Pastinfo.am-ը գրում է․

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով , նպատակահարմար կլիներ, որպեսզի վարչապետին սպասարկող ուղղաթիռի ծախսը կատարվեր ոչ թե պետբյուջեից, այլ՝ «Այո»-ի քարոզարշավի նախընտրական հիմնադրամից։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի՝ «Այո» -ի քարոզարշավին մասնակցելու նպատակով իրեն ուղեկցող անձանց՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Այո» շտաբի պետ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ միասին Սյունիք է մեկնել ծառայողական ուղղաթիռով, որը նախատեսված է ՀՀ վարչապետին սպասարկելու համար։

Ավելին, Փաշինյանը հենց ուղղաթիռից ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, որ Ագարակ են հասնում ու «Այո»-ի քարոզարշավը կսկսեն Հայաստանի ամենահարավային կետից։

«Ճիշտ կլիներ, որ դա օգտագործվեր, բայց զուտ ֆինանսական իմաստով որպես նախընտրական քարոզչության հիմնադրամի ծախս գնար»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Վարուժան Հոկտանյանը։

Անդրադառնալով քննարկումներին, թե արդյո՞ք ուղղաթիռի շահագործումը չի դիտարկվում որպես վարչական ռեսուրսի օգտագործում, Վարուժան Հոկտանյանը մատնանշեց ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդված 2-րդ կետը, որով արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։ Հոկտանյանի խոսքով, թերեւս ուղղաթիռի օգտագործումը դիտարկվել է այդ միջոցառումների շարքում։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդված 5-րդ կետով էլ, վարչապետը իրավունք չունի հրաժարվել այդ միջոցներից եւ, Վարուժան Հոկտանյանի խոսքով, մնում է պարզել՝ արդյո՞ք ուղղաթիռը մտնում է այդ միջոցների մեջ։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքային ժամին քարոզարշավին մասնակցելու փաստին, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Ես լավ հիշում եմ, որ այն ժամանակ՝ 2012-13 թթ-ին , ՀՀԿ-ականներից մեկը ինձ համոզում էր, որ քաղաքական պաշտոնյաները, որոնց աշխատանքային օրը նորմավորված չէ, կարող են աշխատանքի ժամին քարոզչություն անել, հետո՝ 18.00-ից հետո աշխատել դրա փոխարեն։ Կարող է հիմա էլ էդպես ասեն։ Արտաքին նմանություն շատ կա նախկինների հետ» ։

Նկատենք, որ ի տարբերություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ԿԳՄՍ նախարարի՝ արձակուրդի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը գոնե մինչեւ այս պահը չի հրապարակվել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարի խոսքով, ֆորմալ առումով իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ամեն ինչ կարող է բացատրել, բայց ոչ ֆորմալ տեսանկյունից, նրա համոզմամբ՝ խնդիրը էթիկական է։

«Ինձ համար խնդիրը իրենց՝ գնալ-չգնալը չէ, որովհետեւ մինչեւ հիմա ոչ ոք չի գնահատել, թե այդ ամենը ընտրողի, իսկ տվյալ դեպքում՝ հանրաքվեին մասնակցող քաղաքացու որոշման վրա ինչպես է ազդում։ Դա չի ուսումնասիրվել, ի տարբերություն զարգացած շատ երկրների»,-նշեց Հոկտանյանը՝ շեշտելով, առհասարակ, պետք է տարանջատել չարաշահումները, որոնք ավելի լուրջ հետեւանքների կարող են բերել։

«Լավ, ասենք, գնաց ուղղաթիռով, նախարարը գնաց, դա քանի՞ տոկոսով ավելացրեց «այո»-ները, որեւէ մեկը հաշվարկե՞լ է, բայց հստակ կարելի է ասել, որ երբ մարզպետները գյուղապետերին կանչում են եւ պլան են դնում, թե այ այսքան պետք է ապահովեք, դա ազդում է։ Այն ժամանակ այդպես էր, հուսանք՝ հիմա այդպես չէ։ Կամ այն ժամանակ, հիշո՞ւմ եք «Սաս»-ի Արտակի հետ կապված պատմությունը, պետք է նայել՝ հիմա նույնը կա՞, թաղային հեղինակություններն էին այն տարիներին ընտրական գործընթացների ակտիվ մասնակիցներ դառնում, որոնց հիմա քրեական ենթամշակույթ կրողներ են անվանում, պետք է դա նայել, արդյո՞ք նրանք հիմա դառել են ընտրական գործընթացների ակտիվ մասնակից, որովհետեւ դա անուղղակի ձեւով վարչական ռեսուրսի չարաշահում է»։

«Ոչ» քարոզչական կողմը խնդրին այլ կերպ է նայում։ «Ոչ»-ում նշում են՝ վարչապետը սահմանված կարգով կարող է օգտվել անվտանգության միջոցներից, բայց չի կարող օգտագործել այնպիսի միջոց, որը հասու չէ մյուս կողմին ։

«Մեքենաները մեզ հասու են, բայց ուղղաթիռը՝ ոչ։ Դրանով մենաշնորհային միջոց է օգտագործվում։ Մենք դիտարկում ենք, որ անվտանգության միջոցի անվան տակ հակառակ կողմը ստանում է շատ ավելի հարմար եւ շատ ավելի արագ մենաշնորհային փոխադրամիջոցից օգտվելու հնարավորությունը։ Էլի թող անվտանգությունն ապահովեն, բայց այնպես, որ առավելություն չլինի»,- «Փաստինֆո»-ին փոխանցեցին «Ոչ»-ի շտաբից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել