Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի առաջին հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։

Դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար ու մարտի 11-ին այն վերադարձնելու որոշում կայացրել։ Երկու օր հետո՝  մարտի 13-ին, այն երկրորդ անգամ է ներկայացվել, որը կրկին մակագրվել  է դատավոր Զարուհի Նախշքարյանին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի՝ հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել նրան հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները՝ եւ փոխհատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար։ Վարչապետի դուստրը ներկայացրել էր 2 մլն դրամի գույքային պահանջ։

Հայցի առարկան Ն.Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումն էր հայտնի «իկռայի» վերաբերյալ առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում Երեւանի ռեստորաններից մեկից։

Հավելենք, որ այս հայտարարության համար Նարեկ Սամսոնյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնության հոդվածով։ Սամսոնյանը, սակայն, պնդում է, որ տեղեկությունը հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել