«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետ Դավիթ Բեգինյանի՝ աշխատանքի ազատումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Բեգինյանին պետ աշխատելուց ութ ամիս անց առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին և դառնալ պետի տեղակալ, սակայն վերջինս նեղացել է այդ հանգամանքից և որոշել է ընդհանուր համակարգից ազատման դիմում գրել և հեռանալ:

«Ժողովուրդ» օրաթերթին նաև տեղեկություններ են հասել, թե ով է հավակնում դառնալ ԴԱՀԿ պետ. Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը:

Ինչպես հայտնի է, Դավիթ Բեգինյանը նշանակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, և աշխատանքից ազատման մասին տեղեկությունից հետո մամուլում լուրեր էին շրջանառվել, թե նա խնդիրներ է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ և այդ պատճառով է հեռացել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ իրականում պատճառը եղել է նեղվածությունն իր նկատմամբ վերաբերմունքից: Իհարկե, ամեն դեպքում Արդարադատության նախարարությունից Բեգինյանին հասկացրել են, որ նրանից դժգոհ են, քանի որ ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արել, այնինչ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի փոփոխություններ արվեին, որ ներքևից վերև բոլորը զգային հեղափոխության շունչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել