Pastinfo.am-ը գրում է․

Գաղտնիք չէ, որ իշխող ուժը ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզչությունն ամբողջությամբ կառուցում եւ քարոզարշավն իրականացնում է «նախկինների» դեմ պայքարի սոուսով։

Սահմանադրական դատարանը՝ գործող կազմով Նիկոլ Փաշինյանը համարում է «քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդ», որը Փաշինյանի համոզմամբ, պետք է հեռանա։

Այս հայտարարությունը արձակուրդում գտնվող վարչապետը նախօրեին Ագարակում արեց։ ՍԴ դատավորներից ազատվելու նպատակն արդարացնելու համար իշխանությունը հայտարարում է, որ նրանք «նախկին» են ու իր պնդումը հիմնավորում է հայտարարություններով, թե ՍԴ գործող դատավորները, բացառությամբ երկուսի, նշանակվել են «նախկիններրի» օրոք, իսկ «նախկին» ասելով, Նիկոլ Փաշինյանն առավելապես նկատի ունի ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներին։ «Այո»-ի քարոզարշավին ակտիվ մասնակցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր վերահաստատել է «Այո»-ականների թեզը՝ հայտարարելով, թե ՍԴ-ի անդամներին ընտրել են նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Փաստերը, սակայն, վկայում են, որ առհասարակ, ՍԴ գործող դատավորներից եւ ոչ մեկը չի նշանակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում։

Այդ հարցում համոզվելու համար ընդամենը պետք է ծանոթանալ ՍԴ դատավորների նշանակումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությանը։ Այսպես ՍԴ հնաբնակ դատավորները նշանակվել են ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք։

Մասնավորապես, Ալվինա Գյուլումյանն առաջին անգամ ՍԴ դատավոր է նշանակվել 1996 թվականին, երբ ՀՀ նախագահ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 2003-2014 թվականներին Ալվինա Գյուլումյանն աշխատել է ՄԻԵԴ-ում՝ որպես ՄԻԵԴ դատավոր, որտեղից վերադառնալով Հայաստան 2014 թվականին, երբ ՀՀ նախագահ էր Սերժ Սարգսյանը, երկրորդ անգամ է նշանակվել Սահմանադրական դատարանի անդամ։ Նույն՝ 2014 թվականից Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Արայիկ Թունյանը։

ՍԴ -ի հնաբնակներից են նաեւ Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը։ Հրանտ Նազարյանը ՀՀ Նախագահի հրամանագրով 1996թ. փետրվարին, իսկ Ֆելիքս Թոխյանը՝ նշանակվել է 1997 թ. սեպտեմբերին են նշանակվել ՍԴ դատավորներ։

ՍԴ անդամ Աշոտ Խաչատրյանը պաշտոնավարում է 2010 թվականից։ 2010 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել նաեւ Արեւիկ Պետրոսյանը։

ՍԴ դատավորներից երկուսը՝ Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը պաշտոնավարում են 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Արման Դիլանյանը ԱԺ-ի կողմից ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 13-ին, իսկ Վահե Գրիգորյանը՝ 2019 թվականի հունիսի 18-ին։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թվականի մարտի 2-ին։ Նույն՝ 2018-ի մարտի 20-ին ԱԺ-ը Հրայր Թովմասյանը ընտրել է ՍԴ դատավոր։
Այսինքն, ՍԴ դատավորներից 3-ը՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը եւ Ֆելիքս Թոխյանը նշանակվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման օրոք։

Նրանցից Ալվինա Գյուլումյանը վերանշանակվել է 2014 թվականին՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին են պաշտոնն ստանձնել ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արեւիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

ՍԴ դատավորներից 2-ը՝ Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՍԴ որեւէ դատավոր չի նշանակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել