«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպքի հաստատման մասին, որոնք ժամանել են Իտալիայից: Նկատենք, որ հերթական անգամ կորոնավիրուսի դեպքի մասին առաջինը հայտնում է վարչապետը, և սա` այն պարագայում, երբ նա այս պահին պաշտոնապես գտնվում է արձակուրդում: Միայն վարչապետի հայտարարությունից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, թե երեքն էլ այժմ գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Նախարարությունը հաղորդագրությամբ վստահեցրեց, թե բոլորն ի սկզբանե` ժամանելուն պես, գտնվել են նախարարության հսկողության տակ: Եվ այս տեղեկությունը շատ տարակուսելի է, քանի որ մի օր առաջ նախարարությունն այլ բան էր ասում:

Բանն այն է, որ երեկ, երբ Իտալիայից Հայաստան ուղևորներ ժամանեցին, ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, թե նրանք գտնվում են կարանտինի մեջ, սակայն ոչ ոքի մոտ չի եղել առողջական գանգատներ և հիվանդության հիմնական ախտանիշներ: Ավելին, նա հայտնել էր, որ Իտալիայից ժամանածների համար կազմակերպվել է ինքնամեկուսացման գործընթաց, նրանք բոլորը գտնվում են իրենց տանը կարանտինի մեջ:

Այսինքն` ոչ թե նրանք մեկուսացվել են, այլ ինքնամեկուսացվել են. եկել են, օդանավակայանում ստուգվել, քարտ լրացրել և հեռացել, նույնիսկ թոքաբորբ ունեցող քաղաքացին չի մեկուսացվել հիվանդանոցում: Իսկ մնացել են տանը մյուս ժամանածները, թե ոչ՝ մեծ հարց է մնում: Եվ, ահա, հայտարարությունից մեկ օր անց պարզվում է, որ ինքնամեկուսացվածներից երեքի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ու հայտնի չէ՝ նրանք այս օրերին քանի հոգու հետ են շփվել, արդյոք այդ մարդիկ էլ են վարակված, թե ոչ:

Այսպիսով, թեև հայտարարում են, թե Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն այս օրերին գերհագեցած է աշխատում, պատասխանատու մարմինները ևս, սակայն սխալներից չենք կարողանում ապահովագրվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին քննարկվում են սահմաններում ավելի ուժեղացված ռեժիմ սահմանելու, անհրաժեշտության դեպքում էլի սահմաններ փակելու և որոշ թռիչքներ որոշ երկրների հետ չեղարկելու, անգամ պաշտոնական բոլոր հանդիպումները կասեցնելու հարցերը:

Եվ վերջում հավելենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ. այսպիսի բան նույնիսկ չէր հայտարարվել H1N1 համաճարակի ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել