Hraparak.am-ը գրում է․

Մենք տեղեկություն ենք ստացել, որ թեպետ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի պաշտոնավարման վեց ամիս ժամկետը լրացել է փետրվարի 22-ին, բայց շարունակում է պաշտոնավարել և հրամաններ արձակել։

Գալոյանը նշանակվել էր 2019թ.-ի օգոստոսի 22-ին, իսկ ըստ Կառավարության համապատասխան որոշման՝ ՊՈԱԿ-ներում նախարարը տնօրենի պաշտոնակատար է նշանակում մինչև վեց ամիս ժամկետով։ «Փետրվարի 22-ից հետո Դիանա Գալոյանը ստորագրել է մի շարք ուշագրավ հրամաններ, որոնցից տուժած քաղաքացիները կարող են բողոքարկել դրանք դատարանում և հաստատ հաղթել: շուրջ 50 ուսանողի համալսարանից ազատման հրաման է ստորագրել, ինչը նշանակում է, որ ուսանողները համալսարանից ազատվել են անօրինական հրամանով:  Իմ տեղեկություններով աշխատանքից հեռացված աշխատակիցներից մեկը պատրաստվում է դատի տալ»,-փոխանցեց մեր աղբյուրը։

Փորձեցինք կապ հաստատել տիկին Գալոյանի հետ, սակայն նա նշեց, որ զբաղված է, չի կարող պատասխանել։

ԿԳՄՍ նախարարությունից էլ փոխանցեցին․ «Տեղեկացնում ենք, որ  նախարարությունում քննարկվում է սեղմ ժամկետում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ հայտարարելու մասին որոշում ընդունելու հարցը: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, և դիտարկվում էր այն, ինչպես բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը, հիմնադրամի վերակազմավորելու հարցը: Սրանով պայմանավորված՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար ավելի վաղ մրցույթ չի հայտարարվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել