168.am-ը գրում է․

168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցել ենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ

– Պարոն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսի դեպքերի գրանցման այս խառը իրավիճակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելը. սովորաբար նման իրավիճակում բոլորն արտակարգ ռեժիմով են աշխատում:

– Բնականաբար, աշխատում են արտակարգ ռեժիմով, հատկապես՝ տեղական իշխանությունները, և Երևան քաղաքում ՏԻՄ մասին օրենքով՝ համաճարակների դեմ պայքարի կամ դրանց ռիսկերի կառավարման լիազորությունը պատկանում է հենց քաղաքապետին, որովհետև վտանգն իսկապես մեծ է, և քաղաքապետը պետք է լինի իր տեղում և աշխատանք կատարի: Մինչդեռ, մենք գիտենք, որ քաղաքապետը գտնվում է չհայտարարված արձակուրդում, այսինքն՝ մեկ էլ պատահական մամուլից իմացանք, որ նա արձակուրդում է, և անգամ չգիտեինք՝ երկրո՞ւմ է, թե՞ ոչ: Պարզվեց, որ երկրում է, հիմա էլ տարօրինակ է, որ չի վերադառնում արձակուրդից: Անգամ վարչապետն այս արտառոց իրավիճակում դադարեցրեց արձակուրդը, վերադարձավ աշխատանքի և միջոցներ են ձեռնարկում:

Հիմա քաղաքի մասով էլ մենք բազմաթիվ անելիքներ ունենք, բազմաթիվ կարգավորումներ պետք է մտցնել, որպեսզի վիրուսի տարածումը կանխվի, և դա պետք է սկսել թե՛ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքը փոփոխելով, թե՛ համայնքապատկան բազմաթիվ պոլիկլինիկաներ կան, որոնք պետք է բերվեն արտակարգ պատրաստության, և շատ այլ բաներ, որ պետք է անի քաղաքապետը՝ իր անմիջական կառավարմամբ: Բայց քաղաքապետը դեռևս շարունակում է մնալ արձակուրդում՝ անհասկանալի պատճառներով, հուսով եմ՝ դրա խնդիրն ինքնամեկուսացումը չէ, որովհետև քաղաքն ամեն դեպքում պետք է ունենա օպերատիվ գործող քաղաքապետ, որը կլուծի իր առջև դրված խնդիրները:

– Իսկ որևէ օրենսդրություն արգելո՞ւմ է քաղաքապետին՝ նման իրավիճակում լինել արձակուրդում:

– Այստեղ ոչ այնքան օրենքի խնդիրն է, եթե չեմ սխալվում՝ իր վճարովի արձակուրդն էլ է սպառել, բայց դա էական չէ: Մենք այս պահին ունենք խնդիր և՛ երկրում, և՛ ամբողջ աշխարհում, և նա պետք է րոպե առաջ վերադառնա, քննարկում կազմակերպի գոնե ավագանու խմբակցությունների ղեկավարների հետ, որպեսզի ձեռնարկվեն միջոցներ, քննարկվի՝ ինչ պետք է արվի: Ես համոզված եմ, որ համատարած ախտահանման աշխատանքներ պետք է իրականացվեն, պետք է գնահատվի պոլիկլինիկաների պատրաստությունը: Տա Աստված, որ սրումը շատ չլինի, բայց եթե այդպես եղավ, մեր բոլոր համայնքապատկան կառույցները պետք է օգտագործենք, որպեսզի կարողանանք թե՛ վարակված մարդկանց աջակցություն ցուցաբերել, թե՛ չվարակվածներին փորձել զերծ պահել դրանից: Այսինքն՝ այս պահին պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ հուսալով, որ դա տեղի չի ունենա: Իսկ դրա համար քաղաքապետը պետք է լինի իր տեղում և պատրաստակամ՝ այս մարտահրավերներին դիմակայելու: Ձեր եթերից ևս մեկ անգամ քաղաքապետին խնդրում եմ վերադառնալ և պատրաստակամություն եմ հայտնում՝ հանդիպելու և քննարկելու:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի վերադառնում:

– Փոքր ինչ ճանաչելով քաղաքապետին՝ կարծում եմ, որ նա որոշակի մտավախություններ ունի զանազան վիրուսներից, վարակներից, բայց կարծում եմ՝ բոլորս էլ այդ մտավախություններն ունենք, անհատական պաշտպանության, հիգիենայի խնդիր ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք մեր պարտականությունները չպետք է կատարենք: Անգամ իմ աշխատավայրում՝ մասնավոր կազմակերպությունում, մեզ տեղեկացրել են, որ կարող ենք աշխատանքի չգնալ, բայց ես այսօր, ինչպես նախորդ օրերին, ներկայացել եմ աշխատանքի, բնականաբար, ռիսկերը գնահատելով, փորձելով պաշտպանվել: Եթե վարչապետը վերադարձել է, քաղաքապետն առավել ևս պետք է վերադառնա՝ անկախ նրանից՝ ունի՞ վախեր վիրուսից, թե՞ ոչ: Պետք է այդ վախերը հաղթահարի և վերադառնա աշխատանքի:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ վախերի պատճառով է արձակուրդում:

– Տեսեք՝ Էջմիածնի քաղաքապետը երեկ լայվով հանդես եկավ, փորձեց Էջմիածնի քաղաքացիներին հանգստացնել, թեպետ քաղաքում ձայնային ազդանշաններով շրջում էին Շտապօգնության մեքենաները: Այսինքն՝ քաղաքապետի պահվածք էր, ուղիղ լիազորություն չուներ, բայց հանգստացնում էր մարդկանց: Հիմա Երևանի քաղաքապետն ո՞ւր է, վերջին անգամ մարդիկ ե՞րբ են տեսել Երևանի քաղաքապետին: Ի վերջո, Երևանը սիրելը միայն խոսքերով չէ, պետք է գործերով ցույց տալ: «Մետրոպոլիտենն» իր նախաձեռնությամբ ախտահանում էր անում, բա մյո՞ւս տրանսպորտի տեսակները, նախակրթական հաստատությունները: Անգամ ես չգիտեմ՝ համայնքապատկան կառույցների որ ծավալն է գործում: Մենք ունենք բազմաթիվ կառույցներ, որոնք ուղղակի շփվում են մարդկանց հետ:

– Երևանի ավագանին ի՞նչ է պատրաստվում անել այս իրավիճակում, առաջիկայում նիստ նախատեսվո՞ւմ է՝ կորոնավիրուսի հետ կապված:

– Վիրուսի հետ կապված՝ ոչ, մարտի 19-ին ունենք ավագանու նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի կատարողականը, բայց կարծում եմ՝ որպես թեմա՝ պետք է շոշափվի նաև այս խնդիրը: Նաև կարծում եմ՝ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ: Մենք դանդաղկոտություն ենք ցուցաբերում, սպասում ենք, որ դա գործադիրը պետք է անի, բայց եթե գործադիրն այդպես էլ դա չնախաձեռնի, ես կդիմեմ խմբակցության ղեկավար իմ գործընկերներին, որպեսզի մենք հավաքվենք և հասկանանք՝ ինչ ուղղությամբ պետք է շարժվել: Մարտի 19-ին ակնկալում եմ քաղաքապետի մասնակցությունը նիստին, հույս ունեմ, որ գոնե կատարողականի նիստը բաց չի թողնի, որովհետև դա շատ կարևոր քննարկվող փաստաթուղթ է:

Ես չեմ հիշում այդպիսի դեպք նախկինում, որ երկրի ղեկավարը կամ քաղաքապետը գնային արձակուրդ և գոնե մի մամուլի հաղորդագրություն չտարածեին այդ մասին: Բոլորը միշտ ասում էին՝ մենք գնում ենք արձակուրդ, հիմա եթե դուք այդքան սուպեր-թափանցիկ եք, ինչո՞ւ չհայտարարեցիք, որ քաղաքապետը գնում է արձակուրդ: Դա արտառոց բան չէ, այդտեղ կրիմինալ չկա, պարզապես նորմալ պրակտիկա է: Հիմա, ե՞րբ է վերադառնալու, ես հարցնում եմ, մամուլի խոսնակն ասում է՝ երևի եկող շաբաթ:

– Ամեն դեպքում, հույս ունեք, որ մարտի 19-ի նիստին նա ներկա կլինի:

– Եթե կատարողականի նիստին չներկայանա, ավելի լավ է՝ իր ինագուրացիային էլ չգար, պրծնեինք, էլի: Պարզ է, որ կատարողականի նիստին պետք է գա. այդպիսին է ակնկալիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել