168.am-ը գրում է.

Կենտրոնական բանկն այս տարվա մեկնարկին շարունակեց ակտիվորեն տարադրամ գնել։ Չնայած դրան, Հայաստանի միջազգային պահուստները տարեսկզբին վերստին կրճատվել են։ Այն էլ՝ բավական մեծ չափով։

Հունվար-փետրվարին Կենտրոնական բանկը գնել է շուրջ 50 մլն դոլար։ Տարեսկզբին սովորաբար հազվադեպ է լինում, որ ԿԲ-ն տարադրամ գնի. այդ շրջանում արժութային շուկայում հիմնականում հակառակ երևույթն է նկատվում, քանի որ մեծանում է տարադրամի պահանջարկը։ Բայց, ինչպես հայտնի է, դեռևս անցած տարվանից Հայաստանի արժութային շուկան գտնվում է տարադրամային հոսքերի ճնշման տակ, ինչն ըստ էության պահպանվել է նաև այս տարվա սկզբին։

Այն, որ տարվա մեկնարկին Կենտրոնական բանկը շարունակել է տարադրամ գնել, դրա վկայությունն է։ Դեռևս փետրվարի 20-ին վարչապետը շտապեց հայտնել, որ գնված դոլարի ծավալը հասել է 47,8 միլիոնի։

Բայց այդ հանգամանքը չի խանգարել, որպեսզի Հայաստանի միջազգային պահուստները տարվա սկզբին նվազեն։ Դա տեղի է ունեցել՝ ինչպես հունվարին, այնպես էլ՝ փետրվարին։ Թեև փետրվարին նվազման տեմպն անհամեմատ դանդաղել է։

Կենտրոնական բանկի տարադրամային պահուստների զգալի կրճատում է տեղի ունեցել հատկապես հունվարին։ Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ հունվարի վերջին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 671 մլն դոլար։ Մեկ ամսում դրանք նվազել են գրեթե 169 մլն դոլարով։

Փետրվարին ևս պահուստները կրճատվել են, բայց ավելի քիչ։ Այս անգամ դրանք պակասել են 12 միլիոնով։

Ընդհանուր առմամբ, 2 ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են գրեթե 181 մլն դոլարով։ Ենթադրվում է, որ դա շատ ավելի մեծ կլիներ, եթե Կենտրոնական բանկը տարեսկզբին չիրականացներ տարադրամի գնում, ինչը հասնում է շուրջ 50 մլն դոլարի։

Հրապարակված վերջին տվյալներով՝ փետրվարի 29-ի դրությամբ արտաքին պահուստները կազմել են 2 մլրդ 659 մլն դոլար։ Այն դեպքում, երբ անցած տարվա դեկտեմբերին հասել էին 2 մլրդ 840 մլն դոլարի, ինչն իսկապես աննախադեպ բարձր ցուցանիշ էր Հայաստանի համար։ Նախկինում երբևէ պահուստների նման մակարդակ չէր արձանագրվել։ Եվ դա հնարավոր եղավ, առաջին հերթին՝ ներքին ֆինանսական շուկայում ձևավորված տարադրամի բարձր առաջարկի արդյունքում։

Ազգային արժույթի վրա ճնշումը թուլացնելու նպատակով դեռ անցած տարվա մարտ-ապրիլից Կենտրոնական բանկը սկսեց բավական ակտիվ արտարժույթ դուրս բերել շուկայից։ Դա թույլ տվեց մի կողմից՝ համալրել միջազգային պահուստները, մյուս կողմից՝ զսպել դրամի արժևորումը։ Առանց դրա դրամի արժևորման տեմպն անհամեմատ ավելի մեծ կլիներ։

Այդ գործողությունների արդյունքում՝ անցած տարի Հայաստանի տարադրամային պահուստներն ավելացան գրեթե 581 մլն դոլարով՝ անցնելով 2,8 միլիարդից։ Սակայն այս տարվա սկզբին դրանք նորից կրճատվել են։

Հիշեցնենք, որ այդպիսի երևույթ դիտարկվեց նաև 2019թ. սկզբին. հունվար-փետրվարին պահուստները նվազեցին 185 մլն դոլարով, իհարկե, դա տեղի ունեցավ գերազանցապես հունվարին։ Միայն այդ ամսին պահուստները պակասեցին 265 միլիոնով։

Թե ո՞րն է եղել այս տարվա սկզբին պահուստների կրճատման պատճառը, դժվար է ասել։ Բայց ինչպես սովորաբար լինում է, դա տեղի է ունենում երկրի տարադրամային պարտավորությունների սպասարկման հետևանքով։ Այլ բան, թե տարեսկզբին հատկապես ինչ պարտավորություններ են սպասարկվել։ Ենթադրվում է, որ դա կարող էր լինել արտաքին պարտքը կամ ներմուծումը։

Այն, որ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի տարադրամային պահուստները կարող են անընդհատ փոխվել, արտառոց չէ։ Նման բան հաճախ է տեղի ունենում՝ կախված, թե այդ պահին հատկապես որ գործոններն են ավելի զգայուն։ Խնդիրն այնքան էլ պահուստների նվազումը չէ. այսօր էլ այն գտնվում է բավական բարձր դիրքում։ Նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ դրանք շուրջ 585 մլն դոլարով ավելի են։ Բայց, դրանով հանդերձ, վերջին շրջանում նկատվում են որոշակի երևույթներ, որոնք առաջիկայում կարող են փոխել արժութային շուկայում նախորդ տարվա ընթացքում և այս տարվա սկզբին ձևավորված իրավիճակը։

Տարադրամային հոսքերը ներքին շուկայում կարծես սկսել են պակասել։ Դա առաջիկայում կարող է խորանալ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, թե նախկինում ինչով էր պայմանավորվում ներքին շուկայում տարադրամային հոսքերի ակտիվացումը։

Ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկը դա կապում էր հիմնականում զբոսաշրջային հոսքերի հետ։ Եթե իրականում այդպես էր, ապա այն շուտով զգացնել կտա։

Ենթադրվում է, որ զբոսաշրջությունը կրելու է համաշխարհային նոր հիվանդության ամենաուժեղ հարվածը։ Ու դրանից անմասն չի մնալու նաև Հայաստանը։

Արդեն այժմ նկատվում է, որ տուրիզմի ոլորտում չկա ակտիվ տեղաշարժ։ Մարտ-ապրիլին ըստ էության չեն լինի նաև իրանական զբոսաշրջիկները։ Մինչև մարտի 24-ն Իրանի հետ սահմանը փակ է քաղաքացիների համար, վերականգնվել է նաև վիզային ռեժիմը։ Հազիվ թե կարելի է կարծել, որ մարտի 24-ից հետո էական փոփոխություններ կարող են կատարվել այս սահմանափակումների մեջ։ Մինչդեռ, իրանական զբոսաշրջիկները քիչ տարադրամային միջոցներ չեն թողնում Հայաստանի արժութային շուկայում։ Նրանց թիվը տարվա կտրվածքով հասնում է 150-160 հազարի, որից 30-40 հազարը գալիս է մարտի վերջին։

Մոտակա ժամանակահատվածում դրանք չեն լինի։ Հոսքերը կնվազեն նաև այլ երկրներից։ Իսկ դա նշանակում է, որ այս հատվածում ունենալու ենք տարադրամային լուրջ կորուստներ։ Դեռ չհաշված տնտեսական վնասները։

Եթե չլուծվի Հայաստանում կուտակված տրանսպորտային միջոցների վերարտահանման խնդիրը, ապա այստեղ ևս անհնարին կլինի խուսափել կորուստներից։ Անցած տարի արժութային շուկայում ձևավորված տարադրամի որոշ մասը գոյանում էր ավտոմեքենաների առք ու վաճառքից։

Մյուս կարևոր գործոնն էլ Ռուսաստանն է, որտեղ վերջին շրջանում նկատվում է ռուսական ռուբլու դիրքերի բավական ակտիվ թուլացում։ Վերջին 2 ամսում ռուբլին արժեզրկվել է ավելի քան 12 տոկոսով՝ կապված նավթի համաշխարհային գների անկման հետ։

Ռուբլու արժեզրկումը սովորաբար հանգեցնում է ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումների կամ, այսպես ասած, տրանսֆերտների կրճատման։ Դա բացասաբար է ազդում նաև այդ երկրից ստացվող զբոսաշրջային հոսքերի վրա։

Ներքին շուկայում տարադրամային հոսքերի կրճատումը վերջին օրերին արդեն զգացնել է տալիս։ Դա արտահայտվում է ազգային արժույթի արժեզրկման տեսքով։ Դրամը սկսել է թուլանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել