168.am-ը գրում է․

168.am-ի հետ զրույցում պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն անդրադարձել է Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական համապետական ընտրություններին:

– Ավելի վաղ մեզ հետ զրույցում համաձայնեցիք, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ այս անգամ կանխատեսելիությունը քիչ է: Արդեն երկու շաբաթ է՝ մեկնարկել է Արցախի նախագահի թեկնածուների և ԱԺ-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավը, ընտրությունների ելքի կանխատեսելիությունը մեծացե՞լ է, թե՞ մնացել նույն նվազ մակարդակում: Ըստ այդմ՝ կլինի՞ երկրորդ փուլ, եթե այո՝ ո՞ւմ միջև կընթանա պայքարը:

– Իհարկե, կա որոշակի կարծիք՝ ո՞ր ուժերն առաջնային հաղթելու հնարավորություն ունեն, բայց դեռ վաղ է ամբողջական պատկերի մասին խոսել, քանի որ մոտ 20 օր կա քարոզարշավի ավարտին: Ամեն մի իրադարձություն կամ մարտավարության փոփոխություն կարող է ազդել գործընթացի վրա: Սա առավելապես վերաբերում է կուսակցություններին և նախընտրական դաշինքներին: Ինչ վերաբերում է նախագահական ընտրությանը, դիտարկումների հիման վրա իմ անձնական կարծիքն է, որ 14 թեկնածուի դեպքում երկրորդ փուլն անխուսափելի է:

 Հայաստանյան ընտրությունների դեպքում միշտ ասում ենք, որ չկա գաղափարական պայքար, կա անձերի, հնարավորությունների պայքար: Կարծես՝ Արցախում նույնպես անձերի պայքար է, գուցե նաև՝ կենսագրության:

– Ցավոք, այո, օրեցօր անձնավորված պայքարն ավելի է մեծանում: Թեկնածուների կենսագրությունները կարևոր են, բայց պետք է նկատի ունենալ, որ այս ընտրություններում գործով վաստակած կենսագրություն, անցած ճանապարհ ունեցող անձինք հոգնակի թվով են՝ Դավիթ Իշխանյան, Վիտալի Բալասանյան, Աշոտ Ղուլյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան և այլք:

 Դուք՝ որպես արցախյան ազատամարտին մոտ կանգնած մարդ, ինչպե՞ս եք վերաբերվում երևույթին, երբ Արցախի հերոսները փորձում են միմյանց սևացնել, որակումներ տալ:

– Բնականաբար, վատ ու ցավով եմ վերաբերվում: Ինձ համար այս ամբողջ գործընթացն Արցախի անվտանգության խնդրի շրջանակում է: Լավ կլիներ, որ առողջ մթնոլորտում ընթանար այս նախընտրական պայքարը, լիներ ծրագրային հիմնավորումների ու քաղաքական բանավեճերի շրջանակում՝ զերծ մանիպուլյացիաներից: Ընտրություններից հետո կյանքը պետք է շարունակվի, պետք չէ կամուրջներն այրել, այլ տեղ թողնել հետագա համագործակցության համար՝ հանուն անկախ Արցախի:

 Ի դեպ, Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը պնդում են, որ իրենց դեմ սև PR-ի մեթոդներ են կիրառվում, ՀՅԴ-ի թեկնածուի և ՀՅԴ-ի նկատմամբ կա՞ նման բան:

– Անկեղծ ասեմ, որ, բացի Սամվել Բաբայանի տված մի հարցազրույցից, այլ քաղաքական ուժի կամ թեկնածուի կողմից դեռևս չեմ հանդիպել ՀՅԴ-ի հանդեպ սև PR-ի դրսևորում:

– Դաշնակցության ծրագրերն Արցախում առավել ընկալելի՞ են, քան ՀՀ-ում, ի՞նչ ելք կարելի է սպասել խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

– Արցախը ՀՅԴ ծրագրում առանցքային հարցերից մեկն է: ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որը ոչ միայն իր խոսքով, այլ նաև գործով մարմնավորում է «Զարգանանք՝ չզիջելո՛վ» կարգախոսը: Արցախցին միշտ իր կողքին, իր մեջ տեսնում է Դաշնակցության ներկայությունը, թե՛ մարտի մեջ, թե՛ ազատագրված տարածքներում ժամանակակից բնակավայրաշինության մեջ, թե միջազգային հարթակում՝ Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ տարվող լոբբինգային աշխատանքներում: Եվ որքան քաղաքականապես ավելի ներկայացուցչական ու հզոր լինի ՀՅԴ-ն Արցախում՝ է՛լ ավելի հզոր կլինի Արցախը: 1 գրամ անգամ կասկած չունեմ դրանում: Ցավոք, չնայած ՀՅԴ-ն ու իր թեկնածուն ամբողջությամբ նախընտրական պայքար են տանում իրատեսական ծրագրով՝ առանց մանիպուլյացիաների և կեղծ խոստումների, բայց ընդհանուր նախընտրական պայքարի մեջ տեսնում ենք ուժերի ու անձանց, որոնք անձնավորված ընտրապայքարի մեթոդներից չեն խուսափում, գործում են խնամի-ծանոթ-բարեկամ-ռեսուրսային խոստումների շղթաներ, պոպուլիստական խոստումներ և այլ դրսևորումներ:

Մնում է միայն ապավինել ընտրողների գիտակցությանը, կեղծն ու իրականը զանազանելու կարողությանը: Օրինակ, երեկ հանդիպեց մի դեպք, երբ արցախցի ընտրողը հարցադրում արեց նախընտրական դաշինքներից մեկի այն թեկնածուին, որը խոստանում էր, որ նախագահի իրենց թեկնածուի հաղթելու դեպքում կկրկնապատկվեն կամ կեռապատկվեն թոշակները: Գիտակից քաղաքացին հարցրեց՝ այդ ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով է բարձրացնելու թոշակները, երբ Արցախի կենսաթոշակային քաղաքականությունը սերտորեն կապված է ՀՀ քաղաքականության հետ, և Արցախում բարձրանում է միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ում են բարձրացնում: Սա հույս է տալիս, որ գիտակից ընտրողները շատ կլինեն, որոնք տուրք չեն տա պոպուլիստական խոստումներին ու հայտարարություններին և կնայեն այն քաղաքական ուժերին, որոնք հստակ և իրատեսական ծրագրեր կներկայացնեն: Ամփոփելով այս հարցը՝ վստահ եմ, որ ՀՅԴ-ն լինելու է Արցախի խորհրդարանում, և որքան մեծ լինի ՀՅԴ ներկայությունը, այնքան հզոր են լինելու Արցախը և Արցախի քաղաքացիները:

Եվ բացի դա՝ ՀՅԴ-ն այն ուժն է, որը քաղաքական պայքարի մեջ հավասարակշիռ է մրցակիցների հետ, որով չի այրում երկխոսության կամուրջները և վստահաբար կարող է ստանձնել բոլորին միավորողի դերը՝ հանուն հզոր, անվտանգ և առաջադեմ ապագայի:

 Արցախի խնդրի հարցում ծրագրային ի՞նչ տարբերություններ և ընդհանրություններ եք նկատել Արցախի  նախագահի թեկնածուների մոտ, կարծես թե «գլխավոր խաղացողները» դեմ են արտահայտվում մադրիդյան սկզբունքներին, թեպետ առավել կոշտ շեշտադրումներ արվում են Վիտալի Բալասանյանի կողմից:

– Բարեբախտաբար, թեկնածուների մեծ մասի մոտ ընդհանրություններ կան Արցախի խնդրի շուրջ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, չմոռանանք, որ շատերն անցել են քաղաքական պայքարի և պատերազմի 30-ամյա միևնույն բովով, թշնամի հակառակորդն անմիջական դռանը չոքած է, իսկ պատերազմը չի ավարտվել, ընդամենը զինադադար է, որը կարող է խախտվել Ադրբեջանի կողմից: Եվ այն ձեռքբերումները, որ առկա են՝ չեն ցանկանա զիջել: Սա գոյաբանական պայքար է, և շատերը դա հասկանում են: Մի քիչ կոշտ, մի քիչ մեղմ, բայց շատերը նույն գծի վրա են: Խնդիրն այլ է՝ որքանով ամուր և հաստատակամ կմնան, եթե ստանձնեն իշխանությունը: Այստեղ է, որ ընտրողը պետք է ուշադիր լինի: Ի՞նչ թիմով ու ռեսուրսներով է կարողանալու պահել իր անշեղ գիծը: Իսկ այն ուժերը, որոնք թշնամու հետ կեղծ և ուտոպիստական խաղաղասիրության դիրքերից են հանդես գալու, չեմ կարծում, որ լուրջ հաջողություն կգրանցեն: Ով՝ ով, բայց արցախցին գիտի, իր մաշկի վրա է զգացել, թե ով է ներկայիս հայատյաց Ադրբեջանը …

 Տեղեկություններ եղան, որ ՊԲ փոխգնդապետներից և գնդապետներից տարբեր թեկնածուների օգտին աշխատանքներ են տանում, ինչը թույլատրելի չէ, թեպետ ՊԲ –ից եղավ հայտարարություն, որ բանակին չպետք է խառնել քաղաքական խաղերին:

– Կարճ կասեմ. Բանակը՝ որպես կառույց, պետք է հեռու մնա քաղաքական պայքարից: Այն բոլորինս է՝ անկախ քաղաքական ուժերի վերադասավորումից: Անթույլատրելի է զինվորականության հրապարակային մասնակցությունը քարոզարշավին՝ այս կամ այն ուժի, այս կամ այն թեկնածուի օգտին: Բայց զինվորականներն էլ են քաղաքացի, հետևաբար՝ կարող են ընտրության օրը, ըստ իրենց անձնական կարծիքի ու գնահատականի՝ կատարել քաղաքացիական պարտքը:

– Առհասարակ զինվորականության շրջանում մասնատումն ի՞նչ վտանգներով է հղի:

– Զինվորականության շրջանում մասնատումը հանգեցնում է բանակի թուլացման, երկրի ֆիզիկական անվտանգության խափանման, որոնց հետևանքով՝ պետության կործանման: Պատմությունը՝ վկա՛:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել