24news.am-ը գրում է․

«Սամվել Մայրապետյանը երբեք չի հրաժարվել Հայաստան վերադառնալուց: Իմ տեղեկություններով՝ նա դեռևս Գերմանիայում իր բուժումն է շարունակում, հենց ավարտվեն բուժումները, նա պատրաստ կլինի Հայաստան վերադառնալ: Ես չեմ կարծում, որ Մայրապետյանը կխուսափեր նախաքննական մարմին ներկայանալուց, ես նրանից այդպիսի բան չեմ սպասում», - 24News-ի հետ զրույցում նշեց գլխավոր նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, որն անձնական երաշխավորություն էր ներկայացրել և 15 միլիոն դրամ էր վճարել գործարար Սամվել Մայրապետյանի համար, որպեսզի նա կարողանար արտասահմանում բուժում ստանար: 

Ֆանարջյանը նշեց, որ Մայրապետյանի գործով վերջերս հարցաքննվել է, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել: 

24News-ը զրուցեց նաև Մայրապետյանի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ։ 

«ՀՔԾ-ի հայտարարությունն այն մասին, որ Մայրապետյանը խուսափել է նախաքննական մարմին ներկայանալուց, իրականությանը չի համապատասխանում: Մայրապետյանը բուժման նպատակով է երկրից դուրս գտնվում, այս ընթացքում նա բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել: Այս պահին նա բժիշկների հսկողության տակ է և պատրաստվում է ևս մեկ վիրահատության: Փաստորեն վարույթ իրականացնող մարմինը չի սպասել, որ Մայրապետյանն իր բուժումն իրականացնի և ձեռնարկում է միջոցներ, որ Մայրապետյանին զրկի բուժում ստանալու հնարավորությունից», - նշեց փաստաբանը։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ որևէ հստակ ժամկետ չէր նշանակվել, թե երբ պետք է Մայրապետյանը վերադառնար Հայաստան: 

«Իրե՞նք են բժիշկները, որ որոշեն, թե երբ պետք է վիրահատությունը կատարվի, երբ ավարտվի բուժումը: Մայրապետյանն այս պահին այնպիսի բուժում է ստանում, որը Հայաստանում ընդհանրապես չի կատարվում։ Այս պայմաններում արդեն Մայրապետյանը չի էլ կարող վիրահատվել, բայց եթե նա Հայաստան վերադառնա, նրա կյանքին վտանգ կսպառնա», - պնդեց փաստաբանը։
Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինն ակնհայտ խտրական վերաբերմունք ունի Սամվել Մայրապետյանի նկատմամբ։ Նա նաև նշեց, որ ՀՔԾ-ին տրամադրվել են Մայրապետյանի բուժման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։

Լուսինե Սահակյանը շեշտեց, որ դիմելու են Եվրոպական դատարան, որպեսզի Մայրապետյանը պատճաշ բուժում ստանա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ինչից հետո միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրան կալանավորելու համար, ինչը բավարարվել էր։ Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, անձնական երաշխավորություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:

Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել 2018–ին` ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին: 2019–ի հունվարին ՀՔԾ–ն Մայրապետյանին թույլ է տվել բուժման նպատակով մեկնել Հայաստանից։

Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել