168.am-ը գրում է․

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թավշյա հեղափոխությունից հետո 2 տարի անց էլ չի տեսել որևէ սոցիալական մասշտաբային ծրագիր, որը միտված լիներ նրան, որ հայի վիզը ծուռ չմնար։

«Ոչ տեղյակ չեմ նման ծրագրից։ Այո՛, աղքատությունը պետք է հաղթահարել, բայց պետք է այդ ուղղությամբ աշխատել, իսկ ամեն ինչի պատասխանատուն իշխանությունն է,- այսօր 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց պատգամավորը՝ Հայաստանում առկա աղքատության մակարդակի մասին անելով հետևյալ դիտարկումը,- Ամեն օր ես չեմ հասցնում պատասխանել 800 հազար սոված քաղաքացիների դիմումներին և նամակներին»:

Ուրիխանյանի համոզմամբ՝ ծուռ վզով քաղաքացի չունենալու համար պետք է ստեղծել պայմաններ, ստեղծողը պետք է լինի առաջինը՝ պետությունը, իսկ այդ աշխատանքների համատեքստում պետք է դիտարկել նաև կոռուպցիայի և թալանի դեմ իրական պայքարը, բայց հենց այստեղ կա մի կարևոր հարց։

«Պե՞տք է անդրադառնանան կոռուպցիային, ստվերին, թալանին ու դրանից բխող մարդկանց առկայությանն այսօրվա իշխանության կազմում։ Ինձ համար զարմանալի է, տարակուսելի ու բացատրություն չունի այդ մարդկանց ներկայությունն այսօր։ Հիմա Ֆելիքս Ցոլակյանը, նախկին անարդյունավետ կառավարման, թալանի և կոռուպցիայի հետ կապ ունի՞ թե՞ ոչ, կամ այսօրվա ՊԵԿ նախագահը, որը նախկինների ժամանակ փոխնախարար էր, ի՞նչ կապ ունի այդ թալանի հետ, կամ այսօրվա ֆինանսների նախարարը, որն ամբողջ կյանքում եղել է գլխավոր գանձապետ, կապ ունի՞, իսկ Գլխավոր դատախա՞զը։ Այս մարդիկ ի՞նչ կապ ունեն կոռուպցիայի և թալանի և նախկին իշխանությունների հետ, այս կապը պետք է ներկայացվի ժողովրդին։ Հետաքրքիր է՝ ՀՀԿ-ի կողմից ընտրված, Անգլիայի քաղաքացիությունը չպարզված և Ամուլսարով հետաքրքրված Արմեն Սարգսյանը կամ Սյունիքի մարզպետն ի՞նչ կապ ունեն այդ թալանի հետ։ Կրկնում եմ՝ ինձ համար զարմանալի է, թե ինչպե՞ս է մարդը թալանի և փողերի անհայտանալու ժամանակ եղել ՊԵԿ-ում ղեկավար, բայց այսօր ամեն ինչ նորմալ է, նա հիմա թավշյա ձևով եկել է իշխանության, կամ այդ ինչպե՞ս է Վերահսկիչ պալատի նախագահը նույն մարդը մնացել»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը՝ շեշտելով, որ այս հարցերի պատասխաններն է, որ իշխանությունը պետք է ներկայացնի հանրությանը։

Պատգամավորի համար անհասկանալի է նաև, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին օլիգարխներն ու մենաշնորհների տերերն այսօր այլևս այդպիսին չեն ու պատասխան չեն տվել նախկինում այդպիսին լինելու համար։

Ուրիխանյանը հիշեցրեց, թե ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ինչպես էր ԱԺ-ում պատմում Սամվել Ալեքսանյանի՝ պետությանը պատճառած հարյուրավոր միլիոնների վնասի մասին, ու հարցրեց.

«Հիմա դա ալան-թալանի դրսևորո՞ւմ էր, հիմա ի՞նչ եղավ էդ հարցը, բա նախկինում արածի համար պատասխանատվություն կա՞, թե՞ ոչ, և սա ընդամենը մեկ օրինակ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել