Panorama.am-ը գրում է.

«Գլոբալացված աշխարհում չեն կարող գործընթացները միմյանց վրա ազդեցություն չունենալ, առավել ևս չի կարող ռուս-թուրքական հարաբերությունն իր ազդեցությունը չթողնել Հայաստանի անվտանգության համակարգի, մասնավորապես, Արցախի խնդրի վրա»,-  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի  նախաձեռնած «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա․ սցենարային զարգացումներ» խորագրով քննարկմանն ասաց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց, որ այսպիսի մի բանաձև է գործում, որը պատմականորեն է ապացուցված. «Եթե ռուս-թուրքական հարաբերությունները շատ են լավանում, մեզ ձեռնտու չէ, եթե ռուս-թուրքական հարաբերությունները  շատ են ջերմանում, նույնպես մեզ ձեռնտու չէ: Բայց դրանք երևույթներ են, որոնց վրա ազդեցություն, մեծ հաշվով, չենք կարող ունենալ: Այդ երկու երկրների  հարաբերություններում ունենք մեր դերակատարումը, բայց արտաքին գործոն է մեր անվտանգության համակարգի համար, հետևաբար, պետք է ամեն ինչ անենք, որ ներսում ունենանք այնպիսի պատրաստվածություն, համակարգեր, որ ավելի քիչ կախված լինենք արտաքին գործոններից, ունենանք այնպիսի դերակատարում, որի համաձայն մեր դաշնակիցները ձգտեն մեր հետ հարաբերությունների էլ ավելի խորացման ու զարգացման, հնարավորություն տան ավելի մեծացնել մեր անվտանգության համակարգը»:

Ա.Թևանյանի խոսքով, Սիրիայում ռուս-թուրքական սրումները,  լարվածությունը, կարող է տարբեր դրսևորումներով  արտահայտվել Արցախի խնդրի վրա, որովհետև Թուրքիան կարող է փորձել որոշակի դիվիդենտներ շահել այդ տարածքներում, քանի որ Սիրիայում, մեծ հաշվով, հարվածներ է ստացել ռուսների կողմից:

«Այն, որ Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի ձեռքերով որոշակի ռևանշի հասնել Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, տեսակետները տարբեր են:  Պետք է գնանք վատագույն  սցենարով, միգուցե Թուրքիան փորձի նման քայլի գնալ, հատկապես եթե Թուրքիայում, Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք գտնում են, որ կարելի է ավելի մեծ մասշտաբներով կրկնել 2016 թ. ապրիլյան պատերազմը: Քանի որ Ռուսաստանն ուղղակիորեն  ներգրաված  չէ Ղարաբաղի  անվտանգության համակարգի մեջ, ուստի դա այն թույլ օղակն է, հասկանալի է, բարձր զգոնություն պետք է  ցուցաբերենք և ներսում պատրաստված լինենք դիմագրավելու հնարավոր մարտահրավերներին»,- ասաց քաղաքագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել