախատեսված է տուգանք, մինչդեռ Կառավարությունն ապօրինաբար սահմանել է արգելված հաղորդումները «անհապաղ վերացնելու» պատասխանատվության միջոց, նաև ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, ինչը պետք է սահմանվեր օրենքով` որպես տուգանքից բացի կամ տուգանքի փոխարեն կիրառվող պատասխանատվության հավելյալ միջոց:

– Որպես ամփոփում. այս ամենն ինչի՞ հետևանք է։

– Վերոգրյալ մանրամասն իրավական վերլուծությունը, այն էլ՝ դեռ ոչ ամբողջական, պարզ է դարձնում, որ գործող Կառավարությունը բոլոր հարցերում, նույնիսկ՝ ամենատարրական, լավագույն ցանկության դեպքում անգամ, ունակ չէ և կոմպետենտ չէ, որպեսզի պահպանի օրինականությունը, ինչը նաև պարզ է դարձնում, որ նրան խանգարում է ոչ թե Սահմանադրությունը, և, առավել ևս, Սահմանադրական դատարանի կազմը, այլ բացառապես օրինականությունը` որպես սկզբունք, քանի որ ցանկացած անկախ դատարան և Կառավարության նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնող խորհրդարան ունակ են տապալելու նման ապօրինություններով գործող Կառավարությունը: Այս Կառավարությունը դեմ է օրենքին, ինչպիսին էլ որ լինի այդ օրենքը, և ով էլ որ այն ընդունած լինի:

Վաղը նա դեմ է գնալու իր իսկ կողմից նախաձեռնած օրենքներին կամ Սահմանադրության փոփոխություններին, քանի որ ունակ չէ և չի ցանկանում կառավարել և կառավարվել օրենքներով: Դրա համար է Կառավարության ղեկավարն այդքան սարսափում իր ամբողջության մեջ միակ անկախ դատարանից` Սահմանադրական դատարանից, քանի որ խորհրդարանական վերահսկողությունն արդյունավետ չէ, իսկ առանձին անկախ դատավորների շրջանցելու հնարավորություն միշտ էլ կարող են գտնվել, բայց պետության մեջ առանցքային դեր ունեցող և իրեն, իր Կառավարությանը և ԱԺ մեծամասնությանն ամեն րոպե ապօրինության մեջ «մերկացնելու», դրանց հակասահմանադրական և հակաօրինական էությունը բացահայտելու ունակ Բարձր դատարանն այսպիսի Կառավարության և Ազգային ժողովի մեծամասնության տապալման միակ ոչ քաղաքական երաշխավորն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել