Միացյալ Նահանգներում գտել են ռոք-ն-ռոլի լեգենդ Էլվիս Փրեսլիի առանձնատունը, որը նա գաղտնի ձեռք է բերել Միսիսիպի նահանգի Քոլդուոթեր քաղաքում: Մեծ հողամաս ունեցող տունը կարելի է գնել 485 հազար դոլարով: Այս մասին հաղորդվում է բնակարան գտնելու վերաբերյալ հայտարարությունների ամերիկյան Realtor.com ծառայության կայքում:

33 ակր (13 հա) հողամասում կա տուն, խորդանոց և արհեստանոց: Առանձնատունն ունի երկու սենյակ և երկու լոգարան: Պահպանվել է նաև երաժշտի ավտոմեքենան. 1955 թ.-ի կապույտ-սպիտակ Buick-ը՝ փամփուշտների անցքերով: Պորտալի տեղեկություններով, Էլվիս Փրեսլին տարված էր հրաձգությամբ և իր ավտոմեքենան օգտագործում էր որպես թիրախ:

Անշարժ գույքի գործակալ Բրենդի Թոդի խոսքով, մեկուսացված վայրի ընտրությունը պայմանավորված էր Փրեսլիի երկրպագուների ուշադրությունից հանգստանալու և վերականգնվելու ցանկությամբ: Որոշ ժամանակ անց նա կալվածքը հանձնել է իր մորը, իսկ որոշ ժամանակ անց այն անցել է նրա քեռուն: Էլվիս Փրեսլիի անունը երբեք չի եղել տան սեփականատերերի ցանկում, ինչն, ըստ Թոդի, կապված է հարկերը վճարելուց խուսափելու ցանկության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել