168.am-ը գրում է.

Տարին նոր է մեկնարկել, և տնտեսությունը դարձյալ կանգնած է նույն խնդրի առաջ։ Կառավարությունն այդպես էլ չի կարողանում կարգավորել պետական բյուջեի ծախսերը։ Նախորդ տարվա հիվանդությունն այսօր էլ շարունակում է նույնքան արդիական մնալ. կառավարությունը հարկերի տեսքով փողը դուրս է բերում տնտեսությունից և բյուջետային ծախսերը կատարելու փոխարեն՝  ավանդ է դնում բանկերում։

Դա որքան էլ լրացուցիչ եկամուտ է ապահովում բյուջեի համար, այնուհանդերձ մեծապես վնասում է տնտեսությանը։ Պետության փողերն ավանդ դնելն ամենևին էլ դրանք արդյունավետ օգտագործելու լավագույն տարբերակը չէ։ Բայց քանի որ կառավարությունը չի կարողանում ժամանակին իրականացնել նախատեսված ծախսերը՝ ստիպված դրանք պահում է բանկերում։

Միայն հունվարին բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից կառավարությունը ստացել է շուրջ 1,2 մլրդ դրամի տոկոսավճար։ Այն ավելի քան 106 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եկամուտների համեմատաբար բարձր և ծախսերի ցածր կատարողականի հետևանքով հունվարին բյուջեի ազատ միջոցները շարունակել են ավելանալ։

«2020 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 70,1 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի համար ծրագրված 40,6 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51,9 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: Բյուջեի հավելուրդը հիմնականում պայմանավորված է եկամուտների համեմատաբար բարձր և ծախսերի համեմատաբար ցածր կատարողականներով, որոնց արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներն աճել են 81,7 մլրդ դրամով»,- բյուջեի կատարման հաշվետվության մեջ արձանագրել է Ֆինանսների նախարարությունը։

Ինչպես նախորդ տարի, կառավարությունը կանգնած է նույն դիլեմայի առաջ՝ բյուջեն կրկին հավելուրդային է։ Հունվարին բյուջեի մուտքերն ավելի քան 86 տոկոսով գերազանցել են ծախսերը։ Հավաքվել է 151 մլրդ դրամ, ծախսվել է ընդամենը 81 միլիարդը։ Բյուջեի հավելուրդը կազմել է 70 մլրդ դրամ։

Երբ երկրում կան կուտակված բազմաթիվ խնդիրներ՝ սա ուղղակի անթույլատրելի է, որից կառավարությունը չի կարողանում ձերբազատվել։ Կարևոր չէ, թե դա ինչի հետևանք է։ Այն միանշանակ բացասական երևույթ է տնտեսության համար։ Երբեք չի կարելի փողը դուրս բերել տնտեսությունից ու երկար ժամանակ պահել անաշխատ վիճակում։ Առավել ևս, երբ տնտեսությունն էժան փողի լուրջ կարիք ունի։

Որքան էլ վարկային շուկան Հայաստանում ակտիվացել է, այնուհանդերձ, այն հիմնականում տնտեսության համար չէ։ Բանկային կապիտալը թանկ հաճույք է՝ ինչպես արտադրական գործունեություն կազմակերպելու, այնպես էլ՝ տեխնիկական վերազինում իրականացնելու համար։

Իսկ ներդրումների մասին խոսելն այլևս անիմաստ զբաղմունք է դարձել։ Հայաստանի տնտեսությունը չի կարողանում ներդրումներ գեներացնել։ Սպասումները, որ դա ժամանակի հարց է, խաբկանք են։ Ժամանակն անցնում է, իսկ ներդրումային ակտիվություն չկա։ Շատ ներդրումային ծրագրեր, որոնք, կառավարության հավաստիացումներով՝ վաղուց պիտի իրականացված լինեին, պարզվում է՝ արդեն անցել են պատմության գիրկը։

Այսպիսի պայմաններում առավել ևս ոչնչով չի կարող արդարացվել այն, ինչ անում է կառավարությունը։ Միայն հունվարին տնտեսությունից դուրս է եկել և չի վերադարձվել շուրջ 70 մլրդ դրամ։ Խոսքը գրեթե 150 մլն դոլարի մասին է։

Պատճառը ծախսերի ցածր կատարողականն է։ Առաջին եռամսյակում կառավարությունը նախատեսել է իրականացնել շուրջ 400 մլրդ դրամի ծախս։ Հունվարին կատարել է դրա ընդամենը 20 տոկոսը։ Առաջին եռամսյակի ծրագիրն ապահովելու համար հարկավոր է փետրվար-մարտին իրականացնել շուրջ 240 մլրդ դրամի ծախս, ինչի հավանականությունը՝ դատելով առկա տեմպերից, շատ քիչ է։

Թեև այս տարի որոշակի ակտիվություն կա կապիտալ ծախսերի ֆինանսավորման առումով, այնուհանդերձ, դրանց կատարողականը ևս բարձր չէ։ Հունվարին ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են առաջին եռամսյակի համար պլանավորվածի ընդամենը 17,8 տոկոսը։

Ի տարբերություն ծախսերի, բյուջեի եկամուտների և հատկապես՝ հարկային եկամուտների, կատարողականը տարեսկզբին բավականաչափ բարձր է։ Հունվարին ՊԵԿ-ը ցույց է տվել շուրջ 147 մլրդ դրամի մուտք, ինչը 44 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Մուտքերի աճը բարձր է, բայց դա պայմանավորվել է նաև Պետեկամուտների կոմիտեի այն հայտնի գործողություններով, որոնց արդյունքում 2018թ. վերջին բյուջեում անհասկանալի մեծ գումարներ հայտնվեցին։ Հետագայում դրանք՝ որակելով որպես սխալ փոխանցված գումար, հետ վերադարձվեցին տնտեսվարողներին։ Արդյունքում՝ 2018թ. բյուջեի կատարողականը բարձրացավ, բայց իրականում բյուջեն ոչինչ չստացավ։

Նման խնդիրներ կային շահութահարկի, ինչպես նաև բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների հետ կապված։ Դրա հետևանքով անցած տարվա հունվարին շահութահարկի մուտքերը կազմեցին -1,4 միլիարդ, իսկ բնապահպանական հարկինը և բնօգտագործման վճարներինը՝ -939 մլն դրամ։ Այդ երկու հարկատեսակների մասով բյուջեն նունիսկ կորուստներ ուներ։ Մի բան, ինչն այս տարի չկա։ Թերևս, դա էլ նպաստել է, որպեսզի հարկային մուտքերի կատարողականն ավելի բարձր լինի։

Իհարկե, բյուջեի եկամուտների կատարողականի առումով տարօրինակություններն այսքանով չեն ավարտվում։ Հակասական պատկեր է ԱԱՀ մուտքերի առումով։

Հունվարին, ըստ Ֆիննախի, ԱԱՀ մուտքերը կազմել են 51,2 մլրդ դրամ, որից 25 միլիարդը ստացվել է՝ ներմուծման, 26,3 միլիարդը՝ ներքին արտադրության հաշվին։ Նախորդ տարվա հունվարին Ֆիննախն արձանագրել էր ԱԱՀ 38,6 մլրդ դրամի մուտք, որից 11,9 միլիարդը՝ սահմանին հարկումից, իսկ 26,8 միլիարդը՝ ներքին շրջանառությունից։

Ստացվում է, որ այս տարի ներքին տնտեսությունից գանձված ԱԱՀ-ն կրճատվել է, փոխարենը՝ սահմանին կտրուկ ավելացել է։ Այն դեպքում, երբ հունվարին ներմուծումը չնչին՝ ընդամենը 2,2 տոկոս աճ է ապահովել, և դա չէր կարող մուտքերի նման էական շեղում տալ։ Որպեսզի այս ակնհայտ անհամապատասխանությունը չերևա՝ վերցրել ու ԱԱՀ գծով անցած տարվա մուտքերում վերաբաշխումներ են կատարել։

Եվս մեկ տարօրինակություն, որը կապված է սոցիալական վճարների հետ։ Այս տարվա հունվարին ՊԵԿ-ի ներկայացրած հաշվետության մեջ սոցիալական վճարներից մուտքերը զրո դրամ են։ Այնինչ՝ Ֆիննախի հաշվետվության մեջ արձանագրված է, որ հունվարին սոցիալական վճարները կազմել են 2,2 մլրդ դրամի մուտք, ինչն ավելի քան 47 տոկոսով գերազանցել է 2019թ. ցուցանիշը։

Թե ո՞րն է այս «անհարթությունների» պատճառը, պարզ չէ։ Բայց որ դրանք կարող են տարբեր ենթադրությունների ու կասկածների տեղիք տալ, միանգամայն բնական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել