Hraparak.am-ը գրում է․

Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ի՞նչ տպավորություն ունի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի վերաբերյալ, ասաց․

«Փաշինյանի քարոզարշավը ուղեկցվում է վարչական ռեսուրսի կոպիտ և լայնածավալ օգտագործմամաբ, մի քանի փաստեր արդեն նշվել են, մի փաստի մասին դեռ չի նշվել, դա կուզեի առանձնացնել։ Երբ հայտարարել էին, որ մարտի 1-ին երթ են անելու, հետո փոփոխեցին, դրանից մեկ օր առաջ ոստիկանությունը անընդհատ հաղորդում էր, որ կենտրոնը ամբողջ օրը փակ է լինելու։ Դա կուսակցական միջոցառում է, ի՞նչ գործ ուներ ոստիկանությունը, ի՞նչ գործ ուներ պետությունը։ Ես բոլորը չեմ ասում։ Փաշինյանի հայտարարություններին շատ դժվար է լուրջ վերաբերվել, տրամաբանական կամ քաղաքական բացատրություններ այնտեղ ընդհանրապես գոյություն չունեն։ Նպատակը մեկն է․ ինքը շատ լավ հասկանում է, որ անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքելը առանց խախտումների, անհնար է։ Հիմա փորձում են այս հանրաքվեն վերածել նախկինների դեմ պայքարի, ինչը ինքը միշտ ասում էր մինչև իշխանության գալը՝ «Ես թալանածը հետ պիտի բերեմ, և բաժանեմ ձեզ»։ Նորից հնչեց այս անհեթեթությունը։ Իշխանությունները, եթե չեմ սխալվում, հայտարարել էին, որ արդեն 102 միլիոն դոլարի գումար է մուտքագրվել բյուջե։ Ես հայտարարում եմ, որ սա ռեկետ է, որովհետև չկա գեթ մեկ դատավճիռ, որով բռնագրավվել է 10 դոլար կամ 1000 դրամ։ Իրականացվում է պետական ռեկետ։ Ներկայիս իշխանությունն էլ, ամբողջովին թաղված լինելով կոռուպցիայի մեջ, լրիվ փորձում է մեղադրել նախկիններին և, ըստ էության, հալածանքների նոր շղթա է սկսվում և քաղաքական հետապնդումների ավելի կոշտացում։ Սա ակնհայտ է, որովհետև այս իշխանությունները առայժմ որևէ դրական բան չեն իրականացրել։ Ավելին ասեմ՝ ավելի քան վստահ եմ, որ նրանք ի վիճակի էլ չեն դա անելու բազմաթիվ պատճառներով՝ թե՛ իրենց քաղաքական նպատակների մեջ դա չի մտնում, թե՛ իրենք անկարող են անել, թե՛ այս իշխանություններին բնորոշ ինտելեկտուալ հաշմանդամությունը։ Այնպես որ մենք մտնում ենք շատ ծանր ժամանակաշրջան, աշխարհաքաղաքական մի շարք վտանգներ կան, որոնք մեր իշխանության վեճը չեն, դրան գումարած ներքին իրավիճակը, Արցախի ներքաղաքական իրավիճակը, ընտրությունները, որտեղ Փաշինյանը չի թաքցնում, որ ուզում է բացառապես իր վերահսկողության տակ տեղի ունենա, և ուզում է այնտեղ ունենալ որպես նախագահ իր խամաճիկը»։

Հարցրինք, թե հնարավո՞ր է, որ Հրայր Թովմասյանին հեռացնելուց հետո Փաշինյանը դադարի նախկիններին ամեն ինչում մեղադրել՝ նկատի ունենալով, որ ասել էր, թե «ՍԴ-ն նախկինների վերջին փրկողակն է»․

«Ինքը ձգտում է բռնատիրության, ընդ որում դա անձի, ոչ թե  քաղաքական ուժի բռնատիրություն է․ գործադիր իրշխանություն, օրենսդիր իշխանություն, դատական իշխանության գրեթե մեծ մասը, և հիմա ՍԴ-ն։ Ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն բանի վրա, որ դեռևս որևէ օրենսդրական նախագիծ չի եղել, որ ՍԴ-ն մերժի այս վերջին 2 տարվա ընթացքում։ Նա ուզում է ունենալ գրպանային ՍԴ մի քանի հակասահմանադրական հարցեր լուծելու համար, այդ հարցերը լուծելու համար նա կարող է Սահմանադրությունը ընդհանրապես փոխել․ մի քանի կոնվենցիաներ։ Բայց հիմնական խնդիրը, որ ինքը պետք է լուծի, սեփականության վերաբաշխումն է, ինքը պետք է ստեղծի իր անձնական օլիգարխիատը, որի համար պետք է օրենքների նոր փաթեթ ընդունի, որը հնարավորություն կտա բռնագանձել ամեն ինչ առանց դատարանի որոշումների։ Վերջին օրենքը, որ ընդունվեց, խայտառակ օրենք էր, որ 90 թվականից սկսած, ամեն ինչ․․․, դա օգտագործվելու է բացարձակ սելեկտիվ, այսինքն՝ ընտրողաբար և միայն քաղաքական հակառակորդների դեմ։ Սա է իր նպատակը, իրեն սրա համար են բերել իշխանության, ինքը այս ամենը իրականացնում է, և արդեն ժամանակն է, որ հասարակությունը շատ լավ հասկանա, թե ինչ է կատարվում և ինչի համար է արվում այս ամենը»,- պատասխանեց Շահնազարյանը։

Հարցրինք նաև, թե իր տպավորությամբ Հայաստանը որքանո՞վ է կարողանում դիմակայել Կորոնավիրուսին․

«Իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար Փաշինյանը արհամարհում է այն հսկայական վտանգները․․․։ Տեսեք՝ ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, ասել, որ հանուն իր քաղաքական նպատակների կրակի հետ է խաղում, նշանակում է ոչինչ չասել, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։ Փառք Աստծո, որ ավիացիոն փոխադրողները կանգնեցրին թռիչքները Իտալիայից, որովհետև մինչ այդ իշխանությունները զբաղված էին Կորոնավիրուսի ներկրմամաբ Հայաստան։ Սանիտարական տարրական նորմերի արհամարհում․․․ , ի վերջո այս մեծագույն վտանգը ․․․, եթե ասում է՝ Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է, ինչ ասեմ, ես արդեն պետք է դիվանագիտական և գրական լեքսիկայից դուրս գամ, որպեսզի գնահատեմ այս ամենը։

Իշխանության կողմից հանցագործություն է կատարվում ՀՀ բնակչության դեմ՝ նրանց առողջապահական անվտանգությունը պահպանելու իմաստով, հետևանքները կարող են շատ ծանր լինել, Աստված չանի, որ այդպես լինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել