168.am-ը գրում է․

Ամիսներ առաջ hայ-ռուսական մամուլն ու սոցիալական ցանցերը փոթորկած տեղեկությունների գլխավոր հերոսը՝ ռուս ընդդիմադիր ակտիվիստ Վիտալի Շիշկինը, լքել է Հայաստանի Հանրապետությունը: 2019 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել Հայաստանում նույն թվականի փետրվար ամսից, ինչը ոչ այնքան հաճելի իրադարձություն էր հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում:

Մամուլում երկարատև քննարկումների առարկա դարձավ այն հանգամանքը, որ ՀՀ-ն քաղաքական ապաստան է տրամադրել ռուս ընդդիմադիր ակտիվիստին: Թեև Հայաստանի միգրացիոն ծառայության լրատվության բաժնից տեղեկացրել էին, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել, այդ շրջանում Շիշկինին Հայաստանում ապաստան տրամադրելու թեման վերաճեց հայ-ռուսական հարաբերություններում այդ փուլի լարվածության հերթական թեմայի, որը մեկնաբանում էին թե տեղացի, թե ռուսաստանցի քաղաքագետները, կանխատեսում, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի Հայաստանի այդ քայլը, քանի որ ՀՀ իշխանությունները պատահական չեն նման որոշում կայացրել: Կարծիքներ էին շրջանառվում նույնիսկ, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի ՌԴ-ի հետ՝ մեղմելու այս քայլի հնարավոր հետևանքները, քանի որ ներքին անձնագրով ՀՀ այցելելու հնարավորության վերացումը կարող էր լուրջ հարված լինել տուրիզմի համար, քանի որ ՌԴ քաղաքացիների մեծ մասը հենց ներքին անձնագրով էր ժամանում Հայաստան: Ներքին անձնագրով էր ժամանել նաև Շիշկինը:

Այդ շրջանում Վիտալի Շիշկինը բաց չէր թողնում հարցազրույցներ տալու որևէ հնարավորություն, գովեստի խոսքեր ձոնում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, իշխանությունների քայլերին, աննախադեպ ժողովրդավարական ձեռքբերումներին: 168.am-ի հետ զրույցում ամիսներ առաջ Շիշկինը նաև նշել էր. «Ես փաստաթղթերս Հայաստանին եմ ներկայացրել, քանի որ ուրախ եմ, որ ձեր երկրում մեկ տարի առաջ հեղափոխություն է տեղի ունեցել, Հայաստանն ընդունել է փախստականների մասին նոր օրենսդրություն, որը ներկայում կարելի է համարել ամենաժողովրդավարական և ամենալավերից մեկն աշխարհում, քանի որ Հայաստանը տրամադրում է հիանալի պայմաններ այն անձանց, որոնք հետապնդվում են իրենց երկրներում, այդ թվում՝ հոգևոր և քաղաքական պատճառներով, և, եթե ինչ-որ տեղերում պատերազմներ են տեղի ունենում:

Որոշումը կայացվել է օգոստոսի 22-ին, և միայն սեպտեմբերի 3-ին եմ ես փաստաթղթեր ներկայացրել անձնագիր ստանալու համար: Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին իր նոր օրենքների և օրենսդրության համար և նրա համար, որ դուք իսկապես սկսել եք կառուցել հիանալի պետություն՝ ժողովրդավարական, հիմնված արդարադատության, օրենքների վրա»: Սակայն ուշագրավն այն է, որ այս մեծ աղմուկից հետո Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և ժողովրդավարական առաջընթացով հիացած Վիտալի Շիշկինը մարտի սկզբին լքել է Հայաստանը՝ բնակություն հաստատելով Բուլղարիայում: Ռուս գործիչն անձամբ իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ բնակություն է հաստատել Սոֆիա քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել