168.am-ը գրում է․

Մարտի 9-ին մամուլում տեղեկություն հրապարակվեց այն մասին, թե Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նա, ըստ աղբյուրի, աշխատանքային խնդիրներ ունի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, մասնավորապես՝ Գոգյանը հրաժարվում է կատարել նրա խնդրահարույց ցուցումները։ Պաշտոնից հրաժարվելու, ԲՈԿ գործունեության, առաջացած խնդիրների, գիտության ոլորտում արվող բարեփոխումների և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ:

– Թվերի մասին հետաքրքիր փաստեր կան, որոնցից մեկում  ասվում է. «Եթե դուք չեք սիրել և սիրում մաթեմատիկան, դժվար թե համաձայն չլինեք մտքի հետ, որ այն մեր կյանքում մեծ դեր ունի»: Պարո՛ն, Գոգյան, ի՞նչը Ձեզ տարավ թվերի աշխարհ:

– Ծնողներս փոքրուց նկատել են իմ հակումը դեպի ճշգրիտ գիտություններ՝ ֆիզիկա, մաթեմատիկա: Կոնկրետ չեմ կարող ասել` ի՞նչն ինձ տարավ այդ աշխարհ, բայց սեր կար:

– Սովորաբար  ճշգրիտ գիտություններ նախընտրող աշակերտները հումանիտար առարկաների դասերին խուսափում են նստել, փախչում են: Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել:

 Այդքան էլ այդպես չի եղել: Բնականաբար, եղել են սիրելի և ոչ սիրելի առարկաներ, բայց դրանք հիմնականում կապված են եղել ուսուցչի հետ: Ինձ բախտ է վիճակվել ունենալ հումանիտար առարկաների լավ ուսուցիչներ, սովորել եմ լավ դպրոցներում, հատկապես՝ «Շիրակացու ճեմարան»-ում:

– Վերջերս շատ քննարկվեց Հայոց լեզուն և Հայոց պատմությունը ոչ պարտադիր դարձնելու հարցը: Այդ բնագավառում սովորող շատ ուսանողներ ասում էին՝  անգամ դպրոցում չենք նստել տվյալ դասաժամերին, ուր մնաց՝ բուհում: Ի՞նչ  կարծիք ունեք հարցի վերաբերյալ:

– Դա մի քիչ պարզունակ բացատրություն է: Եթե դպրոցում դասի չեն նստել, ուրեմն համալսարանում էլ չանցնե՞ն: Միգուցե նրանք նաև Ֆիզիկա, Մաթեմատիկա առարկաների դասերին էլ չեն մասնակցել: Խնդիրն ուրիշ ոլորտից է գալիս: Երբ մենք պարտադրում ենք կոնկրետ առարկայի գոյությունը, առաջին հերթին՝  սահմանափակում ենք բոլոր առարկաների հավասարաչափության սկզբունքը: Եթե մենք ասում ենք, որ գիտխորհուրդը պետք է որոշի, թե ինչ առարկաներ անցնեն, եկե՛ք թողնենք նրան: Չեմ կարծում, որ «պարտադիր» բաղադրիչը հանելուց հետո գիտխորհուրդները կհավաքվեն ու կորոշեն, որ հայերեն ընդհանրապես չեն անցնում: Մոտեցումը հետևյալն է. եթե ասում ենք՝ Հայոց լեզու, ապա դասախոսը գալու է և սովորեցնելու է ուղղագրություն, որը ես անցել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում՝ 1998-99թթ.: Որպեսզի այդպես չլինի, գիտխորհուրդը կարող  է որոշել, որ, օրինակ, լինի գրագիտությունը՝ մաթեմատիկական տեքստերում, ինչը կբերի նաև հայերեն լեզվով  մաթեմատիկական տերմինների ներմուծմանը,  զարգացմանը: Նկատել եմ, որ ինֆորմատիկայի բնագավառում շատ են արտասահմանյան տերմինները: Նույնիսկ «քննարկում», «սեմինար» բառերի փոխարեն՝ ասում են «meeting», տեսքի դեպքում՝ «look»: Դա գալիս է նրանից, որ մեր ուսուցման գործընթացի ժամանակ նոր բառերը, մոտեցումները, ասել է թե՝ նոր կենսակերպը, չի թարգմանվում հայերեն:

– Նրանք էլ, ովքեր Հայոց լեզուն պարտադիր անցնելու կողմնակից են, մտավախություն ունեն, որ ոչ պարտադիրի դեպքում գուցե «վերևից» հրահանգ լինի, ու չանցնեն բուհում:

– Ինչպե՞ս կարող է «վերևից» նման հրահանգ լինել: Չեմ պատկերացնում: Հիմա, որ «վերևից» հրահանգ լինի՝ մասնագիտական առարկաներ չանցնել, կանցնեն, չէ՞: Չի կարող «վերևից» ինչ-որ առարկա անցնելու կամ չանցնելու հրահանգ լինել:

– ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում ավագ գիտաշխատող եք: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում ներկայացվել է Ակադեմիայի ինստիտուտները միավորելու կամ բուհերի կազմ ընդգրկելու հարցը: Ձեր ինստիտուտում հարցը քննարկվե՞լ է:

– Կարծես թե քննարկում եղել է, բայց չեմ կարողացել մասնակցել: Բայց ինձ թվում է՝ այնքան էլ միանշանակ չէ, որ պարտադրում են բուհերին միանալ, կարող են նաև ինքնուրույնությունը պահել: Գլխավոր սահմանափակումն այն է, որ իրենց նախաձեռնությամբ ասպիրանտներ չեն կարող ունենալ: Մոտեցումներն օրենքում վատը չեն, բայց դրանց իրականացման մեխանիզմները պետք է հստակ լինեն, որպեսզի իրականացման ընթացքում խեղաթյուրումներ չլինեն, որովհետև առանց ֆինանսական լուրջ ներդրումների՝ այդ ամբողջ գործընթացը կձախողվի: Այսօրվա դրությամբ, եթե նայենք, ապա ոչ մեկը չի սահմանափակում բուհերին՝ նորմալ, որակով գիտական աշխատություններ, ասպիրանտների թեմաներ հաստատել և հետազոտություններ կատարել, մինչդեռ այն չի իրագործվում: Այսինքն՝ այս օրենքի փոփոխությունը չէ, որ պետք է բերեր այդ խնդիրների լուծմանը: Այսօրվա օրենսդրական կարգավորումներով էլ շատ բան հնարավոր էր անել, եթե լիներ ճիշտ ուղղորդում, մոտիվացիայի ճիշտ բաշխում, այդ թվում նաև՝ ֆինանսական: Չմոռանանք, որ ֆինանսներով խրախուսումն աջակցության լավագույն մեթոդներից է:

– Այսինքն, լինի տարակարգում՝ ըստ արդյունավետության: Լավագույն ինստիտուտի ֆինանսավորումը շատ լիներ, մյուսներինը՝ քիչ:

– Մրցակցային դաշտում ռեյտինգավորումը պարտադիր պետք է լինի: Բացի դրանից՝ շատ ավելի պարզ մեխանիզմներ կային, որոնք ոչ մի ձևով չիրագործվեցին: Ես կողմ էի, որ կառավարությունը սահմաներ գլխավոր մի քանի խնդիրներ, որոնք պետք է դրվեին գիտական միջավայրի առջև, որպեսզի լուծեին: Դրանցից պարզագույնը, որ միշտ օրինակ եմ բերում, այն է, թե Հայաստանում որտե՞ղ  կառուցել 5 ջրամբարներ, որպեսզի մինիմալ ծախսերով մենք կարողանանք հնարավորինս շատ տարածքներ ջրով ապահովել: Հիմա Վեդիում կառուցում են, բայց արդյո՞ք դա լավագույն և ճիշտ որոշումն է: Եթե այդ խնդիրը դրվեր, օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիայի առջև, այնտեղ կա երկրաբանական գործունեություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա… այս դեպքում գուցե նաև «սուպեր» համակարգչի օգնությամբ, որը Ֆրանսիայում մեզ նվիրել էին, սակայն բերելու, ծախսերի  հետ կապված խնդիր կա, կմոդելավորեինք ամբողջ Հայաստանի եռաչափ քարտեզը, որը հետագայում ֆունդամենտալ շատ խնդիրների լուծմանը կհանգեցներ: Եթե նման խնդիրների դեպքում պետությունը ֆինանսավորի՝ կամա թե ակամա գիտական միջավայրը կսկսի փոխվել, ոչ թե այսօրվա դրությամբ կասեն՝ դուք հոդված եք գրում, մենք ձեզ ֆինանսավորում ենք, այլ՝ ստեղծում եք ռեալ արժեք, որն ազդեցություն կունենա արդյունաբերության, տնտեսության մեջ, և այդ թափանիվը կսկսի աշխատել: Մինչև այդպիսի մի քանի նախագիծ չլինի՝ կապի այս խզումը մնալու է՝ լինի նո՞ր, թե՞ հին օրենքը:

– Եթե ամեն դեպքում այս միավորումը լինի, ինստիտուտներն արդյունավետ կաշխատե՞ն:

– Այդ ուղղությամբ հետազոտություններ չեմ տեսել: Չգիտեմ, թե  որքան էֆեկտիվ կլինի միացումը կամ ոչ միացումը, բայց ինստիտուտներին որոշում կայացնելու որոշակի ազդեցություն պետք է տալ:

– Կարծիք կա, որ միավորման արդյունքում բուհերը, քանի որ ինքնավար են, կարող են գիտաշխատողների կրճատել: Նման մտավախություն ունե՞ք:

 Անկեղծ ասած՝ ունեմ մտավախություն: Իմ ճանաչած շատ լավ գիտնականներ խուսափում են բուհերին միանալուց, քանի որ ասում են՝ որակով մեր ինստիտուտն իր գիտական արդյունքով ավելի բարձր է, իսկ միացման արդյունքում հնարավոր է՝ ոչ թե մեզ տան դասաժամեր, այլ ուղղակի մեզանից կազատվեն: Եվ այդ լուծումների ռիսկայնության չեզոքացման մեխանիզմները պետք է հստակ լինեն:

– Դեռևս 2017թ. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի վերաբերյալ խոսելիս (հիշեցնեմ՝ նախատեսվում էր սահմանել մեկ՝ դոկտորի գիտական աստիճան)՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ դա իր կարծիքով՝ ամենամեծ սխալն է, թեկնածու գիտնականն այլևս շահագրգռություն չի ունենալու ավելի բարձր  մակարդակի գիտությամբ զբաղվել, կմտածի՝ այսպես թե այնպես դոկտոր է: Այս հարցը հիմա էլ է քննարկվում, որքանո՞վ է ճիշտ:

– Դա անխուսափելի է: Արդյունքում այդպես էլ լինելու է, բայց այսօրվա դրությամբ ովքե՞ր են բողոքում, որ թեկնածուներն իրականում գիտնական չեն: Այն դոկտորները, ովքեր այդ գիտնականներին տվել են գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Եթե նրանք գիտությունների թեկնածուին դիտարկում են՝  որպես ոչ գիտական աստիճան ունեցող, վիրավորական են համարում, որ իրենց հետ հավասարվեն, ուրեմն  իրենք սխալ են գործել: Ես գիտությունների դոկտոր եմ  և դեմ չեմ, որ այնպիսի գործընթաց լինի, որ մի քանի տարի հետո թեկնածուն ու դոկտորն իրենց մակարդակով դառնան հավասարազոր, որովհետև այսօրվա դրությամբ օրենքը գնում է հենց հետազոտական բաղադրիչին: Իսկ եթե թողնենք այսօրվա մեխանիզմը, ապա գիտությունների թեկնածուն լինելու է  անիմաստ մի գիտական աստիճան:

– Այսինքն՝ այս օրենքը գիտությանը վնաս չի հասցնելու:

 Գաղափարը լավն է, սակայն, եթե ռեալիզացիան սխալ անենք, գիտական աստիճանը լրիվ անիմաստ կդառնա:

– Մեր հասարակության մոտ դեռևս մնացել է այն մտածելակերպը, որ, եթե անգամ գիտությամբ չեն զբաղվելու, գոնե գիտության թեկնածու, դոկտոր դառնան, բայց գնան այլ ոլորտում աշխատելու…:

 Մարդկանց կողմից ինչ-որ ավելի կոչում, աստիճան ունենալը լրիվ բնական է: Չես կարող մարդուն արգելել լինել հարուստ, ավելի փառասեր, դա բնական երևույթ է: Այստեղ խնդիրն այն է, որ երբ գիտական համայնքը չունի իր իմաստը, մեր տնտեսության մեջ շատ վատ է ձևակերպված իմաստն ու կապը, այնտեղ գալիս են հազար ու մի թափթփուկներ:  Երբ գիտական ինստիտուտներն ունենան իրենց նպատակը, իրենց տնօրենները խնդիր դնեն և դրանով առաջնորդվեն, ոլորտն ավտոմատ կմաքրվի: Բայց եթե ունենանք վարկաբեկված միջավայր, որտեղ որակյալ կադրը ֆինանս չի կարողանում վաստակել և գնում է մասնավոր սեկտոր, բնականաբար, գալու են այն մարդիկ, ովքեր կբավարարվեն այդ քիչ ֆինանսով, և նրանց մի մասն էլ որակ չի ունենալու, գիտության հետ էլ կապ չի ունենալու:

– Որպես գիտության ոլորտի ներկայացուցիչ՝ Դուք ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում ոլորտում: Ի՞նչ անել, որպեսզի գիտնականը շարունակի աշխատել, ավելի բարձր աշխատավարձ ստանա..

– Ոլորտը բարեփոխելու երկու մոտեցում կա, որոնք կապված են ֆինանսական հոսքերի հետ: Կամ պետք է պետական ֆինանսավորումը տարվի պետական հիմնարկներ և խնդիր դրվի, որը ռեալիզացնելը կհանգեցնի տնտեսության շարժին, կամ ֆինանսը լինի տնտեսության մեջ, որն արտադրանք ստեղծելու համար կստեղծի բարենպաստ դաշտ, և արդյունքում՝ գիտական կազմակերպությունները և բուհերը կուզենան համագործակցել նրանց հետ: Բայց այսօրվա դրությամբ, երբ գիտաշխատողը ստանում է 120.000 դրամ աշխատավարձ, իսկ սկսնակ ծրագրավորողը, ով ունի առաջին կուրսի նորմալ գիտելիք՝ 250.000 դրամ, հնարավոր չէ, որ նրանք համագործակցեն:

 Դեռևս նախորդ կառավարության ժամանակ ասում էին, թե գիտնականը պետք է կարողանա ֆինանսներ բերել դրսից: Այս դեպքում գիտնականը բիզնեսմեն չի՞ դառնում:

 Այս ընկալման պատճառներից մեկն էլ այն է, որ մեզ մոտ գիտնականի և բիզնեսմենի արանքում բացակայում է մեկ շերտ, որը ձեռներեց ինժեներության շերտ պետք է լինի, որպեսզի բիզնեսի պահանջը հասկանալով՝ կարողանա պրոյեկտ նախագծել և գիտնականներին իրենց թիմերում ներառելով՝ տանել առաջ: Կայացած գիտական համակարգերում այդ մարդիկ նաև գիտնական են լինում, որովհետև ունենում են կառավարչական հմտութուններ, կրթություն: Այդպիսի բնագավառ կա՝ կրթության կառավարում, երբ կրթության և գիտելիքի ստեղծման գործընթացն ես կառավարում: Մեզ մոտ այդ շերտն իսպառ բացակայում է, դրա համար գիտնականը բիզնեսմենին ասում է՝ դու արի գիտական խնդիրը հստակ դիր, թիմ հավաքի՛ր, մենք աշխատենք, գիտնականին էլ ասում են՝ դե դու գնա բիզնեսի փողերը բեր՝ անենք: Եթե այսօր բնագետները բարձր տեխնոլոգիաների ոլորտից են խոսում, հումանիտար գիտություններից էլ շատերը խոսում են հ/կ-ների հետ համագործակցությունից,  փորձագիտական աշխատանքներ են կատարում, և սա չի թողնի, որ  որակյալ մասսա ձևավորվի:

– Հայ բիզնեսմեններն ինչո՞ւ են անհամբեր, չեն կարողանում հասկանալ, որ կարող է գիտնականի աշխատանքը 4 տարի տևել, բայց վերջում գյուտի արդյունքում կարող են նաև իրենք շահել:

 Վերջին տասնամյակում ինչպե՞ս են  եղել բիզնեսի վարման կանոնները: Պետք է համաձայնեցնես, որպեսզի քո ապահովությունն ունենաս, մոտակա 5 տարվա ընթացքում  կարողանաս գործ անել: Այսօր այդ կապերը չկան, մարդիկ երևի դեռ վախ ունեն ապագայի հանդեպ: Վառ տեսլականի համար ժամանակ է պետք: Եթե մարդը չիմանա, որ 10 տարի հետո ինքը դեռ շուկայում կլինի, դժվար թե 10 տարվա պլաններ նախագծի:

– Որպես ԲՈԿ նախագահ՝ 1.5 տարվա ընթացքում ի՞նչ հասցրեցիք անել ու ի՞նչ խնդիրների եք բախվել:

– Շատ բան փորձեցինք անել, բայց քիչ բան հաջողվեց, որովհետև ԲՈԿ-ը համակարգի մի փոքրիկ մասնիկ է, միայնակ ոչ մի բան ստեղծող չէ: Բավականաչափ թափանցիկություն կարողացել ենք ապահովել, ստեղծել ենք գիտական պորտալ, որտեղ շուտով երկու համալսարան դրանով կկազմակերպեն իրենց պաշտպանությունները: Եթե հաջողվի՝ բոլորի հետ դա կանենք: Մասնակիցներից մեկն Ագրարային համալսարանն է, որն այսօրվա դրությամբ, ինձ թվում է՝ ամենապրոգրեսիվ մտածող համալսարանն է: Բայց մեզ մոտ շատ լուրջ օրենսդրական խնդիրներ կան, որովհետև, երբ խիստ չես լինում, ոչ ոք քեզնից չի դժգոհում, սակայն պահանջկոտության դեպքում պարզվում է, որ  բոլորն օրենքի դաշտում փորձում են ամեն մի կետը մեկնաբանել:

Մեր կանոնակարգերը բավականաչափ վատն են, փորձեցինք մշակել, տեսքի բերել, հաստատել, բայց Արդարադատության նախարարությունից ասացին, որ օրենքի լիազորող նորմեր չունեն այն փոփոխելու համար: Ստիպված օրենքը պետք է փոխվեր, որպեսզի կանոնակարգերը կարողանայինք փոխել: Ցավոք, այդ օրենքը փոփոխել մեզ չստացվեց, և արդյունքում՝ վերջին մեկ տարվա ընթացքում, կարելի է ասել, շատ ավելի քիչ էֆեկտիվ ենք աշխատել, որովհետև մարդկային վերահսկողության ժամանակը սպառել ենք, ցանկանում ենք ինստիտուցիոնալ լուծում առաջ քաշել, որը դեռևս չի ստացվում:

Պետք է հստակեցնենք, թե ով է պատասխանատուն, որ դեպքում ինչ պետք է լինի: Դեպքեր կան, որ իրավական ծուղակի վիճակում են: Ասենք՝ գիտական աստիճանը տալիս ենք, սխալ ենք, չենք տալիս՝ սխալ ենք: Այսինքն, հիմա ինչպե՞ս անենք, որ հստակ կանոնակարգում լինի: Ես երբեք 70 էջ արտագրած ատենախոսության հեղինակին չեմ տա գիտական աստիճան, բայց օրենքներն այնպես են գրված, որ մարդիկ մի հատ էլ կարողանում են քննարկել, թե արդյո՞ք այդ 70  էջ արտագրածը բավարար հիմք է, որպեսզի գիտական աստիճան չշնորհվի: Եվ դա մեզ շատ խոցելի է դարձնում: Ամեն դեպքում, մենք արժեքային  հեղափոխություն ձևակերպեցինք և այն մինչև վերջ պետք է փորձենք տանել:

– Շա՞տ եք դիմումներ ստանում այն մասին, թե՝ ստուգեք սրա կամ նրա դոկտորական ատենախոսությունը:

– Նամակները հիմնականում անանուն են գալիս, իսկ մենք դրանց արձագանքելու իրավունք չունենք: Այստեղ նույնպես օրենսդրական շատ լուրջ խնդիրներ կան: Փորձեցինք ստեղծել ինստիտուցիոնալ մարմին, որը կոչվում է Էթիկայի հանձնաժողով: Գործառույթները կամրագրվեին օրենքով, և ցանկացած վիճահարույց իրավիճակում կտար իր գնահատականը: Կլինեին նաև սփյուռքից ներգրավված մարդիկ, նրանց կմիանային այդ բնագավառի մասնագետներ և կուսումնասիրեին, եզրակացություն կտային: Շատ դեպքերում հեշտ չի լինում մեղադրական եզրահանգումը տալ:

– Երբ մարդը պաշտոն է զբաղեցնում, սկսում են փորփրել նրա անցյալը, ատենախոսությունն արտագրելու մասին փաստեր հրապարակել: Ինչո՞ւ միայն պաշտոնյաների դեպքում:

– Եթե մարդը 1990-ական թթ. վերջերին պաշտպանել է ատենախոսությունը, բայց դրանից հետո կյանքում որևէ գիտական գործունեությամբ չի զբաղվել, չեմ  կարծում, որ իմաստ կա պետության ռեսուրսներն այդ ուղղությամբ ծախսել: ՀՀ-ում 10.000-ից ավելի ատենախոսություն կա պաշտպանված: Եթե օրը 3-ն էլ ուսումնասիրենք՝ 10 տարուց ավելի ժամանակ կպահանջվի: Բայց ցանկացած մարդ, ով պաշտոն է ստանում, հանրությունն իրավունք ունի նրա անցյալը մանրակրկիտ ուսումնասիրել, որի ականատեսը լինում ենք:

 Մարտի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ձեզ հրահանգել է Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանին գիտական աստիճանից զրկել՝ հենվելով նրա ատենախոսության վրա: Նման բան կա՞:

– Եթե այդպիսի հրահանգ լիներ, ես անմիջապես կզեկուցեի ՀՀ վարչապետին, որովհետև պաշտոնեական դիրքի չարաշահում կա: Բնականաբար, այդպիսի հրահանգ չի եղել, չի էլ կարող լինել: Իրավական գործընթաց կա, բայց ես իմ սկզբունքները պահելու եմ, համաչափ ենք լինելու բոլորի նկատմամբ: Այսինքն, եթե նույնիսկ օրենքն ասի, որ պետք է զրկենք գիտական աստիճանից ինչ-որ մեկին, ապա նման իրավիճակում եղած բոլոր մարդկանց զրկելու ենք: Եթե հնարավոր լինի՝ բոլորի նկատմամբ խիստ ենք լինելու, եթե ընտրովի լինի, ապա՝ ոչ:

– Արայիկ Հարությունյանի հետ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները:

– Գործնական: Աշխատանքային հարաբերություններ են:

– Այսինքն, չկա՞ որևէ հրահանգ, որը չեք պատրաստվում կատարել:

– Անօրինական հրահանգ չի կարող լինել:

– Ձեր պաշտոնանկության մասին լուրերին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել: Ինձ աշխատանքից ազատողը ՀՀ վարչապետն է, բայց երկու կողմից էլ որևէ քայլ չի կատարվել: Չգիտեմ, թե մամուլում այդ տեղեկությունները որտեղից են հայտնվել:

– Ո՞ր դեպքում կհրաժարվեք պաշտոնից:

– Երկու դեպքում: Երբ տեսնեմ, որ լրիվ անիմաստ է իմ գործունեությունը, կամ համարեմ, որ իմ կանխատեսած անելիքը կատարեցի: Երկրորդի հետ կապված շատ մեծ թերահավատություն ունեմ, որ կստացվի, որովհետև փակուղիները մեզ թույլ չտվեցին, որ օրենքները փոխվեն: Իսկ առաջին կետի դեպքում էլ կասեմ՝ դեռ աշխատում ենք, ինչ-որ օգուտ տալիս ենք: Քանի դեռ մեզ մոտ են գալիս հայցորդները, մեզ հարցեր են տալիս, և նրանց կարողանում ենք օժանդակել, շարունակելու ենք աշխատել:

– Ո՞ր ոլորտից են հիմնականում պաշտպանում ատենախոսություն:

– Տնտեսագիտությունից ատենախոսություն պաշտպանողների քանակը շատ նվազեց: Եթե 2018թ. 70 հոգի էր պաշտպանել, 2019թ. 34-ն է ստացել գիտական աստիճան: 2019թ. առաջատարը տեխնիկական գիտություններն էին, 40 պաշտպանություն եղավ՝ հիմնականում Պոլիտեխնիկական համալսարանից:

Անկում կա, հուսով ենք՝ մեր աշխատանքի և վերահսկողության արդյունքն է, ոչ թե՝ վախի մթնոլորտ տարածելու: Մենք փորձում ենք աջակցել, բայց պահանջում ենք պատասխանատվություն:

– ԲՈԿ-ի դեմ նաև դատական հայցեր կան:

– Մեկը տնտեսագիտության գործ է, որ խորհրդի 7 անդամից 6-ը պետք է կողմ քվեարկեր, բայց 5-ն է կողմ քվեարկել: Սակայն խորհուրդը սխալ որոշում է կայացրել և երաշխավորել է, որ նրանց հանձնվի գիտական աստիճան: Մենք չենք հանձնել, որովհետև քվեարկությամբ բավարար ձայներ չի հավաքել, և այդ հայցորդը դիմել է դատարան՝ նշելով, որ կանոնակարգը թույլ չի տալիս, որ անգամ անբավարար ձայների դեպքում ԲՈԿ-ը մերժի: Երկրորդ գործն էլ կապված է Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ: Հանձնաժողովին են դատի տվել, որի անդամներից էի նաև ես: Բայց դատարանը որոշեց, որ որպես երրորդ կողմ՝ պետք է ներգրավի նախարարությանը:

– Շատ հայցորդներ դժգոհում են, որ ԲՈԿ-ի կողմից չեն հավատարմագրվում շատ լուրջ մասնագետներ, ովքեր հանգամանքի բերումով կամ ժամանակի սության պատճառով չեն հասցրել վերջին մի քանի տարվա մեջ գիտական աշխատանքներ գրել, համապատասխան քանակի հոդվածաշար ունենալ, բայց իրենց ներուժով և մակարդակով ի զորու են արդյունավետ թեզ ղեկավարել, սակայն ձևական չափանիշերի պատճառով չեն կարողանում:

 Մենք փոփոխություններ էինք նախատեսում այդ ուղղությամբ: Կանոնակարգի նախկին տրամաբանությունը եղել է քանակը՝ մարդը պետք է ունենա շատ հոդված, շատ աշխատանք, ինչը բերել է գիտական հոդվածի արժեքի ինֆլյացիայի՝ որակական առումով, և արդյունքում՝ հոդվածների որակն ընկել է, որովհետև 5 տարում 10 հոդված գրելու պայման է եղել: Մարդիկ գրել են՝ առանց որակը վերահսկելու, հիմնվել են ամսագրեր, տարեգրքեր, որտեղ այդ ամեն ինչը տպագրվել է: Հենց մեր փոփոխության իմաստն էլ այն էր լինելու, որ մարդը եթե կարողանում է 3 տարում շատ որակյալ հոդված գրել, լինի շատ ավելի արժեքավոր, քան 30 անիմաստ հոդված գրողը: Հիշում եմ՝ մի հեքիաթ կար, բորենին գնում է առյուծին շնորհավորելու, որ ձագ է ունեցել, և ասում է՝ այս ինչո՞ւ ես դու միայն մեկ ձագ ունեցել, երբ ես կարողանում եմ միանգամից 5-6-ն ունենալ, պատասխանում է, թե՝ այո՛, իմը մեկն է, բայց առյուծ է, ոչ թե քեզ պես բորենի: Չեմ ասում, որ մեր համակարգում համատարած «բորենիներ» են, բայց այդ խնդիրը կա:  Շատ որակյալ կադրեր, այդ թվում՝ սփյուռքի մեր գիտնականները, տարին մեկ հոդված կարող են լավագույն դեպքում գրել, բայց այն ունենա շատ ավելի ընթերցող, քանի մի ամբողջ գիտական հանդես:

– Դժգոհություններ կան նաև թեզի ղեկավարներից: Ասում են՝ երբեմն նրանք 90 տարեկանից բարձր են, ու դժվար է նրանց հետ աշխատել:

– Դա ԲՈԿ-ի հետ կապ չունի, գիտական ղեկավարին նշանակում է բուհը՝ գիտխորհրդի որոշմամբ: Հիմա, թե ինչո՞ւ են  նշանակում, հին թեմաներ հաստատում, այստեղ չենք կարող խառնվել: Եվ այստեղ է իմ մեծ մտահոգությունը, որ օրենքի փոփոխությունը ոչինչ չի փոխի: Մեկ ամբիոնում մեկ հոգի է ասպիրանտի ղեկավար նշանակվում, ամբիոնում ուրիշ մեկը չկա, որ կարողանա ղեկավարել, նա ունի 15 պաշտպանած ասպիրանտ, բայց ոչ ոք բանի պետք չէ, որ ղեկավարի: Տեսնում ենք մեծ խնդիրներ, որոնք բուհերի կանոնակարգման ոլորտում են, բայց նրանց կողմից այդպիսի աշխատանք չենք տեսնում, ոչ էլ՝ ցանկություն:

– Նոր փոփոխություններով՝ մասնագիտական խորհուրդներից դժգոհ հայցորդը 3 հոգու կարող է առաջարկել. այստեղ կոռուպցիոն ռիսկ չկա՞:

 Այդ ռիսկի համար սկզբում շատերն էին ասում: Նոր կարգով մենք իրավունք ունեինք 3 հոգուց 1-ին փոխելու, և ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ. Երբ 3-ից մեկին փոխեցինք, 10-ից ավելի դեպք եղավ, որ երկուսը հրաժարվեցին կարծիք գրել: Դա այն եղանակն էր, որ խորհրդում չեղած մարդկանց կարողացանք աստիճանաշնորհման գործընթացում ինչ-որ ձևով ներգրավել: Եվ մենք հասկացանք, թե կլանային խմբեր որտեղ կան, ու փորձում ենք դրա դեմ պայքարել: Ցավոք, խորհրդի կազմում չենք կարող փոփոխություն կատարել, այն առաջարկվում է բուհի կողմից:

– Կարծիք կա, որ, երբ գիտությամբ զբաղվող մարդը պաշտոն զբաղեցնում է, գիտությամբ քիչ է զբաղվում: Ձեր դեպքում ինչպե՞ս եղավ:

– Ցավալի հարց է: Ես կարոտում եմ իմ գործունեությունը, որը ծավալել եմ: Այստեղ եկա ոչ թե նրա համար, որ պաշտոնյա լինեմ, այլ՝ իմ պատկերացրած գիտնականի արժեքների իդեալը կարողանամ համակարգում տարածել, բայց մեկ օր կվերադառնամ իմ գործունեությանը: Շարունակում եմ զբաղվել օլիմպիադաների  մասնակցող աշակերտների հարցով:

– Այսինքն՝ այլ պաշտոն չեք ցանկանա զբաղեցնել:

– Միարժեք չէ, որ ոչ մի պաշտոն չեմ ուզենա զբաղեցնել, բայց պետք է ավելի ստեղծարար լինի: ԲՈԿ-ը ստեղծարար հիմնարկ չէ, որպես այդպիսին՝ բարիք չի ստեղծում: Ցանկություն ունեմ իմ կրթական ծրագիրն առաջ տանել թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության մեջ և տեսնել, թե ինչ կստացվի: Դրանով զբաղվում էի վերջին 4 տարում: Կրթական qarakusi.am կայք էի սարքել, օլիմպիադաների մասնակցող և ցածր դասարանի երեխաների համար տրամաբանական խնդիրներ էինք տեղադրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել