Panorama.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբում  մարտի 11-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ։

Վիտալի Բալասանյանի գրասենյակի փոխանցմամբ, ասուլիսի ընթացքում «Արդարություն» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը ներկայացրել է մի շարք փաստեր ընտրարշավի ընթացքում տեղ գտած դատապարտելի երևույթների՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահման, ընտրողների վրա գործադրվող տարատեսակ ճնշումների մասին։

Կուսակցության մարզային շտաբերի պատասխանատուներ Աշոտ Սևումյանը և Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել են իրավիճակը մարզերում, ուր մրցակից թեկնածուների և քաղաքական ուժերի ներկայացուցիչները վարչական ռեսուրսների օգտագործմամբ ահաբեկում են բնակչությանը, մասնավորապես՝ «սխալ» թեկնածուի օգտին քարոզելու, քարոզ լսելու կամ քվեարկելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով։

ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը տեղեկացրել է, որ ինքը քննարկել է այս խնդիրները իր մրցակիցների հետ՝ փորձելով սկզբունքորեն բացառել այդ հոռի երևույթների առկայությունը Արցախում։ Նա հայտնել է նաև,  որ մարզերից ստացված ահազանգերը ստուգելուց հետո գրավոր ուղերձով դիմել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին, ապա հանդիպել նրա հետ՝ արդարությունը վերականգնելու և ընտրապայքարի օրինականությունն ապահովելու պահանջով:

«Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում այդ իմաստով արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է  Վիտալի Բալասանյսնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել