168.am-ը գրում է․

168.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Մարտի սկզբին կայացած լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքների ամփոփմանը  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի փորձը  ներգրավելու են ադրբեջանական բանակի պատրաստության պլանում: Գաղտնիք չէ, որ թուրքական մարտական  ԱԹՍ-ները բավականին հաջող արդյունքներ են գրանցում Սիրիայում տեղի  ունեցող մարտական  գործողություններում, իսկ Ադրբեջանը նմանօրինակ տեխնիկա ձեռք բերելու քայլեր է կատարում: Ըստ այդմ`  հնարավո՞ր է Արցախում «իդլիբյան» սցենար, եթե ոչ, ապա ի՞նչ բնույթի սադրանքի սպաել արցախյան, ինչու չէ`  հայաստանյան հատվածում:

– Ադրբեջանն ու Թուրքիան միջպետական մեծ թվով համաձայնագրեր ունեն, որոնք կարգավորում են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական բնագավառում: Քաղաքական, տնտեսական, քարոզչական, ռազմական բնագավառներում այս երկու երկրները խորը համագործակցություն ունեն, որոնց գոյությունը, ըստ էության, վնասում է տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

Թուրքիան, ինչպես 90-ականների պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ ներառյալ ապրիլյան մարտական գործողության ժամանակ, ուղղակի և անուղղակի աջակցել է Ադրբեջանի գործողություններին:

Այնպես որ` չբացառելով հերթական սադրանքը, հույս ունեմ, որ նրանք այս փուլում նման արկածախնդրության չեն դիմի, հակառակ դեպքում` պատասխանն անհամաչափ է լինելու:

-Արցախի ընտրությունների, ինչու չէ` աշխարհում կորոնավիրուսի հետ կապված, արդյո՞ք հատուկ  զգոնություն է սահմանված մարտական հերթապահության համատեքստում:

– Արցախի Պաշտպանության բանակն իր խնդիրը ցանկացած իրավիճակում բարձր մակարդակով է իրականացնում: Քաղաքական, հասարակական տարբեր նշանակություն ունեցող կարևոր միջոցառումների օրերը բացառություն չեն. ըստ անհրաժեշտության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում:

-Աշխարհում ստեղծված առողջապահական արտակարգ իրավիճակը, և դրան հաջորդելիք հնարավոր տնտեսական վիճակն ի՞նչ ռիսկեր է առաջացնելու սպառազինությունների մրցավազքում, հակամարտությունների խնդրում,  մասնավորապես` արցախյան կոնֆլիկտում  և  Ադրբեջանի վարքագծում: Ադրբեջանի դեպքում չմոռանանք նաև նավթի գների անկումը, իսկ գուցե այս ամենը զսպի՞ ադրբեջանական արկածախնդրությունը կամ ախորժակը:

– Այս պահին դեռ դժվար է ամբողջական գնահատականներ ներկայացնելը: Թեմային ճիշտ կլինի անդրադառնալ մի քանի ամիս անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել