Hraparak.am-ը գրում է․

Մի քանի օր է՝ համացանցը քննարկում է մետրոյում վարչապետի քարոզչական բուկլետը պատռած աղջկա վարքագիծը: Նրա հասցեին հնչում են վարկաբեկիչ արտահայտություններ, հայհոյանքներ: Իսկ ոմանք կատարվածը համարում են վարչապետի կողմից կազմակերպված բեմականացում, որ ցույց տա, թե ինքը որքան լավն է Քոչարյանից, որ աղջկան «մոտակա զուգարանում չեն սպանում»: Որ վարչապետը, իսկապես, բեմականացումների մեծ սիրահար է, դա բացառված չէ, բայց ելնենք նրանից, որ կատարվածը բեմականացում չէր, եւ աղջիկն արտահայտեց իր վերաբերմունքը վարչապետի եւ նրա անձնական ամբիցիաներին հագուրդ տալուն ուղղված հանրաքվեի նկատմամբ:

Ինչո՞ւ են համացանցի կեղծ բարեպաշտները խառնվել իրար ու այդպես վրդովվել: Իհարկե, արարքը գեղեցիկ չէ, երբ երիտասարդ աղջիկն այդպես է վարվում մի մարդու հետ, ով, անկախ զբաղեցրած պաշտոնից, հավանաբար, իր հոր հասակակիցն է: Բայց չմոռանանք, որ վերջին 2 տարում մենք նման տեսարանների հաճախ ենք հանդիպում, եւ նման վարքագիծն արդեն չի զարմացնում: 

Հիշենք ոչ հեռավոր անցյալի դեպքերը, երբ ԵՊՀ ուսանողները փակել էին ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակի դուռը եւ թույլ չէին տալիս նրան դուրս գալ, հետո արգելում էին դուրս գալ նիստերի դահլիճից եւ վանկարկում էին. «Արամ, հեռացի՛ր, ԵՊՀ-ն մոռացի՛ր»: Ռեկտորը խնդրում էր ուսանողներին հարգել իր տարիքը եւ թույլ տալ, որ անցնի: Բանը հասավ նրան, որ ռեկտորի վիճակը կտրուկ վատացավ, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց: Արամը, որին դիմում էին ուսանողները, ոչ թե ուսանողների կողքի բակի տղաներից էր, այլ՝ պատկառելի տարիքի մարդ, ով մի քանի սերունդ է կրթել։ Ինչո՞ւ համացանցի կեղծ բարեպաշտները չէին վրդովվում, թե «Ռեստարտի» պահվածքն անդաստիարակություն է: Հակառակը, քաջալերում էին, թե երիտասարդները քաղաքական կամքն են արտահայտում: Մետրոյի աղջիկը նույնպես արտահայտեց իր քաղաքական կամքը: 

Հիշենք նաեւ, թե ինչ եղավ, երբ կաթողիկոսն ուխտի էր մեկնել Գնդեվանք. այնտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն արգելափակել էին վեհափառի տեղաշարժի ճանապարհը եւ պահանջում էին, որ ապաշխարի եւ հրաժարվի աթոռից: Անկախ այն բանից, թե հասարակությունը Գարեգին Բ-ին ինչպիսի աշխարհիկ մեղքերի մեջ է մեղադրում եւ ինչ անվստահություն ունի նրա նկատմամբ, կատարվածն անթույլատրելի էր: Բայց այսօրվա համացանցային կեղծ բարեպաշտները լուռ էին ու չէին բզկտում վեհափառի կարգավիճակը եւ տարիքը չհարգող «հավատավորներին»: Եվս մեկ դրվագ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ասուլիս տար «Էրեբունի պլազայում», անվտանգության աշխատակիցներին շրջանցելով՝ բիզնես կենտրոն էին ներխուժել «Պրիվե՛տ, Ռո՛բ» ակցիայի մասնակիցները, մտել սրահ, որտեղ երկրորդ նախագահին սպասում էին լրագրողները: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Մարդասպան, ցմահ ազատազրկում»։ Ոմանք բղավում էին, որ Ռոբերտ Քոչարյանն այստեղ ապրելու իրավունք չունի։ Հետաքրքրականն այն է, որ երկրորդ նախագահի հասցեին անվայելուչ արտահայտություններ էին հնչեցնում երիտասարդներ, որոնք, հավանաբար, Քոչարյանի նախագահության տարիներին եղել են նախադպրոցական տարիքի կամ տարրական դասարանների աշակերտներ: Հետեւաբար, չէին կարող հիշել նրա կատարած ո՛չ լավ, ո՛չ էլ վատ արարքները: Երիտասարդներն այդ օրը լռեցրին Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահին, Արցախյան պատերազմում ներդրում ունեցած զինվորականին: Համացանցային բարեպաշտները դարձյալ լուռ էին: Լուռ էին նաեւ այն ժամանակ, երբ երիտասարդները ողջ-ողջ «թաղում էին» ՀՀԿ-ականներին: Լուռ էին նաեւ Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունը:

Իսկ երբ ՀՅԴ-ական երիտաասարդները պահանջում էին ԿԳՄՍ նախարար, Փաշինյանի քայլընկեր Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Փաշինյանն ակտիվիստներին լռեցնելու ձեւը գտավ՝ նրանց տանում էին ոստիկանություն: Իսկ վերոնշյալ դեպքերում ոչ ոք չէր արձագանքում երիտասարդների, մեղմ ասած՝ վատ պահվածքին: Դա հետեւանքն է այն բանի, որ Փաշինյանն ինքն է չհայտարարված պատերազմ սկսել ավագ սերնդի դեմ, երիտասարդներին էլ ներքաշել է այդ պատերազմի մեջ: Ավագ սերնդին մերժում են, ոտնահարում, վիրավորում ամենուր՝ պետական կառույցներում, քաղաքականության մեջ, մշակույթի, կրթության ոլորտներում: Դեղնակտուց իշխանավորները ոչնչացնում են այն ամենը, ինչը ստեղծել է ավագ սերունդը: Երիտասարդ իմքայլական պատգամավորը ավագ սերնդի հրատարակած Այբբենարանն առաջարկում է աղբարկղը նետել՝ հաշվի չառնելով, որ այդ դասագրքով սերունդներ են կրթվել: Նույնկերպ էլ վարվեց մետրոյի աղջիկը… նա էլ չի հավանում Փաշինյանի նվիրած հպարտ քաղաքացու անձնագիրն ու հանրաքվեի «այո»-ն: Ի՞նչ է պատահել: Ի վերջո, այդ աղջիկն ավելի վատ դաստիարակություն չունի, քան համացանցում սեռական հայհոյանքներ տարածող կանայք, քան անիծող տղամարդիկ: Սա այն ատելության խոսքի եւ չարության տարածման արդյունքն է, որի հեղինակը վարչապետն է: Այնպես որ՝ ինչ ցանես, այն կհնձես: 

Մի դիտարկում եւս. Փաշինյանի՝ արտաքուստ մեղմ պատասխանն աղջկան դիտարկվում է որպես նրա մեծահոգության ու ժողովրդավար լինելու փաստ: Իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ ամենը տեղի չունենար ուղիղ եթերում, եւ ոչ ոք չտեսներ կատարվածը: Երբ հանրությունը տեսավ այդ ամենը, պարզ չէ՞, որ եթե աղջկա գլխից մեկ մազ անգամ պակասեր, ապա մեղքը մնալու էր վարչապետի վրա: Իսկ ի՞նչ ժողովրդավարության ու բարության մասին է խոսքը, երբ մեկ օր անց ոստիկանությունը մի ամբողջ զորքով գրոհում է Վստրեչի Ապերի տան վրա ու, չխնայելով ո՛չ այնտեղ գտնվող կանանց, ո՛չ էլ մանկահասակ երեխային, «սարսափ-ֆիլմ է նկարահանում», ինչի արդյունքում հնգամյա աղջնակը սթրես է ապրում…

ՀԳ․ Իսկ ինչ վերաբերում է «Պրիվե՛տ, Ռոբ»-ին, ապա կառավարության առջեւ բողոքի ակցիա անող, Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը նախկին մարզպետի մասնակցությամբ մերօրյա «Պրիվե՛տ, Ռո՛բ»-ի մասին է ահազանգում: Մինչդեռ իրավապահները չեն լսում նրա ձայնը, գործն ուզում են կոծկել, այն դեպքում, երբ զինվորականը մահամերձ վիճակում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել