Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին. նա 92 տարեկան էր:

Ինչպես նշում է theguardian.com-ը, Գրեգոտին հոսպիտալացվել էր Միլանում:

Գրեգոտիի նախագծած հայտնի շինությունների ցանկում են Բարսելոնայի Ամառային օլիմպիական խաղերի մարզադաշտը, Գենոայի «Մարասի» մարզադաշտը, Միլանի «Արչիմբոլդի» օպերային թատրոնի շենքը:

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ: Այսպիսով՝ կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է՝ հասնելով 1809-ի:

Երկրում այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 20 603 է։ Վարակման դեպքերի աճը նույնպես ռեկորդային է և մեկ օրում հասնում է 2853-ի։

«Մենք գրանցել ենք ապաքինման 369 դեպք, ընդհանուր թիվը կազմում է 2335»,- նշել Բորելին։

Նրա խոսքով՝  Իտալիայում մահվան ելքով դեպքերի դինամիկան արդեն հավասարվել է հիվանդությունից ապաքինման դեպքերի դինամիկային․ ապաքինվածների և վարակվածների թիվը կազմում է 24.7 հազար։

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել