Panorama.am-ը գրում է․

Հայաստանում արդեն պաշտոնապես հաստատվել է կորոնվիրուսով վարակման վեցերորդ դեպքը։ Պարզ չէ՝ առաջիկայում հիվանդությունն անկում կապրի՞, թե հակառակը՝ ավելի մեծ թափով կտարածվի։ Եվ ավելի մեծ հարց է՝ եթե հիվանդությունը տարածվի, հայաստանյան բուժհաստատությունները պատրաստ կլինե՞ն ընդունելու և անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու վարակված քաղաքացիներին։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին առայժմ սպասարկում են միայն «Նորք» ինֆեկցիոնում։ Սակայն, եթե վիրուսը սկսի մեծ տարածում գտնել, ապա վարակվածները կմեկուսացվեն և կբուժվեն հանրապետության բոլոր այն հիվանդանոցներում, որոնք ունեն ինֆեկցիոն բաժին։

Panorama.am-ը ճշտեց՝ արդյոք հանրապետության մարզերն ունեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին սպասարկելու հնարավորություն։

Շիրակի մարզն ունի ինֆեկցիոն հիվանդանոց, և այս պահին այն միաժամանակ կարող է ընդունել 75 հիվանդների և մեկուսացնել նրանց։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդանոցում բուժսպասարկման համար անհրաժեշտ միջոցներ որոշ չափով կան և անընդհատ համալրումներ են իրականացվում։

«Մենք Գյումրիում ունենք ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց , և այն այս պահին պատրաստ է հիվանդների ընդունելու, նրանց մեկուսացնելու և բուժելու։ Փորձում ենք այս պահին ամեն կերպ հագեցնել այդ հիվանդանոցը»,- ասաց Ասլանյանը։

Ճշտող հարցին՝ կա՞ն պատրաստած բժիշկներ, ովքեր կկարողանան սպասարկել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, նա պատասխանեց՝ մենք նախարարությունից ուղեցույց ենք ստացել, և փոխանցել բուժհաստատություններին. «Նաև այդ ուղեցույցների հիման վրա բժիշկների վերապատրաստում ենք իրականացնում։ Այսինքն՝ ամեն ինչ արվում է նախարարության ցուցումներով»։

Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Նունե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մարզում գործող բոլոր 5 բուժհաստատություններում կա ինֆեկցիոն բաժանմունք։

«Մարզն ամբողջությամբ պատրաստ է կորոնավիրուսով հիվանդներին մեկուսացնելու և բուժելու, եթե լինի դրա կարիքը։ Մենք բացի ինֆեկցիոն բաժանմունքներից 3 բժշկական կենտրոններում առանձին շենքեր ունենք՝ այդ հիվանդներին սպասարկելու նպատակով»,- ասաց Գևորգյանը, հավելելով, որ բժիշկները ևս ունեն անհրաժեշտ պատրաստվածություն՝ հիվանդներին սպասարկելու համար։

Հարցին, թե քանի մահճակալ կա մարզի հիվանդանոցներում, և անհրաժեշտության դեպքում միանգամից քանի հիվանդի հնարավոր կլինի սպասարկել, Գևորգյանն ասաց՝ չի կարող նման տվյաներ տալ, քանի որ իրավունք չկա հեռախոսով բժշկական կարևոր նշանակություն ունեցող նման ինֆորմացիա տալ. «Ես միայն կարող եմ ասել, որ մենք ամբողջովին պատրաստ ենք հիվանդներ ընդունելու, եթե դրա կարիքը լինի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել