«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կորոնավիրուսով վարակված նոր` 3 անձանց մասին հայտարարությունից հետո կրկին խուճապային տրամադրություններ են Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես մարտի 1-ին, երբ հայտարարվեց վարակով առաջին հիվանդի մասին: Ու դեռ այդ օրերից բարձրաձայնվեց պատկան մարմինների ոչ արդյունավետ աշխատանքի հարցը: Եվ որքան էլ պաշտոնական ամենաբարձր մակարդակով նրանք վստահեցնեն, թե աշխատում են արտակարգ ռեժիմով, կաշվից դուրս գալով, այնուամենայնիվ, իրավիճակը միանգամայն այլ է: Ու հիմա պարզվում է` Իտալիայից ժամանածներից որևէ մեկը չի եղել պետության հոգածության կամ ուշադրության ներքո, նրանց ընդամենը Առողջապահական և աշխատանքի տեսչության աշխատակիցները գրանցել են իրենց մոտ և հորդորել տանից դուրս չգալ. անգամ թոքաբորբով հիվանդ քաղաքացուն չեն մեկուսացրել: Այս տեսչությունն ընդհանրապես քննադատության ամենամեծ բեռը պիտի կրի, քանի որ գործում են մակերեսային, աշխատանքի կազմակերպման ռեսուրս ու ռազմավարություն չունեն:

Եվ ի՞նչ եղավ. պաշտոնական` տանը մնալու հորդորից հետո վարակված քաղաքացին տղայի նշանադրությունը կազմակերպեց, հյուրերի հետ շփվեց, և ողջ Էջմիածինն այսօր խուճապի մեջ է: Իհարկե, լավ կլիներ երեկվանից փակվեին նաև Էջմիածնի սահմանները, որպեսզի գոնե այդ քաղաքից վարակը չտարածվեր երկրով մեկ, բայց դեռ չի արվում դա: Պաշտոնական մարմինները` ի դեմս ՀՀ առողջապահության նախարարի, դեռ շարունակում են պնդել, թե իրավիճակն իրենց կողմից վերահսկելի է, սակայն վարակված կինն ինքն է վատ զգացել և դիմել բժշկի: Եթե չաներ, պաշտոնական մարմիններն այդպես էլ չէին իմանա վարակակրի մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ դեռ հունվարին ստեղծվել էր Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար միջգերատեսչական հանձնաժողով, սակայն կարևոր որոշումները` Իտալիայից ժամանածներով զբաղվելու հետ կապված, կայացվեցին միայն երեկ, երբ դանակը հասավ ոսկորին, մինչդեռ կարելի էր ավելի վաղ՝ առաջին դեպքի հայտնաբերումից առաջ կազմակերպված աշխատել, իրավիճակն իսկապես վերահսկելի պահել: Իսկ ովքե՞ր են այս իրավիճակի պատասխանատուները. միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, կազմում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը և այլ անձինք:

Հ. Գ. Վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է: Նրանք կարանտինային պայմաններում կպահվեն 14 օր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել