Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանն այսօր հրաժարվել է նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման դեմ ներկայացրած բողոքից։ Դատարանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ նախքան նիստի մեկնարկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբան Գեորգի Մելիքյանն ասել էր, որ հետ են վերցնելու բողոքը, քանի որ գտնում են՝ արդեն կա օրինական ուժի մեջ մտած որոշում՝ Վերաքննիչ դատարանի որոշումը, որով ոչ իրավաչափ է ճանաչվել քրեական գործ հարուցելու մասին որոշումը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վիճարկվել էր վերադասության կարգով: Վերաքննիչ դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բեկանել է այն: «Ըստ էության դատարանը բեկանելու հիմք էր դիտարկել այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,- «Փաստինֆո»-ին ասել էր Գեորգի Մելիքյանը։

Դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի այդ որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել, հետևապես դա պարտավորեցնում է վարույթն իրականացնող մարմնին քրեական գործ հարուցելու որոշումը ճանաչել ոչ իրավաչափ. «Քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախաքննությունը սկսվում է քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման պահից։ Եթե քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ է դառնում, բացառվում է նախաքննության իրականացումը»,-նշեց Գեորգի Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրեական գործի շրջանակում խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել: Թեեւ անգամ ԲԴԽ-ն հայտարարել էր, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը: Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել