Pastinfo.am-ը գրում է․

«Կառավարությունը պատասխանատվությունը թողնում է քաղաքացիների վրա, ինչը մտահոգիչ է։ Մարդը կարող էր չասել, մարդը կարող էր նույնիսկ չիմանալ, որ ինքը կորոնավիրուսով հիվանդ է, սակայն կառավարության պարտականությունների մեջ է մտնում ապահովել բնակչության կոլեկտիվ անվտանգությունը եւ թույլ չտալ, որ դա մնա միայն քաղաքացու ինքնագիտակցության վրա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գեւորգ Գրիգորյանը ՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման խնդրին ու վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությանը։

Նշենք, որ կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար կառավարությունում հրավիրված խորհրդակցության ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ Էջմիածնի բնակիչը, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս, պետությունից թաքցրել է ջերմություն ունենալու փաստը, կաթիլային է ընդունել եւ որոշում է կայացրել մասնակցել նշանդրեք՝ այդ ընթացքում շփվել է վարսավիրի, ոսկերչի, խնջույքի մասնակիցների հետ, ինչի հետևանքով էլ ըստ վարչապետի, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակը։ «Այս դեպքում որքան էլ տարօրինակ հնչի, անհատական ջանքի ու պատասախանտվության, գիտակցության հարց է»,- հայտարարել է Փաշինյանը։

Գեւորգ Գրիգորյանի խոսքով, կառավարությունը երկակի ստանդարտ է կիրառում՝ մի դեպքում պատասխանատվությունը թողնում է քաղաքացու վրա, մյուս դեպքերում՝ համապատասխան միջոցների է դիմում։ «Ինչպե՞ս է պատահում, որ օրինակ բալային համակարգը , ծխախոտի դեմ պայքարը չի մնում քաղաքացու գիտակցության վրա, այլ օրենքով ամրագրվում է, իսկ ինչո՞ւ օրենքով չի ամրագրվում մարդկանց կարանտինը, հսկողությունը։ Սա երկակի ստանդարտ է, ինչն ընդունելի չէ»։

Ըստ մեր զրուցակցի, վարչապետի կոչերն ու լայվերը ուշացած են։ «Այսպես շարունակվելու պարագայում, այսինքն, ուշացած որոշումներ կայացնելու պարագայում մենք ունենալու ենք կորոնավիրուսի տարածման դեպքեր, որովհետեւ հիմա, երբ ունենք տեղում հարուցման դեպք, ոչ թե պետք է նման կոչերով եւ միայն ուսումնական հաստատությունները փակելով սահմանափակվել, այլ կարանտինի ենթարկել ամեն ինչ ՝ ամրագրված հրամանով փակել ռեստորանները, առեւտրային կենտրոնները եւ չբավարարվել այդ վայրերը չգնալու խնդրանքով։ Անհրաժեշտ է փակել նաեւ գրասենյակները, մեծ սուպերմարկետները։ Ինչ-որ լիմիտավորված, կարճ ժամանակահատված թողնել, օրինակ, մինչեւ երկուշաբթի, որ մարդիկ կարողանան առեւտուր անել եւ ժամանակավորապես փակել՝ մարդկանց տեղաշարժը նվազագույնի հասցնելով», -առաջարկում է Գեւորգ Գրիգորյանը

Ըստ Գեւորգ Գրիգորյանի, միայն այս պարագայում կարող ենք ունենալ իրավիճակի կայունացումն եւ կկարողանանք ինչպես Փաշինյանն է ասում ՝ հատիկ-առ հատիկ գտնել վարակակիրներին եւ զբաղվել նրանց բուժմամբ։

«Ես դեռ մեկ ամիս առաջ էին ասում, որ պետք է սահմանները փակել։ Հիմա ես ասում եմ հաջորդ քայլը, որը կրկին չի արվելու, քանի որ իրենց առողջապահության մասնագետը հենց առողջապահության նախարարն է, որը կոմպետենտ չէ նման իրավիճակներում գործունեություն ծավալել։ Նման պայմաններում կանխատեսում եմ, որ կունենանք բազմաթիվ նոր դեպքեր»։

Գեւորգ Գրիգորյանի խոսքով, միակ օղակը, որը պատրաստ է դիմակայել կորոնավիրուսին, հիվանդանոցային համակարգն է եւ պրակտիկ բուժաշխատողները, որոնց ուսերին մնալու է այդ պայքարը. «Որքան քիչ կառավարությունը եւ նախարարությունը խանգարեն բուժաշխատողներին , այնքան ավելի շուտ մենք կկարողանանք հաղթահարել վարակը»։

Միեւնույն ժամանակ Գեւորգ Գրիգորյանը նշում է, որ միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն իր անձնակազմով եւ ռեսուրսներով չի կարողանա հաղթահարել իրավիճակը։ Ըստ մասնագետի, անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր հիվանդանոցում առանձնացվեն բաժանմունքներ, որտեղ ըստ անհրաժեշտության, կհոսպիտալացվեն հիվանդները։

«Առաջարկում եմ, որպեսզի կոնսոլիդացվեն բժշկական բոլոր ուժերը, բայց դա պետք է արվի ոչ թե առողջապահության նախարարության արատավոր գործելաոճի, այլ գրագետ բուժանձնակազմի ու բժիշկների շուրջ, որոնք կկարողանան համակարգել այդ ամենը, որովհետեւ , ինչպես տեսնում ենք, առողջապահության նախարարը կամ կաշկանդված է այդ գործընթացն իրականացնելու հարցում կամ կոմպետենտ չէ»։

Ինչ վերաբերում է ինքնամեկուսացման կոչին, Գեւորգ Գրիգորյանը հարցնում է. «Ի՞նչ են հասկանում դրա տակ, տանը մնա՞լ, իսկ տանը ուրիշ մարդիկ չկա՞ն։ Ինքնամեկուսացումը, որը Եվրոպայից ընդօրինակած տերմին է, պետք չէ անընդհատ կիրառել, որովհետեւ այնտեղ գերակշիռ մեծամասնությունը մենակ կամ երկու հոգով են ապրում, այդ դեպքում ինքնամեկուսացմումը տրամաբանական է, բայց մեզ մոտ բազմամարդ ընտանիքներ են, ինքնամեկուսացումը ո՞րն է»։

Նշենք, որ մինչեւ նյութը պատրաստում էինք, հայտնի դարձավ , որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 8-ի։ «Մեկուսացված անձանց շրջանակից , որոնք շփում էին ունեցել Էջմիածնի պացիենտի հետ, երկու անձի մոտ դրական հաստատված թեստ ունենք։ Այն անձինք, որոնք մեկուսացվել էին, տեղափոխվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս պահին նրանք իրենց լավ են զգում և հատուկ գանգատներ չունեն։ Եվ սա կարծեք թե դարձել է մի ախտանիշ, երբ ջերմությունը բարձրանում է, բայց հետո իջնում է։ Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են։ Այժմ պարզվում է՝ կան մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք, թե ոչ։ Ունենք 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են։ Համաճարակաբանական առումով դա ավելի լավ է, քան ութ անկախ դեպք ունենալը»,-ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել