Pastinfo.am-ը գրում է.

«Այսպես կոչված, այլընտրանքային քննչական մարմին հասկացությունը ոչ թե ինչ-որ իրավական կատեգորիա է, այլ դա պայմանական անվանում է, վարչապետը հո՞ հրաման չի ստորագրել՝ ստեղծել քննչական մարմին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի քննության նպատակով այլընտրանքային քննչական խումբ ստեղծելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, որը նա արեց սեւազգեստ մայրերի հետ հանդիպմանը՝ մարտի 8-ին։

Ըստ իրավապաշտպանի, տուժածների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կարող է ստեղծվել նման խումբ, որը փաստաբանական խումբն է եւ, որը որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, գործերն ուսումնասիրում է եւ միջնորդություններ է ներկայացնում։ Իրավական ընթացակարգի առումով Սաքունցը խնդիր չի տեսնում։ « Դա անկախ նրանից, վարչապետը կասի թե ոչ, կարող է ստեղծվել՝ նույնիսկ հասարակական նախաձեռնությամբ եւ մեկ կամ երկու գործով փաստաբանները հավաքվում եւ միասին են աշխատում, բայց այստեղ բուն խնդիրն այն է, որ սա որոշակի հարցերի արձանագրում է՝ քննչական մարմինների արդյունավետության հետ կապված եւ այստեղ, իհարկե, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման խնդրի մասին է խոսքը»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այս մասին իրենք մշտապես են խոսել եւ հայտարարել, որ արմատական, ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով է հնարավոր խնդիրները լուծել։

Հիշեցնենք, որ Մարտի 8-ի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել նրանց ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը: Բոլոր իրավաբանների ծախսերը, ըստ վարչապետի, կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է, որ քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:

«Խումբը կարող է տալ դատավարական եւ օպերատիվ հետախուզական հանձնարարականներ։ Դուք ասում եք՝ վատ է քննված գործը, դե ֆակտո վերցրեք, էդ գործը դուք քննեք»,- սեւազգեստ մայրերի հետ հանդիպմանը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Հարցին, արդյո՞ք կամայական ստեղծված մարմինը կոնկրետ քրեական գործերով քննություն իրականացնելու իրավունք կարող է ունենալ, օրինակ, կարո՞ղ է արդյոք քննչական գործողություններ իրականացնել, իրավապաշտպանը պատասխանեց. «Ներողություն , դա քննչական մարմին չի կարող հանդիսանալ»։
Ըստ Սաքունցի, վարչապետը չի կարող հրաման ստորագրել՝ ստեղծել քննչական մարմին եւ այստեղ չպետք է մութ սենյակում կատու փնտրել ։ Այդ խումբը, ինչպես իրավապաշտպանն է կարծում, կարող է ստեղծել քննչական կոմիտեն՝ ներգրավելով քննիչների, որոնք այդ գործերի հետ առնչություն չեն ունեցել։
«Խոսքը էստեղ հստակ վերաբերում է հենց էդ քննչական մարմնի ՝ ինստիտուցիոնալ չբարեփոխված լինելուն»,-շեշտում է Սաքունցը ՝ հավելելով որ սա առհասարակ խնդրի լուծման հատային տարբերակ, մինչդեռ իրենք՝ քաղհասարակությունը ինստիտուցիոնալ մոտեցման կողմնակից են։ «Մենք ժամանակին ու մինչեւ հիմա էլ պնդում ենք դա։ Մենք մշտապես դնում ենք արմատական փոփոխության ենթարկելու հարցը, որպեսզի տուժողների իրավահաջորդները ստիպված չլինեն գնալ վարչապետի կամ այլ մարմնի մոտ՝ իրավիճակից ելք գտնելու այլ տարբերակներ չտեսնելով։ Ճիշտ է՝ դատաիրավական բարեփոխումներով նախատեսվում է զտում, որը իր ժամանակացույցն ունի, բայց խնդիրների տեսանկյունից ժամանակային առումով ուշանում է »։

Իրավապաշտպանը համոզված է՝ առանց այդ զտման եւ բարեվարքության մեխանիզմի իրականացման, քննչական մարմինների որակը, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը չեն կարող մեծանալ. «Ես խնդրի լուծումը ինստիտուտի փոփոխության մեջ եմ տեսնում, այսինքն, մարմինը, որը պատասխանատուն է քրեական գործերով արդյունավետ, օբյեկտիվ բազմակողմանի եւ լրիվ քննություն իրականացնելու համար պետք է այդ չափանիշներին համապատասխանի»։

Արթուր Սաքունցի խոսքով, իրենց փորձը վկայում է, որ մահվան ելքերով զինվորական հանցագործությունների հետ կապված որեւէ գործ ամբողջությամբ չի համապատասխանել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության չափանիշներին՝ տարբեր պատճառներով, քաղաքականից մինչեւ այլ՝ գերատեսչական ու կոռուպցիոն գործոններ։ Բացի առանձին քննիչների բարեվարքության ու որակական, մասնագիտական կարողությունների խնդրից նա նաեւ քննչական մարմնի կարողության մեծացման անհրաժեշտություն է տեսնում ՝ շեշտելով, որ քննչական մարմնի ծանրաբեռնվածությունը շատ մեծ է։ «Մեկ քննիչի կողմից քննվող գործերի քանակը էն աստիճանի է, որ որակի վրա էական ազդեցություն է թողնում, առանց այն էլ, քննիչների հետ խնդիրներ ունենք, որ տարիներ շարունակ հենց նույն գործերով քննություն են իրականացրել եւ կա անվստահություն, դա քիչ է, ավելանում է նաեւ օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը»։
Ինչ վերաբերում է քննչական կոմիտեի կազմում արդեն իսկ ստեղծված աշխատանքային խմբին, որի կազմում նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչներ են ընդգրկված, Արթուր Սաքունցն ասաց, որ այն անարդյունավետ էր մի քանի պատճառներով։

«Նախ, ՀԿ-ները այդ ռեսուրսը չունեին, որովհետեւ լրացուցիչ բեռ էր եւ դա ժամանակ էր պահանջում, բայց հիմա այդ փաստաբանների համար, որոնք կներգրավվեն, հնարավորություն կստեղծի միայն զբաղվել դրանով, որովհետեւ դրանք 15-20 հատորանոց գործեր են»։

Սաքունցն ասում է՝ անցումային փուլում պետությունը ստիպված է լինելու մարտահրավերները լուծել՝ միաժամանակ համակարգային փոփոխություններ կատարելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել