ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի դիմել է աշխարհի պետությունների կառավարություններին՝ կոչ անելով անհապաղ առավել ուժեղացված պատասխան միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, գրում է straitstimes.com կայքը։ 

«Համավարակի մասին այսօրվա հայտարարությունը գործողության կոչ է ամեն մեկի և ամեն երկրի համար։ Մենք դեռևս կարող ենք փոխել համավարակի ընթացքը, սակայն դա նշանակում է, որ պետք է պայքարել անգործության դեմ: Կոչ եմ անում բոլոր կառավարություններին ոտքի ելնել և հիմա ավելացնել այդ ուղղությամբ ներդրված ջանքերը»,- նշել է գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը նաև հավելել է․ «Գիտությունը հուշում է, որ եթե երկրները հայտնաբերեն, թեստ անցկացնեն, բուժեն, մեկուսացնեն, հետևողական լինեն և մոբիլիզացնեն ժողովրդին, ապա կկարողանանք վարակի տարածումը նվազեցնել»։

Այս հայտարարությամբ նա արձագանքել է ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրությանն այն մասին, որ հիվանդությունն արդեն համավարակի (պանդեմիայի) է վերածվել։ Կազմակերպությունը նաև նշել էր, որ վարակի տարածման և սրացման հիմնական պատճառն անհանգստացնող մակարդակի անգործությունն է։

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել