Pastinfo.am-ը գրում է․

Վերաքննիչ դատարանը որդեգրել է մի գործելաոճ, որը շատ մոտ է անգործությանը, եթե չասեմ կամայականությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բավրայի» գործով մեղադրյալի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է «Բավրայի» գործով մաքսակետի տեսուչին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Պաշտպանական կողմը ստացել է դատարանի որոշումը և պատրաստվում է բողոքարկել այն։

Հովհաննիսյանի խոսքով՝ դատարանն օգտագործել է անթույլատրելի ապացույցներ։ «Այս հարցի մասին բազմիցս խոսել ենք բազմաթիվ գործերով, բայց այս գործով փաստն առավել քան ակնառու է։ Կալանավորման միջնորդությանը կից նյութերում առկա էր ներքին և արտաքին դիտման մասին արձանագրություն, սակայն այդ օպերատիվ հետախուզական միջոցառման մասին դատարանի օրինական որոշում առկա չէր։ Թե Առաջին ատյանում և թե Վերաքննիչում նշել ենք, որ դատարանի որոշման բացակայությունն ակնհայտորեն վկայում է այդ արձանագրության անթույլատրելիության մասին և անկախ դրանում առկա տեղեկությունների բովանդակությունից, այն չի կարող հանդիսանալ հիմնավոր կասկածի մասին փաստող ապացույց։ Վերաքննիչ դատարանում, այդ հարցի շուրջ բանավիճելիս նախագահող դատավորին հայտնեցի, որ, եթե նախագահողի դիրքորոշումն այդպիսին է, ապա նյութերին կից կարող են ներկայացվել, օրինակ՝ Չարենցի բանաստեղծությունները և դատարանը կրկին դրանց չի կարող անդրադառնալ, ինչին՝ նախագահող Լուսինե Աբգարյանը ոչինչ չպատասխանեց»,- նշեց պաշտպանը։ Նրա խոսքով՝ սա լուրջ խնդիր է և համակարգային լուծում է պահանջում։ «Այլապես ստացվում է, որ անձի կալանավորման հիմքում կարող են դրվել ցանկացած անթույլատրելի ու ոչ վերաբերելի ապացույցներ, իսկ դատարանն առանց դրանց անդրադառնալու պետք է միայն հաստատի, դակի կալանավորման որոշումը»,- ընդգծեց պաշտպանը ։ Հարցին, թե որն է դատարանի շահագրգռվածությունը՝ նման որոշում կայացնելու, Հովհաննիսյանը պատասխանեց, որ միակ տրամաբանական պատճառը՝ վախը ԱԱԾ-ից։ Պաշտպանը նշեց, որ այսօր շատ դատավորներ դակում են կալանքի միջնորդությունը միայն այն պատճառով, որ ներկայացնողը ԱԱԾ քննչական դեպարտամենտն է։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին՝ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե Բավրայի մաքսակետում «անցած գիշեր բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ», ինչից որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը եւ մաքսային 2 տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1.436.610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության եւ ձեւակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել